Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից: Բոլոր ավանդական եկեղեցիները այս տոնը նշելու տարբեր կերպեր ունեն, սակայն բոլորն էլ պատարագ են մատուցում և խաղող օրհնում: Այդ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ընթացքում ընթերցվում են աղոթքներ, այնուհետև բեմի վրա կատարվում է խաղողի օրհնությունը և ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը: Խորհուրդ է տրվում տոնը սգի չվերածել և գերեզմանոց գնալ ոչ թե կիրակի, այլ երկուշաբթի օրը` մեռելոցին:
Բազմիցս է հարց առաջացել, թե ինչու է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին մրգերից միայն խաղողն օրհնվում, սկայն պատասխանը մեկն է. Խաղողը այն պտուղն է, որից ստացվում է գինին և այդ գինին էլ իր ժամանակին դարձել է Քրիստոսի արյունը: Բայց եթե հավատացյալները եկեղեցի են տանում ուրիշ մրգեր դրանք նույնպես օրհնվում են: Ամեն օրհնված կերակուր իր հատկություններով տարբերվում է սովորականից:
Նյութի աղբյուրը`/Citylife.am/