Citylife.am-ը այսօր զրուցել է աշխարհի երիտասարդական առաջնության կանանց 75 կգ քաշային կարգում բրոնզե և փոքր արծաթե մեդալակիր Սոնա Պողոսյանի հետ: Տոկիոյում Սոնան հաղթահարեց երկամարտի 223 կգ արդյունքը, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահելով 125 կգ: Պոկում վարժությունում մեր Սոնան 4-դն էր:
Citylife.am- Սոնա՛, կանանց պայքարում դուք դարձաք աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, նաև արժանացաք փոքր մեդալի: Մենք գիտենք, որ այսպիսի հաջողություններ գրանցելը մեծ աշխատանք, ջանք ու եռանդ է պահանջում: Կպատմե՞ք, Ձեր սպորտային ուղղու մասին:
Սոնա – Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից: Իմ տարիքային խմբում սկսեցի հաջողություններ գրանցել, այդ ամենը խթան հանդիսացավ ավելի մեծ ոգևորությամբ աշխատել: Այժմ հաջողությունների հասնելու համար ջանք ու եռանդ չեմ խնայում:
Citylife.am- Հաղթանակի պահին ի՞նչ զգացողություններ ունեցաք:
Սոնա – Հաճելի էր նվաճել բրոնզե մեդալ: Մրցույթից առաջ միշտ էլ ակնկալիքներ եմ ունենում, որ մեդալով կվերադառնամ: Յուրաքանչյուր հաջողություն գրանցելուց հետո, ես ինձ պարտավորված եմ զգում, որ ավելի ջանասիրաբար մարզվեմ և ունենամ առավելագույն արդյունք:Citylife.am- 2016թ-ի Օլիմպիական խաղերին Ձեր մասնակցությունը որքանո՞վ օգնեց Ձեզ, Տոկիո քաղաքում հանդես գալու համար:
Սոնա – Օլիմպիական խաղերին մասնակցելը ինձ վստահություն բերեց և այդ վստահությունը ինձ օգնեց, որ կարողանամ հանդես գալ մեծահասակների պայքարում: Այս ամենը ինձ համար մեծ փորձ է:
Citylife.am- Ձեր մարզիչը՝ Արտաշես Ներսիսյանը, հայտնել է, որ դուք հոկտեմբերին մասնակցելու եք Եվրոպայի առաջնությանը, որտեղ ե՞ք մարզվելու և այս անգամ է°լ կբավարարվեք նույն հաղթանակով, թե՞ կձգտեք ավելիին:
Սոնա – Իմ անձնական մարզիչն է Արման Ղազարյանը, իսկ Արտաշես Ներսիսյանը կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է: Մարզումների ընթացքի մասին ոչինչ չեմ կարող ասել, այդ աշխատանքների մասին կխոսեն մարզիչները, ես միայն կարող եմ հավելել, որ միշտ ձգտում եմ ավելիին:Citylife.am- Սոնա՛, նպատակ ունե՞ք 2020թ-ին կրկին վերդառնալ Տոկիո և գրանցել Ձեր սպորտային կարիերայում ավելի մեծ հաջողություններ:
Սոնա – Յուրաքանչյուր մարզիկի համար նպատակ է օլիմպիական խաղերին մասնակցելը: Իհարկե կմասնակցեմ Տոկիոյում 2020թ-ին Օլիմպիական խաղերին: Անպայման կձգտեմ առավելագույն արդյունքի, բայց ապագան ցույց կտա սպասվելիք հաջողությունը:
Citylife.am- Սպորտային կարիերայից զատ, Դուք ի՞նչ նախասիրություններ ունեք և եթե ազատ ժամանակ եք ունենում, ինչպե՞ս եք սիրում այն անցկացնել:
Սոնա – Իհարկե գտնում եմ ազատ ժամանակ և այն լցնում եմ հետաքրքիր գրքեր կարդալով, ֆիլմեր դիտելով և երաժշտություն լսելով:Citylife.am- Անկասկած գիտենք, որ կձգտեք ավելի մեծ հաջողությունների հասնել, ո՞րն է Ձեր հաջորդ քայլը:
Սոնա – Իմ հաջորդ քայլը կլինի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելը:
Citylife.am- Շնորհակալ ե՛մ, Սոնա ՛, հետաքրքիր հարցազրույցի համար: Մենք հավատում ենք Ձեր լավատեսական տրամադրվածությանը:Հարցազրույցը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/