Tour de France կամ «Ես գնում եմ Ֆրանսիա»

Ամառը շարունակվում է, և մենք բոլորս հնարավորության ենք սպասում արձակուրդ գնալու և վայելելու այդքան բաղձալի հանգիստը։ Եթե Դուք որոշել եք Ձեր արձակուրդն անցկացնել Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում, ապա այս հոդվածը Ձեզ համար է։

Դուք լինելու եք մեկը այն 30.000.000 զբոսաշրջիկներից, ովքեր տարեկան գալիս են այստեղ աշխարհի տարբեր ծայրերից։ Ըստ որոշ հետազոտությունների Ֆրանսիայի բնակչության միայն 39%-ն է խոսում անգլերեն, ուստի Ձեր կողմից շատ խելացի կլինի հայերեն-ֆրանսերեն բառարանի ձեռքբերումը։

Եթե որոշել եք չխնայել Ձեր հանգստի վրա, ապա Ֆրանսիա կարող եք հասնել Զվարթնոց օդանավակայանից AirFrance ավիաընկերության ուղիղ չվերթով։ Այս հաճույքըօգոստոս ամսին կարժենա մոտ 500.000 դրամ։

5  ժամ տևող թռիչքից հետո Ձեզ հարկավոր կլինի հանգստանալ հյուրանոցներից մեկում, որտեղ էլ կապրեք Ձեր ամբողջ արձակուրդի ընթացքում։ Փարիզի լավագույն հյուրանոցներից մեկն է Four Seasons Hotel George V-ը, որի համարներից բացվում է հրաշալի տեսարան դեպի Փարիզի կենտրոն և Էյֆելյան աշտարակ։Այստեղ շքեղ սենյակների գները տատանվում են մեկ գիշերվա համար 1200-ից մինչև 4000 եվրո։

Յուրաքանչյուր իրեն հարգող զբոսաշրջիկ Փարիզում հայտնվելու առաջին իսկ օրը պետք է շրջի քաղաքով և լուսանկարվի ամենահայտնի աշտարակի ֆոնին։Ինչպես բոլոր տեսարժան վայրերը, Էյֆելյան աշտարակը ևս ունի իրենով զմայլվելու արժեքը։ Եթե ցանկանում եք բարձրանալ աշտարակի վերին հարկերը վերելակով, ապա ստիպված եք վճարել 17 եվրո և սպասել մի քանի ժամ վերելակի մոտ, որպեսզի հասնի Ձեր հերթը, իսկ եթե Դուք վստահ եք Ձեզ վրա և ունեք բավականին ուժ, կարող եք բարձրանալ աշտարակը աստիճաններով, ինչն ավելի էժան է, ընդամենը 7 եվրո։

Տեսարժան վայրեր Փարիզում կարելի է հանդիպել ամեն քայլափոխին, սակայն չմոռանաք այցելել Փարիզի Աստվածամոր տաճար, Հաղթանակի կամար, Լուվր, որտեղից կհեռանաք աննկարագրելի տպավորություններով։

Ինչ ուտել Փարիզում։ Ֆրանսիական խոհանոցը աշխարհում ամենահայտնիներից է, սակայն պետք է լավ վճարել դրա համար։ Օրինակ անմահական լանչի համար Փարիզի Tailleventսրճարանում այն Ձեզ վրա կարժենա 70 եվրո։ Անպայման ճաշակեք սոխով ապուր, բուրգունդյան խխունջներ սոուսի մեջ, ռատատույ և հայտնի դեսերտ կրեմ-բրյուլե։ Կարևոր է այս ամենը չուտել միանգամից, եթե չեք ուզում Ձեր արձակուրդի մնացած օրերն անցկացնել հյուրանոցի Ձեր համարում ։

Դե իսկ եթե Ֆրանսիան Ձեզ ձանձրալի թվա և Ձեր անձնագրում լինի Շենգենյան վիզա, ապա ցանկացած պահի կարող եք գնալ հարևան երկրներ՝ Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա և այլն (Այս երկրներում հանգստի մասին կխոսենք մեր հաջորդ հոդվածում)։

Ֆրանսիան, իհարկե, թանկարժեք ուղղություն է հանգստի համար, բայց այն ինչ կստանաք այդ ուղևորությունից շատ ավելի թանկարժեք է՝ հիշողություններ և տպավորություններ։ Դե ինչ, բարի ճանապարհ։

Նյութը՝ Խաչիկ Փանոսյանի/Citylife.am/