Մարզական լրագրությունն ամեն օր մի նոր բացահայտում է անում ինձ համար. Ռոբերտ Գասպարյան

Citylife.am- Ռոբե՛րտ, սկզբում խոսենք, թե ինչպե՞ս ստցվեց Ձեր մուտքը՝ դեպի հեռուստատեսային ասպարեզ:

Ռոբերտ– Իմ մուտքը հեռուստատեսային ասպարեզ տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ: Մոսկվայում հայտարարվել էր քասթինգ՝ լեգենդար «Երալաշ» ֆիլմում նկարահանվելու համար: Գնացի, սակայն ինձ նկատեցին «Улица Сезам» մանկական հաղորդման ներկայացուցիչները և հրավիրեցին մասնակցելու: Մոտ 2 տարի նկարահանվել եմ այնտեղ, որից հետո վերադարձել ենք Հայաստան, ու արդեն այստեղ եմ ծավալել հաղորդավարի ու լրագրողի գործունեություն` վարելով մանկական բազմաթիվ հաղորդումներ տարբեր հեռուստաընկերություններում:

Citylife.am- Լինելով սպորտային մեկնաբան, չի եղե՞լ ցանկություն Ձեզ փորձել որևէ այլ բնագավառում:

Ռոբերտ- Ճիշտն ասած, ինձ համար «մարզական մեկնաբան» տերմինը լրագորության մի մասնիկն է: Ինձ համար ամենասիրելի զբաղմունքն է, որից երբեք չեմ հրաժարվել ու հրաժարվի: Դա չեն սովորում համալսարանում: Լրագրությունը կամ մարդու մեջ կա, կամ չկա: Այս պահին մարզական մեկնաբան ու լրագրող եմ: Բայց երբեք չեմ հրաժարվի այլ բնագավառում ուժերս փորձել:
Citylife.am- Ձեր մասանագիտական ուղին, ի՞նչ բացահայտումներ է արել Ձեզ համար:

Ռոբերտ– Ընդհանրապես մարզական լրագրությունը մի մեծ առանձին մոլորակ է: Սովորական մարզասերի համար մարզաշխարհն ինչ-որ հեքիաթային ու գաղտնիքներով լի աշխարհ է: Սակայն, մուտք գործելով մարզական լրագրություն ու անելով բազմաթիվ լրագրողական հետաքննություններ, ծանոթանալով հայկական ու միջազգային սպորտի ամենահայտնի ներկայացուցիչների հետ, հասկացա, որ այն ինչ էկրաններից այն կողմ է, այն ինչ մենք տեսնում ենք, դա միայն մեդալի հակառակ կողմն է: Բացահայտել եմ, որ խաղադաշտում գոռոզ ու անվախ ֆուտբոլիստը կամ Ֆորմուլա 1-ի գերարագ մեքենան վարող հանդուգն ու սառնասիրտ պիլոտն իրականում համեստագույն անձնավորություն է, ով ինձանից ու Ձեզանից համեստ կյանքով է ապրում, չի ցույց տալիս իր հսկայական կարողությունը: Կամ էլ հակառակը: Մարզական լրագրությունն ամեն օր մի նոր բացահայտում է անում ինձ համար:

Citylife.am- Ո՞րն է լավ մեկնաբանի ճիշտ քայլերն այս ոլորտում, ի՞նչ հատկանիշներ են պետք առաջ գնալու համար:

Ռոբերտ– Մարզական մեկնաբանի համար ամենակարևորը հեռուստադիտողի հետ շփումն է` անգամ մարզական իրադարձություն մեկնաբանելիս: Անհրաժեշտ է ստեղծել անմիջական մթնոլորտ քեզ լսողի հետ: Միայն այդպես կարելի է ձեռք բերել հեռուստադիտողի սերն ու հարգանքը: Երբեք չլինել կողմնապահ: Այսինքն կարելի է երկրպագել Հայաստանի հավաքականին կամ հայ մարզիկին, բայց ոչ կուրորեն` ասել ճշմարտությունը, որպեսզի հեռուստադիտողի մոտ թյուր կարծիք չձևավորվի մեր մարզիկի ելույթի վերաբերյալ: Անաչառություն և հոգով մեկնաբանություն` սա է կարևորը:

Citylife.am- Ձեր խորհուրդն այն երիտասարդներին, ովքեր ցականում են դառնալ սպորտային մեկնաբան:

Ռոբերտ– Եթե դուք ցանկանում եք դառնալ մարզական մեկնաբան կամ լրագրող միայն Հենրիխ Մխիթարյանի ու Արթուր Ալեքսանյանի հետ լուսանկարվելու համար, ապա անմիջապես ձեզ խորհուրդ կտամ ընտրել այլ մասնագիտություն: Մարզական մեկնաբան լինելը անչափ պատասխանատու ու երբեմն, անշնորհակալ գործ է: Եթե դուք նպատակ եք դրել դառնալու մարզական մեկնաբան, ապա ձեր գլխավոր ընկերն այդ ճանապարհին գիրքն է: Դուք կարող եք տեսական գիտելիքներ ստանալ համալսարանում, սակայն մեկնաբանի գլխավոր զենքը բառապաշարն է: Իսկ բառապաշարը ձևավորվում է միայն գիրք կարդալով: Կարդացե՛ք, շատ կարդացեք, մեծացրեք ձեր գիտելիքները: Մարզական մեկնաբանը պետք է տեղեկացված լինի ամեն ինչից` աշխարհագրությունից մինչև միջազգային պատմություն ու մշակույթ: Մի խոսքով` ԿԱՐ-ԴԱ-ՑԵՔ շատ:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/