7 խորհուրդ` երջանիկ քուն մտնելու համար

Մշտական սթրեսները, լարված աշխատանքը, ամենօրյա վազքը հաճախ հանգեցնում են նրան, որ մարդը չի կարողանում լիաժեք հանգստանալ: Արդյունքում՝ հոգնածությունը կուտակվում է, առաջանում է գրգռվածություն, բացասական հոգեվիճակ:

Երբեմն լարված օրվա վերջում, չնայած դժոխքային հոգնածությանը, շատերը չեն կարողանում հանգիստ և անհոգ քնել: Ժամանակակից աշխարհում քնի խանգարման դեպքերը շատ հաճախ են հանդիպում, ավելի բարդ դեպքերում` բժշկի միջամտության կարիք է լինում: Ստորև կներկայացնենք, թե ինչ է հարկավոր անել արագ և որակյալ քնելու, ուժերը վերականգնելու համար:

1. Քնից անմիջապես առաջ մի նայեք մարտական կամ սարսափ ֆիլմեր:

2. Սոված մի պառկեք քնելու, սակայն ընդունեք միայն թեթև սնունդ: Ծանր կամ հագեցված սնունդը նպաստում է գիշերն աղեստամոքսային համակարգի ակտիվացմանը, ինչը խանգարում է թուլանալուն և հանգիստ քնին:

3. Աշխատանքային ծրագրերը կազմեք քնից մեկ ժամ առաջ (ցանկալի է գրավոր), որպեսզի գլխում չպտտվեն վաղվա օրվա կարևոր և անկարևոր գործերը:

4. Քնից առաջ զբոսնեք կամ զբաղվեք թեթև մարմնամարզությամբ: Ի դեպ, սեռական մերձեցումը նույնպես ունենում է թուլացնող ազդեցություն:

5. Թուլացեք ֆիզիկապես և հոգեպես. թեթև, հանգիստ երաժշտություն, բնության ձայներ, թուլացնող դիմակներով լոգանքներ, կրակի բոցկլտոց կամ ջրի խշշոց: Այս ամենը մեծապես նպաստում է բնական թուլացմանը:

6. Հորինեք ձեր ծիսակարգը, որն ավարտվում է քնով: Օրինակ, խմեք մեկ բաժակ խոտաբույսերի թեյ:

7. Մտերիմի հետ ջերմ զրույցը, խաղն ընտանի կենդանու հետ կամ երեխայի համար գրքի ընթերցումը լավ միջոցներ են օրը բարեհաջող ավարտելու համար:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/