«Ես քեզ սիրում եմ». այս չորս բառի մեջ բովանդակվում է մարդկային սրտի ամբողջ լեզուն, և ամեն մի սիրտ պետք է գեթ որևէ մեկի հետ խոսի այդ լեզվով. Ալեքսանդր Դյումա

Ալեքսանդր Դյումա հայրը բեղմնավոր գրող էր. իր կյանքի ընթացքում գրել է շուրջ երեք հարյուր ստեղծագործություն: Նա մի անգամ գրազ է գալիս, որ կարող է վեպ գրել երեք օրում և հաղթում է գրազը:
Դյումայի համար ստեղծագործելու պահին գույները կարևոր էին: Նա բանաստեղծությունները գրում էր դեղին թղթի վրա, հոդվածները` վարդագույնի, իսկ վեպերը` կապույտի: Արևելյան Եվրոպայում անցկացրած արձակուրդների ժամանակ Դյուման ի վիճակի չի լինում համալրել իր կապույտ թղթի պաշարը, և ստիպված օգտագործում է բաց դեղնավուն թղթեր: Նա համոզված էր, որ այդ ժամանակ գույնի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունեցել իր գրածի վրա:
Մեջբերումներ Դյումայի «Ասկանիո» գրքից…

► Հասկանալի է, թե երազանքի պահին սիրահարվածի երևակայությունն ուր կարող է տանել:
► Երբ ինձ մերժում են, ես պահանջում եմ. երբ դիմադրում են՝ հաղթում:
► Սիրահարված մարդու համար վեց օր սպասելը, ինչպես հայտնի է, հավասարազոր է վեց դարի:
► Սիրահարվածներն այնքան տարօրինակ են…
► Երկու սիրահարները միաժամանակ բարձրացրին գլուխներն ու նայեցին իրար: Բայց երբ նրանց հայացքները հանդիպեցին, պատանուն թվաց, թե հիմա կմեռնի, թեև աղջկա հայացքն անսահման քնքշություն էր արտահայտում: Անաղարտ ու պատանի էակներն, ասես երկնքում նախապես միացած, արդեն զգում էին, որ պատկանում են միմյանց և առաջին հանդիպումից սարսափած, տագնապահար սարսռում էին, չկարողանալով անգամ մի բառ արտասանել…
► Պատանին հանդիպեց իր սիրելիին անսպասելիորեն, և բոլոր նախապես մտածված արտահայտությունները, բոցաշունչ պատկերավոր բառերը, որոնք պետք է շարժեին աղջկա սիրտն ու ապշեցնեին նրան, ջնջվեցին հիշողությունից՝ չմնաց ոչ նախադասություն, ոչ բառ, ոչ վանկ…
► Հեռանալիս Ասկանիոն սիրած աղջկա վրա մի հայացք նետեց այն տևական հայացքներից մեկը, որոնց մեջ ամեն սիրահար կարողանում է շատ բան ներդնել. դրանք անհասկանալի են անիրազեկ մարդկանց, բայց լի են խորին իմաստով նրանց համար, ում ուղղված են: Եվ աղջիկը, անշուշտ, հասկացավ այդ խոսուն հայացքի իմաստը, որովհետև, երբ աչքերն ակամա հանդիպեցին երիտասարդի աչքերին, հանկարծ շիկնեց, և այդ զգալով, գլուխը խոնարհեց, ձևանալով, թե զննում է ասեղնակարը և սկսեց անգթորեն ծակոտել ոչ մի մեղք չունեցող ծաղիկը…իսկ Ասկանիոյի հեռանալուց հետո աղջիկը հետ գցեց գլուխն ու խոր հառաչեց. ի դեպ, նրա հառաչանքի մեջ (այդպիսին է սրտի անբացատրելի գաղտնիքը) միախառնվել էր և՛ ափսոսանք, որ Ասկանիոն գնում է, և՛ թեթևության զգացում, որ նա արդեն չկա:
► Սիրահարները սքանչելի զրույցներ էին վարում. երազում ապագա երջանկության մասին, մտաբերում առաջին հանդիպումների քաղցր պահերը: Հաճախ նրանք բաժանվում էին՝ հանդիպման կարճատև րոպեների ընթացքում ոչ մի բառ չարտասանելով, բայց այդ տեսակցությունները շատ ավելի էին գոհացնում նրանց, քան որևէ զրույց: Նրանք երկար ժամանակ մեն-մենակ էին լինում և սիրում էին իրար, բայց հենց այդ միայնությունը նրանց մերձեցնում էր Աստծուն, ստիպում ավելի զգալ նրա ներկայությունը և սրբության պես պահպանել իրենց սերը:

► «Ես քեզ սիրում եմ». այդ չորս բառի մեջ բովանդակվում է մարդկային սրտի ամբողջ լեզուն, և ամեն մի սիրտ պետք է գեթ որևէ մեկի հետ խոսի այդ լեզվով:
► Երբ սիրում ես, շտապում ես բոլոր մտքերդ ու զգացմունքներդ կիսել սիրած էակի հետ, պատմել կյանքիդ մասին, ներկայի, անցյալի, ապագայի մասին: Եվ ահա, երբ Ասկանիոն ու Կոլոմբան վերագտան խոսելու ընդունակությունները, պատմեցին միմյանց վերջին օրերի իրենց բոլոր վշտերը, բոլոր հույսերը: Այդ սքանչելի էր: Նրանց զգացմունքներն այնքան նման էին, ասես պատմում էին մեկը մյուսի մասին: Երկուսն էլ տառապել էին, բայց հիմա ժպիտով էին մտաբերում իրենց տառապանքները…
► Սիրահարների բերկրանքն անհնար է նկարագրել, անհնար է վերապատմել: Այն կարող է հասկանալ միայն նա, ով ապրել է այդ զգացումը: Անհնար է նկարագրել այդ անարատ ու սքանչելի պատանի էակների բառերը, հայացքները, ձեռքերի սեղմումը: Նրանց անբիծ հոգիները միախառնվում էին, ինչպես երկու վճիտ աղբյուր, չփոխելով ոչ իրենց հատկությունները, ոչ գույնը:
► Պատանին չէր կարողանում պատկերացնել, որ եկել է սիրած աղջկա մոտ, և թվում էր, թե քիչ առաջ իր սիրած աղջկան տեսել է երազում: Նա չէր հավատում, որ այդ անաղարտ տեսիլքը, որի քաղցրահնչուն ձայնը դեռ արձագանքում էր ականջներում, իսկ եթերային կերպարանքը քիչ առաջ սահեց-անցավ աչքերի առջևից, իսկապես նա էր, որի մի հայացքի համար դեռ երեկ իր կյանքը կտար …
► -Ի՞նչ կարող ես տալ սիրածդ պատանուն: Փա՞ռք, հարստությու՞ն, իշխանությու՞ն:
-Ոչ, ես պարզապես կաշխատեմ երջանկացնել նրան…
► Աստված ստեղծել է հրեշտակներին ոչ թե նրանց միացնելու համար, այլ` վատ մարդկանց ավելի լավը դարձնելու:
► Պատիժը ակնհայտ է դարձնում վիրավորանքը, իսկ վրեժը ծածկում է այն:
► Երբեք ուշ չէ լռելը, եթե գիտես, որ ստում ես:
► Կանայք այդպես են ստեղծված. նրանք և՛ ատում, և՛ սիրում են, իրենք էլ չիմանալով ինչու:
► -Ես միամիտ եմ՝ կյանքը չճանաչող երեխայի նման, բայց երբ դուք համբուրեցիք ինձ, ես ուրախության թրթիռ զգացի ու հասկացա, որ իմ պարտքն է այսուհետև պատկանել միայն ձեզ: Ձեր շուրթերը օրհնեցին մեր միությունը: Այո, այսուհետև ես ձեր հարսնացուն եմ ու կինը: Ես հավատում եմ միայն Աստծո ձայնին, որը հնչում է իմ հոգում ու ասում է ինձ՝ «այո»: Ահա իմ ձեռքը, այն պատկանում է ձեզ…-Կոլոմբա
► Սերը երկնային պարգև է և վեր է երկրային բոլոր բարիքներից:

Նյութը՝ Մարինե Մանջիկյանի/Citylife.am/