
Պետք է այնպես սիրեք, որ գլխապտույտ առաջանա, որ երակներով սեր հոսի, ու ուղեղը խոսի սիրո լեզվով… Պետք է սիրվել, հասկանու՞մ եք, պետք է ձեզ շատ սիրեն, պետք է պաշպանեն, դողան ձեզ վրա։ Պետք է լինի այն ամենատղամարդը, ում գրկում կթուլանաք, բայց կմնաք իր` ամենաուժեղ կինը…
Գուցե ես չգիտեմ սիրո բանաձևը կամ սիրո ճանապարհը, բայց հստակ գիտեմ` այս աշխարհը կառուցված է սիրո վրա, որ սերը գոյության ապավենն է, որ սերն է ապրեցնում ու, ի վերջո` Աստված սեր է…
Գիտե՞ք` ոնց պետք է սիրել, այնպես, որ մի կողմ դնեք ձեր ռեալիզմն ու ընկնեք ռոմանտիկ զեղումների մեջ, որ երազեք, որ փիլիսոփայեք ու իմանաք` ձեզ լսում են։ Կարևոր է, որ ձեզ լսեն, լսեն մինչև վերջ, զգան ձեր խոսքի ամեն շունչն ու ամեն դադարը, կարևոր է` հասկանան…
Գտե՛ք այդ եզակիին, ում առաջ պետք չի լինի ձևացնել, լինել ուժեղ, խելացի, գեղեցիկ…
Այս աշխարհը տեղով մեկ բարդություն է, ու մեզ մի քիչ պարզություն է պետք, պետք է առանց մտքերի գիշեր ու առանց շպարի հավաքույթներ, մեզ առանց մկանների ուժ է պետք, պետք է անզորանալ, հերիք է լինել ուժեղ, պետք է թևաթափ ընկնել` իմանալով` ապահով ձեռքերում եք…
Սեր է պետք այս անտեր աշխարհին, առանց ձևականությունների, պարզ ու մաքուր սեր…
Նյութը՝ Հասմիկ Մարտիրոսյանի/Citylife.am/