Լավագույն մասնագետը նա է, ով անընդմեջ կատարելագործվում է իր աշխատանքում և չի կանգնում մեկ կետում.Մարիկա Թունյան

Citylife.am- Մարիկա, դուք և՛ մոդել եք, և՛ իրավաբան. ինչպե՞ս եք երկուսի դեպքում էլ ընտրություն կատարել, և արդյո՞ք դժվար չէ երկու տարբեր բնագավառները համատեղել։

Մարիկա– Մոդելի աշխատանքը 14 տարեկան հասակից իմ սիրելի զբաղմունքն ու ժամանցն է, այն ինձ հնարավորություն է տվել ճամփորդել, ծանոթանալ այլ երկրների մշակութային արժեքներին, ձեռք բերել բազում ընկերներ նորաձևության ոլորտում: Սակայն այդ ամենին զուգահեռ միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել ուսմանը, իսկ հետագայում նաև աշխատանքին: Երկար տարիներ աշխատում եմ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ (HR) և բախտի բերմամբ երբևիցե ընտրության առջև կանգնելու կարիք չի առաջացել:

Citylife.am- Դուք մոդելային կարիերան սկսել եք բավական վաղ տարիքից՝ 13-14 տարեկանից։ Ինչպիսի՞ն էր այն ժամանակ Ձեր պատկերացրած իդեալական մոդելի կերպարը և ինչպիսին է այն հիմա։

Մարիկա– Այո, բավականին երիտասարդ էի և, կարծում եմ, այդ տարիքին բնորոշ է ավելի իդեալիստական և կատեգորիկ վերաբերմունքը թե՛ սեփական անձին և թե՛ շրջապատող իրականությանը: Այժմ հայացքներս փոխվել են և եկել է մի պարզ ճշմարտության գիտակցում, որ ամեն բան հարաբերական է: Իսկ լավագույնն է այն մասնագետը (թե՛ նորաձևության ոլորտում և թե՛ այլ) ով անընդմեջ կատարելագործվում է իր աշխատանքում և չի կանգնում մեկ կետում:

Citylife.am- Այս ասպարեզում ո՞վ է եղել Ձեր ոգեշնչանքի աղբյուրը։

Մարիկա– Կարծում եմ՝ չեմ կարողանա նշել կոնկրետ աղբյուր, ավելի շուտ հավաքական երևույթ: Միշտ սիրել եմ աշխատել ուսանողների հետ, նրանց ոգևորվածությունը միշտ թևեր է տալիս, այդ գործում վերջերս մեծ ներդրում է ունենում ArmModFashion նախագիծը, ArmenianBrands և FashionCampusArmenia նախագծերը, Yerevan Fashion Week Golden Lace նախագիծը և առհասարակ մարդիկ, ովքեր աջակցում են մեր երկրում նորաձևության զարգացմանը, օգնում են սկսնակ մոդելավորողներին կայանալ ոլորտում ինձ անձամբ շատ են ոգեշնչում: Ինքս փորձում եմ օգտակար լինել նրանց թե՛ որպես մոդել, թե՛ որպես բեմադրիչ և թե՛ որպես հայ նորաձևությունը գնահատող հանդիսատես:

Citylife.am- Շատ մրցույթներում եք հաղթող դուրս եկել, սակայն առաջին հաղթանակին չարժանանալը կարո՞ղ է Ձեզ համար հիասթափության առիթ դառնալ։

Մարիկա– 16 տարվա ընթացքում մասնակցելով 10-ից ավել միջազգային գեղեցկության մրցույթների միանշանակ կարող եմ ասել, որ գեղեցկության մրցույթներին պետք չէ շատ լուրջ վերաբերվել, այդ թվում նաև հաղթանակի պարագայում: Մրցույթն առաջին հերթին հնարավորություն է արժանապատվորեն ներկայացնելու երկիրը, ձեռք բերելու բազում կապեր և ընկերներ: Այն պետք չէ դիտարկել որպես ինքնահաստատման միջոց և առավել ևս՝ հիասթափության աղբյուր:

Citylife.am- Մարիկա, կարծում եմ շատերին կհետաքրքրի՝ ինչպե՞ս եք կարողանում պահպանել Ձեր գեղեցիկ և հմայիչ մոդելային կազմվածքը։

Մարիկա– Փորձում եմ հետևել սննդակարգիս, սակայն լինելով քաղցրակեր ոչ միշտ է հաջողվում: (ժպտում է)

Citylife.am- Ինչպե՞ս եք ընտրում Ձեր մոդելային հագուստները։ Կա՞ն որոշ նախապայմաններ։

Մարիկա– Ես վստահում եմ դիզայներների ճաշակին և կարծում եմ, որ մոդելի աշխատանքի կարևորագույն պայմաններից մեկը հենց այն է, որ դիզայների կողմից ընտրված ցանկացած հագուստ ներկայացվի լավագույն կերպով:

Citylife.am- Ինչպիսի՞ն պետք է լինել այս ասպարեզում շատ հաջողությունների հասնելու և շատ պոդյումներ նվաճելու համար։

Մարիկա- Նպատակասլաց և որոշ չափով հաջողակ:

Citylife.am- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ բոլոր երազանքներն էլ մի օր իրականանալու հատկություն ունեն․ ո՞րն է եղել Ձեր ամենասպասված և իրականացած երազանքը կամ գուցե կա՞ մի մեծ երազանք, որը դեռ չի իրականացել, բայց կիրականանա։

Մարիկա- Երազում էի թռչել Bungee Jumping 35 մետր բարձրություն ունեցող կամրջից գլխիվայր ազատ անկմամբ և այդ երազանքս իրականություն դարձավ Մալազիայում: Նոր մեծ երազանքս շուտով իրականություն կդառնա, և հենց իրականանա՝ կկիսվեմ Ձեզ հետ: (ժպտում է)

Citylife.am- Դիզայներները Ձեզ արտաքինից բացի տարբերում են հատուկ կանացի խարիզմատիկ կերպարով։ Ինչպե՞ս եք կարողանում նման կերպար կերտել։

Մարիկա– Այս հարցում կարծում եմ պետք է շնորհակալ լինեմ մայրիկիս․ հաճախ լսում եմ, որ կեցվածքս ու շարժուձևս շատ իրեն է նման:

Citylife.am- Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել հայկական նորաձևությունը։

Մարիկա– Ինդուստրիալ չափերի, այսինքն լավ զարգացած թեթև արդյունաբերությամբ, որպեսզի հայ սպառողը հնարավորություն ունենան նաև իր առօրյայում կրել հայ դիզայներների ստեղծած հագուստը: Նորաձևության ոլորտի զարգացումը անչափ կարևոր է մեր երկրի ընդհանուր զարգացման համար և ես հույս ունեմ՝ մոտ ապագայում լինել այդ զարգացման ականատեսը:

Հարցազրույցը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/