Ոչ մի ամուսնալուծություն. Չեչնիայում Քադիրովը հրաման է արձակել

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ամուսնալուծված զույգերին հրամայել է վերամիավորվել։ Տեղական հեռուստատեսությունը հաղորդում է 948 զույգի վերամիավորման մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը վաղ հուլիսին հայտարարել էր իր՝ բաժանված զույգերին վերամիավորելու նախաձեռնության մասին։ <<Մենք պարտավոր ենք արթնացնել մարդկանց, խոսել նրանց հետ, բացատրել։ Մենք պարտավոր ենք վերադարձնել այն կանանց, ովքեր լքել են իրենց ամուսիններին և հաշտեցնել նրանց։ Սա է գլխավորը>>,- ասել է Քադիրովը՝ պնդելով, որ այն երեխաները, որոնք մեծանում են ոչ լիարժեք ընտանիքներում, շատ ավելի խոցելի են ծայրահեղականների ազդեցության առումով։
Որպեսզի այս հաշտեցման գործընթացն աշխատի, Քադիրովը հիմնել է մի շարք հատուկ կոմիտեներ, որոնց աջակցում են կրոնական մարմինները։ Գրոզնիի քաղաքապետարանի ընտանիքի և ամուսնությունների հարցերով վարչության պետ Ռասուլ Ուսպանովի խոսքերով՝ ամուսնալուծված զույգերը առանձին-առանձին հրավիրվում են քաղաքապետարան, և նրանց համոզում են վերադառնալ իրենց ամուսինների մոտ։ <<Եթե մոլլան խոսում է ամուսնալուծված զույգի հետ և տեսնում է, որ կա վերամիավորվելու գոնե 2% շանս, ապա մենք կապվում ենք նրանց ծնողների հետ>>,- նշում է Ուսպանովը։ Նա ավելացնում է, որ երբեմն կանայք վերադառնում են իրենց՝ արդեն երկրորդ անգամ ամուսնացած ամուսինների մոտ՝ դառնալով նրա երկրորդ կինը։
Օգոստոսի 21-ին չեչենական հեռուստատեսությունը հայտարարություն տարածեց, ըստ որի այդ կոմիտեները օգնել են վերամիավորվել 948 բաժանված զույգի։
Գրոզնիի կին բնակիչներից մեկի խոսքերով՝ նախկին ամուսինների մոտ վերադառնալու համար կանանց համոզելու համար պաշտոնյաների կողմից կիրառվող հիմնական փաստարկն այն էր, որ դա Քադիրովի կամքն է։ Այսպիսով ստացվում էր այնպես, որ եթե դու հրաժարվում ես, ապա ընդդիմանում ես ոչ միայն ավանդույթներին և կրոնական սպասելիքներին, այլև Քադիրովի ցանկություններին։ Սա ավելի շատ ահաբեկում է հիշեցնում։ Երբ քեզ ամեն կողմից ճնշում են, դու ստիպված համաձայնում ես։
Նյութը՝ Խաչիկ Փանոսյանի/Citylife.am/