Հավատքը և քրտնաջան աշխատանքը Հովհաննես Բաչկովի հաղթանակի գրավականն են

Citylife.am-ի զրուցակիցն է Խարկովում կայացած Եվրոպայի առաջնության պրոֆեսիոանալ բռնցքամարտում իր անդրանիկ հաղթանակը տարած` (64 կգ քաշային կարգում) Հովհաննես Բաչկովը: Մեր հայ բռնցքամարտիկը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը ձեռք բերելով 1 ոսկե մեդալ, որի կապակցությամբ շնորհավորում ենք մարզիկին և մարզիչ՝ Դավիթ Թորոսյանին:

Citylife.am- Հովհաննես արենա դուրս գալուց առաջ կպատմե՞ք ինչպիսին էր զգացողությունը՝ ռինգից առաջ և հետո:

Հովհաննես– Ռինգ մտելուց առաջ տրամադրվում ես հաղթանակի: Այդ պահին զգում ես լարվածություն և պատասխանատվություն, քանի որ ցանկանում ես ամեն ինչ անել, որպեսզի հաջողությամբ սկսես մենամարտը և հաղթանակով ավարտես: Երբ հաջողությամբ ես մենամարտը անցկացնում՝ զգում ես, որ ռինգում զգացմունքներդ և ինքդ քեզ կառավարելը հնարավորություն են տալիս հաղթել՝ սխալներ թույլ չտալով: Ռինգի ավարտից հետո՝ հասկանում ես, որ նախապատրաստական փուլի աշխատանքները կատարել ես մեծ պատասխանատվությամբ:
Citylife.am- Ակնհայտ էր, որ մենամարտը թեժ էր և դժվար, ի՞նչպես կարողացաք նախաձեռնությունը վերցնել Ձեր ձեռքը:

Հովհաննես– Կամային որակների շնորհիվ կարողացա առավելություն դրսևորել հակառակորդի նկատմամբ: Առաջին ռաունդում փորձեցի նրան հոգնեցնել, իսկ երկրորդ ռաունդում հաղթանակի ճիշտ մարտավարական աշխատանքի շնորհիվ կարողացա հասնել հաղթանակի:

Citylife.am- Գիտենք, որ շատ անարդարությունների հետ եք բախվել Ձեր սպորտային կարիերայում, բայց երբեք չեք ընկճվել, ինչը ձեզ ուժ տվեց և տարավ դեպի հաղթանակ:

Հովհաննես– Այնպես չի, որ չեմ ընկճվել, բազմաթիվ անարդարացի երևույթների եմ բախվել, բայց կարոցացել եմ իմ մեջ ուժ գտնել և շարունակել իմ գործը: Այս ամենը վկայում է այն մասին, որ ավատքի շնորհիվ եմ կարողացել հաղթահարել դժվարությունները՝ հավատալով, որ մի օր անարդարության վերջն էլ կգա:

Citylife.am- Պատրաստվում եք մասնակցել աշխարհի առաջնությանը, ի՞նչպիսին է Ձեր տրամադրվածությունը:

Հովհաննես– Անշուշտ պատրաստվում ենք առաջիկա աշխարհի խաղերին: Տրամադրվածությունս և մարզական վիճակս բավականին լավ է, այդ նույն տեմպով էլ կշարունակեմ մարզումներս: Ժամանակից շուտ գուշակությամբ չեմ զբաղվի, ջանք ու եռանդ չեմ խնայի՝ լավագույնս հանդես գալու համար:

Citylife.am- Մարզիչի դերը մարզիկի կյանքում մեծ նշանակություն ունի, Դավիթ Թորոսյանի, ո՞ր խորհուրդը օգնեց Ձեզ հաղթանակի պահին:

Հովհաննես– Ճիշտ նշեցիք, մարզիկը առանց մարզիչի նույնն է, թե ավտոմեքենան առանց վարորդի: Հիշում եմ, որ Դավիթ Թորոսյանը մենամարտի թեժ պահին, կողքից հուշում էր, որ նախաձեռնությունը քո ձեռքերում է՝ դուդուկը նվագի թող ինքը պարի:

Citylife.am- Ձեր հաղթանակը նվիրելով հայ ազգին մեծ հպարտությամբ եք նշում, արդյո՞ք Հովհաննեսն էլ կցանկանա,որ փոքրիկ Սերգեյն էլ մեծանա և դառնա հայրիկի գործի շարունակողը:

Հովհաննես– Եթե որդիս ցանկություն հայտնի շարունակել իմ գործը, մեծ սիրով կաջակցեմ նրան:

Citylife.am- Ե՞րբ կտեսնենք Ձեզ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Հովհաննես– Իմ առաջնային նպատակն է աշխարհի առաջնությունում պատվով ներկայանալը, այդ ամենից հետո պարզ կլինի իմ ծրագրերի հաջորդականությունը:Միայն կարող եմ հավելել որ առաջիկայում անցկացվելու է հավաքներ, վերջնական փուլ է լինելու աշխարհի առաջնությունից առաջ:

Citylife.am- Շնորհակալ ե՛մ, Հովհաննես՛, անկեղծ և անմիջական հարցազրույցի համար: Մենք հավատում ենք Ձեր հաջողություններին և ազգովի մաղթում ենք քեզ, որ ռինգում հանդես գաս դյուցազնաբար:Հարցազրույցը՝ Տաթև  Մուշեղյանի/Citylife.am/