«ՍԻՎԻԼ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպություն

17 հուլիսի 2017, Երևան. հուլիսի 14-ից 16-ը Սևանա լճի «Վիշապ» լողափում կայացավ «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը, որն ընթանում է 3-րդ տարին անընդմեջ։
Այս տարի «Հուսո առագաստը» միջազգային ձևաչափ ուներ, քանի որ փառատոնին մասնակից էին օտարազգի հյուրեր Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։
Փառատոնի գլխավոր հովանավորը, ինչպեսև նախորդ տարի, Հայաստանում Beeline-ն ընկերությունն է, որի աջակցման շնորհիվ հնարավոր է դառնում կազմակերպել այս փառատոնը։
Սևանի ափին ընթացող եռօրյա փառատոնին ներկայացել են մի քանի տասնյակ բարդեր, այդ թվում՝ «Լավագույն տասնյակ» անվանակարգում ընդգրկված նորանուն հեղինակ-կատարողներ։ Հնչել են ոչ միայն հին ու սիրված երգեր, այլև բազմաթիվ նոր ստեղծագործություններ։ Եզրափակիչ համերգը մեկնարկել է Ռուբեն Հախվերդյանը՝ ներկայացնելով նաև նոր երգ, ապա հաջորդել են հյուրերի ելույթներ, վկայագրերի, շնորհակալագրերի և խորհրդանշական նվերների հանձնման արարողություն, 3 տասնյակից ավելի բարդերի մասնակցությամբ համերգ։ Փառատոնի պաշտոնական մասն ավարտվել է ավանդաբար կատարվող «Հուսո առագաստ» երգով և նախորդ օրվա օրինակով ուշ գիշերին շարունակություն ստացել խարույկի շուրջ։
2017 թվականի «Հուսո առագաստ»-ը ոչ միայն աշխարհագրականորեն էր ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուները կային Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց նաև այս տարի։ Ի դեպ, հանդիսատեսի շարքում էին Գյումրու և Վանաձորի մանկատան երեխաներ, որոնց համար փառատոնը մշակութային միջավայրում լինելու, լավ ժամանակ անցկացնելու հերթական հնարավորություն էր։  Նշենք, որ ամենամյա փառատոնի նպատակը հեղինակային երգի ասպարեզում նորանուն ստեղծագործողների բացահայտումն է, նրանց բեմ տրամադրելը, ստեղծագործական առաջընթացին նպաստելը։

Նյութը՝ Անի Տեր-Օհանյանի/Citylife.am/