
Շատ հաճախ մարդու մոտ առաջացած հոգեբանական խնդիրներն ու խաթարումները կարող են զանազան վախերի ծագման պատճառ դառնալ, որոնք էլ խորանալով հանգեցնում են վախի հիվանդագին արտահայտմանը` ֆոբիաներին: Ընդորում` այդ վախը կարող է առաջանալ նաև որևէ վտանգ չներկայացնող իրավիճակների կամ սուբյեկտների նկատմամբ: Վախերը կարող են հարուցվել ահաբեկչությունների, բռնությունների, մահվան, բնական աղետների մասին տեղեկությունների արդյուքնում, ցավոք ոչ բոլոր մարդիկ են կարողանում գիտակցել, որ տառապում են այս կամ այն ֆոբիայով: Արդյունքում` այդ զգացմունքը սկսում է լիովին իշխել մարդուն և ներսից կործանել նրան: Ֆոբիաների առաջացման պատճառ կարող են լինել մանուկ հասակում տարած հոգեբանական տրավմաները:Հենց մանկական ապրումներն են ամենից լավ մխրճվում մեր հիշողության մեջ, ուստի կյանքի տրաբեր պահերին մանկական վախերը կարող են ջրի երես դուրս գալ և զարգանալ: Յուրաքանչյուր մարդ ունի նմանատիպ մանկական հիշողություններ. շատերը վախենում են ջրից, բարձրությունից, մթությունից, մենակությունից, քանի որ մանուկ հասակում որոշակի ապրումներ են ունեցել` կապված այս երևույթների հետ: Ֆոբիաները հնարավոր է հաղթահարել: Դրա համար մարդը պետք է վանի բոլոր վախեցնող, բացասական և տհաճ մտքերը: Ֆոբիաների դեմ պետք է պայքարել, հարկավոր է ձերբազատվել վախի և անհանգստության զգացումից, քանի որ դա խանգարում է մեզ ապրել, լիաթոք երջանիկ ու ինքնավստահ լինել ցանկացած իրավիճակում: Եթե դժվարանում եք ինքնուրույն պայքարել դրանց դեմ` դիմեք հոգեբանի:
Նյութը՝ Սոնա Խաչարտյանի/Citylife.am/