Վարդավառը հայոց հնագույն տոներից է, այն տոնել են հեթանես հայերը: Հեթանոսական Հայաստանում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Վարդեր նվիրելով և ջուր լցնելով` Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը…
Տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա ևս մի հին ավանդույթ, որը, թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը` դիտելով իբրև Ջրհեղեղից ազատվելու արարողություն:Հնում Վարդավառը, թերևս միակ տոնն էր, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարևոր խորհուրդն ուներ, և նույնիսկ որոշ շրջաններում այդ օրը` հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները պարտադիր գալիս էին: Նրանք հանդիպում էին հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմյանց կարոտը, արտահայտում փոխադարձ սեր ու նվիրվածություն: Փաստորեն, դա նաև միակ տոնն էր, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դեր ուներ: Վարդավառը նաև իր մեջ պտղաբերության խորհուրդն էր կրում: Հնում տոնի առթիվ կազմակերպում էին խնջույքներ և մեծ շուքով տոնում էին այն:
Քանի որ Վարդավառը տոնում են հատկապես հուլիս ամսին, որոշ հեղինակներ կարծում են, որ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իսկապես, հուլիսին, այսինքն` հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին` գալիս է Վարդավառի տոնը` թարմություն պարգևում բնությանն ու մարդկանց:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելը` պահպանվել է մինչև մեր օրերը: Հայաստանում առավոտից ահել թե ջահել, կին թե տղամարդ, ծանոթ թե անծանոթ դույլերով և տարբեր տարաներով ջրում են միմյանց: Ոչ ոք չի նեղանում մյուսից: Այդ օրը մարդիկ ուրախ են, բարյացակամ: Տոնը հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/