
Citylife.am- Ժակլի՛ն, արդյո՞ք փոքր հասակում Ձեր երազանքը եղել է այս ամենը, ինչին այսօր Դուք հասել եք՝ Պրիմա պարուհի կոչմանը։
Ժակլին– Ոչ, փոքր հասակում իմ երազանքը, ոչ թե պարուհի, այլ դերասանուհի լինելն էր։ Սովետի ժամանակ կար մի դերասանուհի՝ Լյուբով Օռլովա, ով և՛ երգում էր, և՛ պարում էր, և՛ դերասանուհի էր։ Ես էլ երազում էի նրա նման դերասանուհի լինել։
Citylife.am- Դժվարությա՞մբ եք հասել այս ամենին։ Արդյո՞ք ստիպված եք եղել զրկվել որոշ բաներից, բալետի Պրիմա պարուհի դառնալու համար։
Ժակլին– Շատ մեծ դժվարությամբ եմ հասել. ինչքան եմ լացել, ինչքան են ծեծել, բայց ոչ ոք չի իմացել: Դահլիճից ժամերով դուրս չեմ եկել, աշխատել եմ ինձ վրա։ Ցավը և դժվարությունները հաղթահարելով գնում էի առաջ։ Citylife.am- Արդյո՞ք պարուհի դառնալու համար մարդու բնավորության գծերը, հոգեբանությունը ևս կապ ունեն։
Ժակլին– Շատ մեծ կապ ունեն, որ չկոտրվես և հասնես քո առջև դրված մեծ նպատակին։ Որոշ երեխաներ չեն շարունակում, որովհետև չեն դիմանում, երբ նրանց նկատողություններ են անում, երբ ցածր գնահատականներ են ստանում, չեն դիմանում առողջ մրցակցությանը, իսկ դա շատ կարևոր է։ Ինձ թվում է, որ ինձ դաստիարակել և կոփել է պարարվեստի դպրոցը և կյանքը։
Citylife.am- Այն աղջիկները, ովքեր պատրաստվում են ընտրել այս ուղին, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինեն։
ժակլին– Պետք է լինեն կամակոր, աշխատասեր, նպատակասլաց, ունենան մարմնի ճկունություն, թռիչք, ոտնաթաթի ճիշտ կառուցվածք, որ կարողանան մատների վրա կանգնել, ֆիզիկական տեսք (նիհար, և հակում չունենան գենետիկորեն գիրանալու)։ Պետք լինեն կիրթ։ Եթե կարծում են, որ բալերինան խելք չունի, միայն ոտքերն է շարժում, ապա չարաչար սխալվում են։ Բալերինան այնքան կիրթ և կարդացած պետք է լինի, որ պատկերացում կազմի, թե մինչև բեմ բարձրանալը ում կերպարն է մարմնաորում և որ դարաշրջանն է ներկայացնում։ Եւ անշուշտ պետք է սիրի այն ամենը, ինչով զբաղվում է։
Citylife.am- Որո՞նք են այս ասպարեզի դժվարություններն ու հաճելի կողմերը։
Ժակլին- Դժվարությունը՝ լինել կատարյալ քո բնագավառում։ Բայց ամենակարևորը, եթե հասնում ես բարձունքի պետք է կարողանաս պահել և չընկնել վար։ Դրա համար պետք է քեզնից երբեք շատ գոհ չլինես, քանի որ միշտ սովորելու բան ունենք այս կյանքում։ Լինելով նույնիսկ առաջատար պարուհի, պետք է չկանգնել և չհանգստանալ։ Որ օրը չաշխատեցիր քեզ վրա, կամ գոհ մնացիր քեզնից, այդ օրը քո կարիերան կվերջանա։ Իսկ հաճելի կողմը՝ հանդիսատեսի շնորհակալ լինելն է։
Citylife.am- ժամանակի ընթացքում, ի՞նչ խնդիրներ են առաջանում բալետի պարողների մոտ(առողջական, հոգեբանական կամ գուցե այլ)։
Ժակլին- Ես իմ փորձից ասեմ, որ բոլոր խնդիրներն էլ լուծելի են, եթե դրանք լուրջ առողջական չեն։ Ինձ մոտ հոգեբանական խնդիրներ չեն եղել, բայց բոլոր պարողների մոտ լինում են վնասվածքներ, որոնց պատճառով որոշ պարողներ չեն շարունակում՝ կիսատ թողնելով գործունեությունը։ Ես էլ եմ ունեցել ողնաշարի, ոտքի և այլ վնասվածքներ, և բժիշկներն ինձ արգելում էին պարել, ասելով, որ ես ինվալիդ եմ։ Սակայն իմ կամքի ուժը և սերը դեպի իմ աշխատանքը, հաղթահարեց ամեն բան։
Citylife.am- Բալետի պարուհի լինելը առօրյա կյանքում, ինչո՞վ է օգնում կամ խանգարում։
Ժակլին– Առօրյա կյանքում աշխատում եմ մոռանալ, որ ես պարուհի եմ և դերասան։ Ես ապրում եմ հասարակ մարդկային կյանքով։ Կհոգնես և՛ բեմում, և՛ առօրյա կյանքում լինել նույնը։ Պետք է լինել տարբեր, անել խենթություններ։ Պետք է սիրել, գնահատել և ճիշտ օգտագործել կյանքի տրված ամեն րոպեն ու վայրկյանը։
Citylife.am- Ժակլի՛ն, խնդրում եմ մի փոքր խոսեք այն մասին, թե ինչպե՞ս դառնալ բալետի արժանի պարուհի։
Ժակլին– Պարզապես պետք է գնաս դեպի քո երազանքը, չմտածելով, որ կդառնաս հայտնի պարուհի։ Դու չես որոշում լավն ես, թե վատը, այն որոշում է հանդիսատեսը։ Եթե քեզ հետ միասին իրենք հուզվում են, լաց լինում, ժպտում, ուրախանում, ապա դու կարողանում ես իրենց հասցնել բոլոր զգացմունքները։ Բայց եթե զղջում են, որ իրենց ժամանակն ու գումարը տրամադրել են անտեղի, դա շատ ցավալի է, ուրեմն պարուհին լավը չի եղել։ Ամենակարևորը՝ պետք է աշխատել մինչև վերջին շունչը, տեղ չթողնելով։ Ես միշտ աշակերտներիս ասում եմ՝ պետք է դահլիճում աշխատեք երկու հարյուր տոկոս։ Քանի որ լույս, կոստյում, գրիմ, հուզմունք, հանդիսատես վերցնում են հարյուր տոկոսը, և ձեզ մնում է ցույց տալու մյուս հարյուրը։
Հարցազրույցը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/