Կոկո Շանել. Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն

Շանելի աշխարհին հպվելը նույնն է, թե շոշափես ֆրանսիական էլեգանտությունն ու պարզությունը:Գաբրիել Շանելը երկար է ապրել: Ծննդյան ամսաթիվը հայտնի դարձավ միայն մահից հետո: Ու շատերն իմացան, որ Շանելը մահացավ բավական առաջացած տարիքում: Նա ստեղծագործել է գրեթե մեկ ամբողջ դար ու «հագցրել» ողջ 20-րդ դարը: Գաբրիել Շանելը ծնվել է Լիմուզենում: Նրա հայրը շրջիկ վաճառական էր: Կնոջ մահից հետո նա իր 12-ամյա դստերը հանձնում է մանկատուն: Սկսվում է դաժան իրականությունը, որը լի էր միայնությամբ ու խիստ կարգապահությամբ: Աղջիկները մանկատանը հագնում էին զուսպ, սև համազգեստ` սպիտակ օձիքով: Գուցե հենց այս համազգեստը վճռորոշ եղավ իր հայտնի փոքրիկ զգեստը ստեղծելու գործում: Ու դրանից ավելի էլեգանտ ու նորաձև բան արդեն մի քանի տասնամյակ ոչ ոք չի կարողացել ստեղծել: Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն,- համոզված էր Շանելը: Ինչ էլ ստեղծեր Շանելը` լայն տաբատներ, երեկոյան զգեստներ, ապարանջաններ, ժանյակներ, կոշիկներ, ուներ մեկ գաղափար, ազատություն ու հարմարվետություն ամեն ինչում: Լավ կարված զգեստը սազում է ցանկացած մարդու,- պնդում էր նա: Որքան հարուստ է զգեստի տեսքը, այնքան այն աղքատ է: Որքան շքեղ է հագնվում կինը, այնքան կորցնում է էլեգանտությունը,- իր փոքրիկ գաղտնիքներն է բացում Շանելը: 1921-ին Շանելը ստեղծում է իր առաջին շրթներկը, որը նա պահում էր հատուկ թղթի մեջ. հեշտացնում էր պայուսակում պահելն ու դիմահարդարումը ցանկացած պահ թարմացնելը: Ավելի ուշ հայտնվում են ամուր պարկուճները: Էլեգանտությունը, ներդաշնակությունն ու ոճը նրա կյանքին յուրահատուկ բովանդակություն էին հաղորդում: Շանելը մահացավ 1971-ին: Առանց տրտնջալու աշխատում էր մինչև վերջին օրերը: Նա միշտ հավատում էր, որ աշխատանքը զբաղեցնում է միտքը և պահպանում եռանդը:

Նյութը՝ Սոնա Խաչատրյանի/Citylife.am/