Մի քիչ «Բաբաջանյան»

Հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1970) և ՀԽՍՀ (1960) ժողովրդական արտիստ։
Ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով նրա տաղանդը՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։

Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուռն» երկերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»:
Ստեղծագործող Բաբաջանյանի խառնվածքին հարազատ էր ազգայինի ու արդիականի այն սինթեզը, որը հատուկ Էր Ա. Խաչատրյանի երաժշտությանը, նրա վառ ու պատկերավոր աշխարհին: Բաբաջանյանին հարազատ էին Խաչատրյանի մշակած թեմատիկ համակարգի բնորոշ դրսևորումները:

Արվեստագետի իր ողջ Էությամբ, Ա. Բաբաջանյանն իր իսկ դարաշրջանի ծնունդն Էր, նրա ջատագովը: Անկախ նրանից՝ քնարական, վիպերգական, թե դրամատիկական ուղղվածություն ուներ գործը, կերպարային բովանդակությամբ, հոգեկան լարվածքով, կրքերի հագեցվածությամբ այն արդիական Էր: Քնարականն ու վիպերգականը (Էպիկականը) կոմպոզիտորի գործերում ունեն իրենց հատուկ և կամայնություն, և ներքին դինամիզմ: Բաբաջանյանի ստեղծագործությունների «հերոսներն» ըմբոստ են, եռանդով լեցուն, նրանք, նպատակասլաց լինելով, զուրկ չեն որոշ տարերայնությունից: Կոմպոզիտորի արվեստը գործուն Է, իր բնույթով՝ շարժուն, եզակի դեպքերում Է հայեցողական: Նման արվեստի իրականացման ուղիները կապված Էին ելևէջային հարմոնիկ ոլորտի ճկունության, դիսոնանտայնության, մետրառիթմային ընդգծված իմպուլսների հետ:
Ա. Բաբաջանյանի արվեստն իր անհողդողդ կամայնությամբ, հուզականի հագեցումով, չխամրող ներգործությամբ հաստատում է լավատեսականի առաջնայնությունը:

Նյութը՝ Նազենի Գալստյանի/ Citylife.am/