Հայաստանի երկու քաղաքացի հոսպիտալացվել են Եգիպտոսում

Հուլիսի 14-ին Եգիպտոսի ծովափնյա Հուրգադա քաղաքում անհայտ անձի կողմից հարձակում է եղել զբոսաշրջիկների վրա։ Հարձակման հետևանքով սպանվել են Գերմանիայի երկու քաղաքացի, վիրավորվել երկու հայ և երկու չեխ կանայք։ Վիրավոր կանայք ստացել են դանակով հասցված կտրած-ծակած վերքեր դեմքի, պարանոցի և ոտքերի հատվածում․ նրանք հոսպիտալացվել են։ Հանցագործը ձերբակալված է։

Եգիպտոսի Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ կասկածյալը հարցաքննվել է՝ պարզելու հանցանքի դրդապատճառները։
Նա նախ սպանել է Զահաբիա հյուրանոցում հանգստացող երկու կանանց, ապա գնացել ափամերձ Սանի Դեյս էլ Պալացիո հյուրանոց, որտեղ վիրավորել է ևս չորս հոգու։ Հենց այստեղ էլ նրան վնասազերծել և ձերբակալել են։
Վերոնշյալ հյուրանոցի անվտանգության պետ Սաիդ Աբդելազիզը նշել է, որ կասկածյալի թիրախը հենց օտարերկրացի զբոսաշրջիկներն էին, և նա կոչ էր անում բոլոր եգիպտացիներին ազատել ճանապարհը, քանի որ չէր ուզում վնասել նրանց։
Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնում է, որ հանցանքի դրդապատճառը դեռևս անհայտ է և շարունակվում է նախաքննությունը։

Նյութը՝ Խաչիկ Փանոսյանի/Citylife.am/