
Citylife.am-ը այսօր զրուցել է ամերիկահայ սիրված դերասան և դիմահարդար Արմենուհի Սուքիասյանի հետ:
Citylife.am. Արմենուհի, դուք սովորել եք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտում: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ընտրել դերասանի մասնագիտությունը:
Արմենուհի. Այո, պատիվ եմ ունեցել սովորել և ավարտել Նիկոլայ Ծատուրյանի դերասանական կուրսը: Մասնագիտությանս ընտրությունն արել ենք ամուսնուս հետ միասին, երբ դեռ նոր սկսել էինք հանդիպել միմյանց հետ: Ամեն աստծո օր արթնանալիս շնորհակալ եմ լինում նրան, որ ինձ խորհուրդ տվեց ընդունվել ԵԹԿՊԻ, կրթվել այնտեղ, կրթվել թատրոնի ոգով, սիրել, մտածել,ստեղծագործել և կատարելագործվել անընդհատ: Եվ, իհարկե, դժվար կլիներ համատեղ կյանքը, եթե սիրելի ամուսնուս՝ Արթուր Սուքիասյանի հետ, չունենայինք միևնույն մասնագիտությունը. Կունենայինք տարբեր մասնագիտություններ, տարբեր ընկերներ,տարբեր աշխարհայացքներ և անխուսափելի կլինեին վեճերը, իսկ հիմա մենք միմյանց օգնում ենք անդադար ստեղծագործել և բացահայտել մեզ համար ապրելու և կերտելու նոր շերտեր և ոլորտներ:
Citylife.am. 2011 թվականին դուք ներկայացել եք նաև, որպես երգչուհի: Չնայած նրան, որ կա կարծիք, որ չունեք երաժշտական կրթություն Ձեզ մոտ բավականին լավ էր ստացվում, բայց դուք նշել եք, որ չեք պատրաստվում երաժշտական կարիերա սկսել: Ո՞րն էր պատճառը, որ ցանկացաք Ձեզ փորձել նաև այդ ոլորտում:
Արմենուհի. Ցավոք կա այդպիսի կարծիք, թե ես չունեմ երաժշտական կրթություն: Ես 5 տարի մշակել եմ ձայնս, սովորել և ավարտել եմ «Ոսկե ձայներ» երգի թատրոն ստուդիան, այնուհետև Բ.Կանաչյանի անվան երաժշտական դպրոցը, որտեղ ուսանել եմ սոլֆեջիո, վոկալ, բեմական շարժում, երաժշտության պատմություն և շատ ու շատ այլ առարկաներ: Հիմա թողնում եմ Ձեր հայեցողությանը, դասել ինձ այն մարդկանց շարքին ովքեր ունեն երաժշտական կրթություն,թե ոչ: Իսկ ես ունեմ մի սկզբունք`կրթվել և ստանալ համապատասխան փաստաթուղթ հետո նոր զբաղվել տվյալ մասնագիտությամբ: Ունեմ տարբեր մասնագիտության դիպլոմներ և դեռ շատերն եմ ձեռք բերելու: Մինչ ամուսնուս հանդիպելը ցանկությունս մեծ էր ընդունվել Երևանի Պետական Կոնսերվատորիա, իսկ նրան հանդիպելուց հետո այդ ցանկությունը մղվեց ետին պլան և ընդունվեցի ԵԹԿՊԻ: Իսկ 2011 թվականին իմ տեսահոլովակի առկայությունը առաջարկ էր, որը չմերժվեց:
Citylife.am.Արմենուհի, կարելի է ասել, որ դուք Ձեզ փորձել եք տարբեր ոլորտներում: Հանդես եք եկել հանրությանը, որպես ՝ երգչուհի, հաղորդավարուհի, ինչպես նաև դերասանուհի:Ուղղությունները միմյանցից բավականին տարբերվող են. Այժմ այդ ոլորտներից, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
Արմենուհի. Այո, դրանք տարբեր մասնագիտություններ են, բայց երեքն էլ սերտորեն կապված են հանրության և հեռուստադիտողի հետ: Բայց ավելի հոգեհարազատ է դերասանի մասնագիտությունը:
Citylife.am.Դուք արդեն բավականին ժամանակ է զբաղվում եք նաև դիմահարդարմամբ, և ամերիկահայերի շրջանում հայտնի դիմահարդար եք: Ինչո՞ւ որոշեցիք, որ պետք է զբաղվեք նաև դիմահարդարմամբ:
Արմենուհի.Նախկինում բոլոր պրոեկտներում միշտ ինքս եմ դիմահարդարել ինձ, որովհետև չէի սիրում թե ինչպես էին դիմահարդարները ինձ դիմահարդարում, և ես սկսեցի նկարահանումների գնալ նախապես ինքս ինձ դիմահադարելով: Իսկ ավելի պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ արդեն 2 տարի է ինչ զբաղվում եմ: Մի շրջան եկավ, երբ լճացում էր ու տանից դուրս գալու համար ինձ պետք էր նոր զբաղմունք, որն իր մեջ ներառեր`ստեղծագործում: Ես ինքս դիմահարդարումը համարում եմ արվեստի մի ճյուղ, քանզի յուրաքանչյուր անձ ինձ համար կտավ է, որի վրա ստեղծագործում եմ և ստեղծում, նոր գեղեցիկ ու յուրօրրինակ կերպարներ:
Citylife.am.Այժմ դուք ներկայանում եք, և՛ որպես դերասան, և՛ որպես դիմահարդար: Արդյո՞ք հեշտ է համատեղել այդ երկուսը միասին:
Արմենուհի.Այո, իհարկե հեշտ է, և ինձ համար անհրաժեշտ է համատեղել դիմահարդարումը: Քանզի գիտեմ ինչքան է պետք դիմահարդարվել ու դիմահարդարել, և՛ ֆիլմերում, և՛ բեմում, և՛առօրյայում, և՛ երեկույթներին, և՛ ֆոտոնկարահանումներին, և՛ տեսահոլովակներում: Ես սիրով աշխատում եմ, որպես դիմահարդար վերոնշյալ բոլոր ոլորտներում: Եվ իհարկե,հաճույքով եմ կրում իմ կողմից դիմահարդարմամբ ստեղծված ցանկացած դիմակ, այն հրաշագործ է, քանզի քողարկում է այն, ինչ ցանկալի չէ, և արտահայտում այն, ինչ ցանկալի է: Մի խուսափեք դիմահարդարմամբ եզրագծել, Ձեր դեմքի դիմագծերը:
Citylife.am.Արմենուհի, առաջիկայում ի՞նչ նոր նախագծերում հանդես կգաք, և ի՞նչ այլ նորություններ են սպասվում:
Արմենուհի. Ընթացիկ նախագծերից է՝ «Գրին Քարտ» հեռուստասերիալը, որտեղ մարմնավորում եմ Բելլայի կերպարը: Հեռուստասերիալի սցենարի հեղինակը ամուսինս է՝ Արթուր Սուքիասյանը:Իհարկե, կա նաև նոր պրոեկտ, որի շուրջ դեռ աշխատում ենք, բայց չեմ սիրում խոսել սպասվելիք պրոեկտներից, թող մնա անակնկալ:
Citylife.am. Շնորհակալ եմ, Արմենուհի՛ , դրական ու անկեղծ զրույցի համար:
Հարցազրույցը՝ Մարինե Մանջիկյանի/Citylife.am/