
Citylife.am- Նառա՛, գրեթե բոլոր դերասաններն իրենց առաջին քայլերը սկսել են որևէ քաստինգի մասնակցելով. ինչպե°ս ստացվեց Ձեր մուտքը՝ դեպի հեռուստաեթեր։
Նառա– Իմ մուտքը եղել է շատ պատահական։ Այդ ամենից առաջ մեր տանը սերիալ էին նկարահանում, այդ ժամանակ ես տեսա ամենն ու սիրեցի։ Այնուհետև ստացա առաջարկ և պետք է ընդամենը 5 օր լինեի այդ կերպարում։ Ես համաձայնեցի, իսկ հետո սկսեցի սիրել այդ աշխարհն ու փառք Աստծո այդ աշխարհն էլ սիրեց ինձ։
Citylife.am- Ձեր մասնագիտական փորձը ի°նչ է սովորեցրել Ձեզ։ Ինչպիսի°ն էիք առաջ և հիմա։
Նառա– Եթե խոսքը առօրյա կյանքի մասին է, ապա կասեմ, որ այն ինչպես եղել է, այնպես էլ կա, ոչինչ չի փոխվել։ Ուղղակի մեծանում ես, դրանով շատ բան ես տեսնում։ Մասնագիտական առումով սովորեցրել է աշխատել տեսախցիկի հետ և նմանատիպ այլ բաներ։ Չնայած ես կյանքում դեռ սովորելու շատ բան ունեմ։ Այնուամենայնիվ, ես այդպես էլ չսովորեցի խաղալ կյանքում (ժպտում է) ։ Սակայն հիմա ամեն ինչ ավելի թեթև եմ տանում։
Citylife.am- Արդյո°ք դերասանի համար կարևոր է, որ նա կարողանա դուր գալ հանդիսատեսին՝ անկախ դերի դրական կամ բացասական լինելուց։
Նառա– Իհարկե՛, կարևոր է, որ հանդիսատեսը քեզ սիրի՝ նամանավանդ մեր հայ ազգը։ Պատկերացրեք եթե չսիրեն, այնպես կանեն, որ կոտրվես։ Եթե դու ուժեղ մարդ չես, այս ասպարեզում կարող է չդիմանաս։ Ինչի° համար եմ հիմա սա ասում, որովհետև ականատես եմ եղել նման դերասան(ուհի)ների։ Սակայն եթե քեզ սիրի քո հանդիսատեսը, դու այդ ամենից մեծ ուժ ես ստանում, և հետո շտկումները լինում են քո մասնագիտական ուղու վրա։ Եթե դու ունես քո հանդիսատեսը, այն մարդկանց ովքեր գնահատում են քո աշխատանքը, դա շատ ավելի լավ է։
Citylife.am- Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու թատրոնն ու կինոն, որը° կընտրեիք և ինչու°։
Նառա– Գիտեք ես թատրոնում երբեք չեմ խաղացել, դրա համար չեմ կարող համեմատել, սակայն դա իմ երազանքներից մեկն է։ Պրոֆեսիոնալ դերասանները միանշանակ ընտրում են թատրոնը։
Citylife.am- Իսկ ցանկություն չի եղե°լ թատրոնում լինելու, թե° առաջարկ։
Նառա– Առաջարկ չի եղել, բայց այժմ կա մի առաջարկ, որը կոմերցիոն ներկայացում է, սակայն դեռ հստակեցված չէ։ Ես թատերական կրթություն չունեմ և երևի այդ պատճառով չեմ կարող այս հարցին հստակ պատասխանել։ Թատրոնն իհարկե շատ լուրջ մոտեցում է պահանջում, եթե կինոյում մի դրվագը կարող ես մի քանի անգամ նկարել, ապա թատրոնում դու սխալվելու իրավունք չունես։ Հանդիսատեսի հետ շփումն էլ անմիջական է։ Դա ուրիշ աշխարհ է ։
Citylife.am- Հանուն ընտրված դերի, ի°նչ զոհողության կգնաք։
Նառա– Ես, եթե ինչ-որ դեր սիրեմ, ապա շատ զոհողությունների կգնամ՝ իհարկե ոչ ծայրահեղ։ Բայց ամեն ինչ կանեմ, որ դերը ստացված լինի։ Այն ֆիլմերում, որտեղ ես նկարահանվում եմ, աշխատում եմ այնպես անել, որ ողջ անձնակազմի համար լավ լինի։
Citylife.am- Առաջիկայում ի°նչ ծրագրեր կան, որոնցում Ձեզ կտեսնենք։
Նառա– Առաջիկայում կան ծրագրեր, բայց ոչ մի բան դեռ հստակեցված չի։ Դրա համար անիմաստ կլինի հիմա այդ մասին խոսելը։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/ Citylife.am/