Մարդը, որքան մոտ լինի բնությանը, այնքան ազատ կլինի.Լեռնո Հարությունյան

Citylife.am- Հետաքրքիր է` Լեռնոն ունի՞ դերասանական կրթություն:

Լեռնո-Այո՛, Լեռնոն ունի դերասանական բարձրագույն կրթություն. ավարտել եմ Երևանի թատերական ինստիտուտը: Նախքան ինստիտուտը ոչ մի դերասանական խմբակ չեմ հաճախել: Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո հրավեր եմ ստացել աշխատելու Սունդուկյանի անվան թատրոնում: Աշխատում եմ 2005թ․-ից մինչև այսօր:

Citylife.am- Ինչպե՞ս սկսեցիք առաջին քայլերը այս ասպարեզում:

Լեռնո– Առաջինը Մուրացանի «Ռուզան» ներկայացումն էր, որի մեջ խաղացել եմ Ներսե իշխանի դերը: Ուսանողական տարիներին ժամանակս չէր հերիքում մասնակցելու ներկայացումներին. ի տարբերություն իմ կուրսեցիների, ես և՛ աշխատում էի, և՛ սովորում: Մինչ ինստիտուտը ես թատրոնի հետ ոչ մի սեր չեմ ունեցել, այն խորթ էր ինձ համար: Իսկ կինոներում նկարահանվելը եղավ 3-4 տարի հետո, նույնիսկ զբաղվածությունը այնքան շատ էր, որ չէի հասցնում:

Citylife.am- Ձեր ո՞ր կերպարը սիրվեց հանդիսատեսի կողմից:

Լեռնո– Անկեղծ խաղալու դեպքում բոլոր կերպարներն էլ սիրվում են: Ընդհանուր կարծիք կա՝ խաղում եմ լավ և անկեղծ, բայց իրականում ես այդ կարծիքին չեմ:

Citylife.am- Լավ դերասանի չափանիշները որո՞նք են ըստ Ձեզ:

Լեռնո– Ինտելեկտությունն է լավ դերասանի գործոնը:

Citylife.am- Ո՞րն է Ձեր կերտած ամենասիրելի դերը:

Լեռնո– Իմ խաղացած ոչ մի դեր չի համընկել իրականության հետ, ինձ հետ կապ չեն ունեցել, բայց այն, ինչ խաղացել եմ, սիրով եմ խաղացել: Հիմնականում խաղացել եմ բացասական դերեր, հիմա խաղում եմ դրամատիկական նոր ֆիլմում՝ գլխավոր դերում, աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ: Հիմա այդ կերպարը մարմնավորելով՝ հարազատացել եմ: Երբեք չէի պատկերացնի, որ ինձ նման դեր կվստահեին, բայց պատվով դուրս եկա:

Citylife.am- Ի՞նչ դերի մասին եք երազում:

Լեռնո– Չեմ երազում: Միգուցե դերասանին ոչ վայել պատասխան, բայց չեմ երազում:

Citylife.am- Եթե դերասան չլինեիք, ապա….

Լեռնո– Երաժիշտ. երաժշտությունը իմ նախասիրությունն է՝ դաշնամուր, ակորդեոն: Սունդուկյանում և՛ նվագում եմ, և՛ խաղում:

Citylife.am- Երեք բառով նկարագրեք Ձեզ:

Լեռնո- Բարձրահասակ, կապույտաչյա, շիկահեր:

Citylife.am- Ի՞նչ է Ձեզ համար ազատությունը:

Լեռնո– Մարդը, որքան մոտ լինի բնությանը, այնքան ազատ կլինի: Հիմա ավելի շատ է հարկավոր մոտ լինել բնությանը:

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/