Լավ մարդ, սիրված անհատ լինելը ՛՛պաշտոններից՛՛, առաքելություններից վսեմագույնն է. Արա Ալոյան

Citylife.am- Ունենալով երեք մասնագիտություն՝ ընտրության հարցում հանգամանքները, ինչպե՞ս դասավորվեցին, որ շարունակեցիք որպես բանաստեղծ, արձակագիր։

Արա– Մասնագիտությամբ՝ երաժիշտ եմ, կոչումով՝ բանաստեղծ, գրող, աշխատանքս մեդիաոլորտում է: Առհասարակ ամենուր փնտրում եմ գեղարվեստն ու գեղագիտական դրսևորումները: Ինձ համար կարևորը գրի՝ լայն իմաստով որակն է, լինի հեռուստաեթերում, իմ հեղինակային գրքերում ու գրականության մեջ, թե բանավորապես՝ կենղացային փոխառնչություններում…

Citylife.am- Ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ հասակում՝, իրականացել են երազանքները: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Արա– Կտրականապես չեմ կարող ասել ինչ երազանք չիրականացավ,և հատկապես ինչու: Մանկության երազանքները, վստահաբար, անխառն են և վերնյութական: Հետևապես, դրանք վերաբերել են մարդկային կերպին: Երազել եմ լավ ընկեր, ընտանիք ունենալու մասին, լավ միջավայրում աշխատելու, արարելու մասին: Գերազանցապես դրանք իրականացվել են: Մնացյալը կյանքի ու կենցաղի բերած փորձություններն են, վրիպումները, որոնք բնորոշ են ոչ միայն ինձ, այլ շատ-շատերին:

Citylife.am- Ի՞նչը օգնեց կատարել այդ ընտրությունը։

Արա– Եթե խոսքը ձեր անդրանիկ հարցի մասին է, այն է՝ բանաստեղծ դառնալու, ապա դրան նպաստել են մայրս, գրականության ուսուցչուհիս, հորաքույրս, որ մեծ գրականության նկատմամբ ինձանում սեր է հարուցել,ապա և՝ հաջորդող գրական հաջողությունները, մամուլում, ռադիոյով ներկայանալը: Այս ամենն արգասովորվել է հեղինակային մի քանի գրքերով, բայց, մեծ հաշվով, գրականության մեջ մնալն ինձ համար ոչ թե իրավունք է, այլ պարտավորվածություն: Ես հաշվետու եմ իմ գրծընկերներին, ընթերցողներին, նույնիսկ անողոք քննադատներին: Նրանք ամբողջացնում են գրողական իմ կերպարի բովանդակ պատկերացումները:

Citylife.am- Ի՞նչ նմանություն կամ տարբերություն կա` Ձեր մանկության երազած աշխատանքի և ներկայիս աշխատանքի միջև։

Արա– Մեծ տարբերություն չկա: Կան նրբություններ, յուրահատկություններ: Միշտ էլ երազել եմ արվեստի դրսևորումներով հանձնառություն ունենալ: Կյանքի տարբեր շրջափուլերում աշխատել եմ հենց այդ լույսի ներքո՝ լինի երաժշտական դպրոցում, հանրակրթական դպրոցում, դասախոսական կամ վարչական աշխատանքներում, թե հեռուստատեսությունում:

Citylife.am- Այնուամենայնիվ՝  Ձեր կարծիքով ավելի լավ երաժիշտ կդառնայիք, թե՞ մանկավարժ։

Արա– Մանկավարժական գործունեությունս դրական եմ գնահատում, քանի որ մասնագիտական ու սերնդային համահավաք գնահատանք կա, որպես երկրորդ, բայց ոչ երկրորդական,հարակից կարծիք: Երաժշտական բեմական գործունեությունս էլ հատկանշվել է լուրջ հաջողություններով, մրցանակներով: Այնպես որ, ինչ արել եմ,կատարել եմ բարձրագույն պատասխանատվությամբ ու սիրով:

Citylife.am- Մասնագիտությունները, պաշտոնները, ինչպե՞ս փոխեցին Ձեզ, ի՞նչ նոր հատկանիշներ ձեռք բերեցիք կամ կորցրիք:

Արա- Բնականաբար յուրահատկություններ կան: Ամեն աշխատանք ունի իրեն առանձնահատուկ դրսևորումները, որակները, արտահայտչամիջոցները, բայց կրկնում եմ, ամենուր առաջնորդվել եմ գեղարվեստական ու գեղագիտական հայացքների փիլիսոփայությամբ, իսկ աշխատանքս դիտել եմ մարդակենտրոն գործընթացների,մարդուն օգտակար լինելու չափումներով: Եվ,անշուշտ, յուրաքանչյուր աշխատանք որաշակիորեն ավելացրել է իմ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև ներազդել իմ բնավորության, վերաբերմունքի ու բովանդակ մոտեցումների վրա:

Citylife.am- Ինչպե՞ս է Ձեր մեջ ծնունդ առնում բանաստեղծությունը։ Գրում ե՞ք միանգամից, թե՞ մաս առ մաս։

Արա- Այնքան ինտիմ, այնքան չբառակերպվող ծես է բանաստեղծության ծնունդը: Մանկան ծնունդի պես: Նախասաղմնային վիճակից մինչև երկունքն ու առաջին անգամ քայլելը: Ահա այդ էվոլյուցիայի տրամաբանության մեջ է: Չգիտես, ի՞նչ է ծնվելու, որքա՞ն առողջ է լինելու և ի՞նչ է կոչվելու նաև: Առաջին բանաստեղծությունը գրվել է հեռավոր 90-ականների սկզբներին: Կարծեմ՝ լուսնի մասին է եղել։

Citylife.am-Օրվա ո՞ր ժամերին եք գրում։

Արա– Օրն ինձ համար զուտ քսանչորս ժամ չէ, և վեր է ժամանակային չափումներից: Գրում եմ առանց նախապայմանի կամ հստակ օրակարգի: Գրելն ինձ համար ազատագրության պես է: Հնարավոր է և միջեթերային մի կարճառոտ դադարի արագորեն բառակերպվի ներզոր արարումը:

Citylife.am -Ճիշտ է արդյո՞ք, որ վատ փորձը շատ օգտակար է գրողին:

Արա– Ցանկացած փորձ օգտակար է, ցանկացած մասնագիտության տեր անձին: Փորձը փորձանք չէ, այլ փորձառության պատեհություն շրջահայաց, խելամիտ մարդկանց, այդ թվում՝ գրողների համար: Իմ կյանքը եղել է մեծ դասերի, մեծ սխալների, բայցև՝ մեծ փորձառության համաձուլվածք:Citylife.am- Ինչպիսի՞ միջավայր կամ իրավիճակ է անհրաժեշտ Ձեզ՝ ստեղծագործելու համար:

Արա– Նման կանկախալ, որոշակի բան չկա: Ցանկալի է, սակայն լռությունը:

Citylife.am- Ի՞նչն եք համարում ամենահիմնականը գրողի համար:

Արա- Լավ մարդ, սիրված անհատ լինելը ՛՛պաշտոններից՛՛, առաքելություններից վսեմագույնն է:

Citylife.am- Հասցնու՞մ եք շփվել Ձեր արվեստը գնահատողների հետ:

Արա– Գրքերիս շնորհանդեսի պատեհությամբ՝ այո, նաև հաճախակի լինում են շփումներ վիրտուալ՝ ֆեյսբուքյան տարածքում: Իրական կյանքում ևս ունեմ հրաշալի բարեկամներ, ընկերներ, որոնք գնահատում են իմ պոեզիան, իմ գրականությունը:Citylife.am- Երբևէ քննադատության ենթարկվե՞լ եք:

Արա– Այո՛,իհարկե: Առանց դրա ամեն ինչ կեղծ է: Քննադատության կենտրոնում պետք է լինի գործը ,ոչ թե՝ անձը: Այս առողջ հիմքով պետք է և՛ քննադատել, և քննադատություն ընդունել:

Citylife.am- Ասում են՝ իսկական տղամարդը չի խմում, չի ծխում, չի խաղում, չի դավաճանում, երբեք չի վիճում, կամ պարզապես գոյություն չունի: Նշվածներից ո՞րն եք անում, իսկ որը ոչ։ 

Արա– Աստված ամեն ինչ գիտե: Իմ թվարկելն անհամեստություն կդիտվի:

Citylife.am- Ի՞նչ է կյանքը, այն իմաստ ունի՞, թե՞ ոչ: Կյանքում Ձեր առաքելությունը ո՞րն է:

Արա- Կյանքը յուրաքանչյուր օր ծնվելու և յուրաքանչյուր բանաստեղծության մեջ վերապրելու պատեհություն է, մնացյալը՝ օրանցիկ զվարճություններ ու ձախորդություններ են: Կյանքը երջանկության մասին ամենից կարճ կենացն է:
***
Հագիր ցերեկը և գնա անցավ,
Ինձ թող գիշերվա անքնությունը,
Իմ հիշողություն՝ լույսի պես պայծառ
Եվ իմ լուսնահար, հե՜գ մոռացումը:

Հագիր ցերեկը՝ իբրև հարսնաշոր,
Ինձ թող լքվածի առանձնությունը,
Իմ ցրտի՛ պատճառ, իմ արևաշո՜ղ,
Իմ անբառելի՝ իմ լռությունը:

Հագիր ցերեկը և չվիր, Թռչու՜ն,
Ինձ թող արարման փետուրը ոսկե,
Եվ բաժանումն էլ հոգի է տանջում,
Թե չկան մաքուր անջատման խոսքեր..

Հարցազրույցը՝ Մարիամ Սուքեյանի/ Citylife.am/