Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը սկանդալով ավարտվեց։

Հունիսի 10-ին Թբիլիսիում մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին օրը հայ ըմբիշները նվաճեցին բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ: Մեդալներ վիճարկվեցին ազատ ոճի 57, 65, 74, 97 կգ ու հունահռոմեական ոճի 59, 71, 80, 98 կգ քաշային կարգերում: Վալոդյա Ֆրանգուլյանը Ազատ ոճում 65 կգ քաշայինում նվաճեց ոսկե մեդալ, իսկ Նարեկ Սիրունյանն նվաճեց բրոնզե մեդալ: Գրիգոր Գրիգորյանը 74 կգ քաշայինում պարտվեց միայն եզրափակիչում և դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Գարիկ Բասեղյանը 57 կգ քաշայինում նվաճեց բրոնզե մեդալ: Մաքսիմ Մանուկյանը Հունահռոմեականների մրցաշարում 80կգ հանդես եկավ և արժանացավ արծաթե մեդալի: Արթուր Ալեքսանյանը 3 հաղթանակից հետո դուրս եկավ 98կգ քաշային կարգի եզրափակիչ, որտեղ հանդիպեց վրացի Ռեւազ Նադարեիշվիլիի հետ: Գոտեմարտի ավարտից 50 վայրկյան առաջ մրցագորգի հարեւանությամբ տեղի ունեցավ միջադեպ, ինչի պատճառով Արթուր Ալեքսանյանը մի պահ հեռացավ գորգից, իսկ մրցավարները հաղթանակը շնորհեցին վրացի ըմբիշին: Այդ պահին Ալեքսանյանը պարտվում էր 1:2 հաշվով: Վրացի ըմբիշին շնորհվեց ևս 2 միավոր ու հաղթանակ, իսկ գոտեմարտը չշարունակվեց: Հայաստանի մարզիչները բողոքարկեցին, սակայն չփոխեցին մրցավարները իրենց որոշումը: Արթուր Ալեքսանյանը որակազրկվեց և զրկվեց արծաթե մեդալից: Վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի և Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարի հաղթողները կստանան 1000 դոլար, արծաթե մեդալակիրները՝ 800, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 500:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/ Citylife.am/