Citylife.am-ն այսօր ներկայացնում է երիտասարդ ռեժիսոր, “bridging stories” հայ թուրքական ծրագրի ֆոտոլրագրող Գրիգոր Պողոսյանի գեղարվեստավավերագրական ֆիլմը՝ «Ուր ենք գնում»։
Citylife.am- Միտքը․․․
Գրիգոր– «Ուր ենք գնում» ֆիլմը սկսել է նկարահանվել շատ սպոնտան, առանց որևէ սցենարի կամ «սցենարական պլանի»: Ինստիտուտի մտերիմ ընկերներիցս Արեն Ոսկանյանի ծննդյան օրն էր, ով արդեն դուրս էր մնացել ինստիտուտի «կինոարվեստ-հեռուստառեժիսուրա» բաժնից ուսման վարձը չվճարելու պատճառով: Մենք պաղպաղակ վերցրեցինք և գնացինք մեր ավանդական սրճարանը, որտեղ միայն սուրճ և խինկալի են մատուցում: Առաջին նկարահնման երեկոյից հետո տանը նայում էի նկարահանված նյութը և մի տեսակ հաճույք էի ստանում նկարածիցս, ներսումս խմորումներ կային պատերազմի ու հասարակ մարդկանց վրա դրա ազդեցության վերաբերյալ: Հաջորդ օրն արդեն պատրաստվել էի, թե ինչի մասին պիտի Արենին խնդրեմ, որ խոսի:: Անպայման ուզում էի, որ ֆիլմումս երևա Վանաձորի դեմքը, որն ինձ արվեստին կապող հիմնական օղակն է: Երրորդ օրվա նկարահանման ժամանակ հանդիպեցինք Էրիկին, ու ես հասկացա, որ ապագա ֆիլմը ուզում է լինել նաև Վանաձորի երիտասարդ արվեստագետների դիմանկար։
Citylife.am- Ժանրը․․․
Գրիգոր– Ֆիլմի գեղարվեստավավերագրական լինելու մասին: Ես սիրում եմ վավերագրել, բայց միայն վավերագրությունն ինձ չի բավարարում: Այստեղ ինձ օգնության եկավ ֆիլմի ֆինալի խաղարկային տեսարանը, որ անգամ չեմ հիշում՝ ստեղծագործելու որ փուլում եմ մտածել: ԻՆչ խոսք, ահռելի տարածքում մասսայական տեսարան նկարահանելը սկսնակի համար բարդ հանձնարություն է, և, անկեղծ ասած, մասսայական տեսարանի նկարահանումից առաջ վախենում էի, որ չեմ կարողանա կառավարել այդքան շատ մարդկանց այդքան մեծ տարածության մեջ, բայց ստացվեց: Այդ ժամանակ ռեժիսոր ընկերնրիցս մեկը՝ Արթուր Մանուկյանը արդեն բանակից վաղաժամ հետ էր եկել, ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով, ու համաձայնեց լինել տեսարանի օպերատորը: Երբ օպերատորդ մի մարդ է, ում հետ առաջին ֆիլմերն ես նայել կյանքումդ, ում հետ առաջին անգամ ձեռքդ ես վերցրել տեսախցիկն ու առաջին վիդեո և ֆոտո վավերագրություններ ես արել, միասին աշխատելը առավել քան հեշտ է․ իրար հասկանում եք կես խոսքից:
Citylife.am- Երաժշտությունը․․․
Գրիգոր– Ազգությամբ թունիսցի Բելգիայի քաղաքացի կոմպոզիտոր Ռոման Սքայլլեթի հետ աշխատելը, ով հեղինակել է ֆիլմի ֆինալի երաժշտությունը, և ում հետ ծանոթացել եմ Երևանում տեղի ունեցած ոչ ֆորմալ կրթության «Մտածելով և գործելով խաչաձև» ծրագրի ժամանակ, բավականին հետաքրքիր ստացվեց: Մոնտաժված ֆինալի տեսարանն առանց անգլերեն սուբտիտրերի ուղարկեցի իրեն և ասացի, որ այս տեսարանի համար մի էնպիսի երաժշտություն եմ ուզում, որ անընդհատ ձգտի դոմինատության, բայց երբեք կադրից դոմինանտ չդառնա և որոշակի տրագեդիկ ասոցիացիաներ պարունակի իր մեջ: Մեկ շաբաթ անց նա ինձ ուղարկեց երաժշտությունը, որն ըստ ինձ այնպիսին է, կարծես նա հասկացել էր հայերեն ասված խոսքերը:
Citylife.am- Արդյունքը․․․
Գրիգոր– Այս ամենի արդյունքում մենք ստացանք այն սոցիալ քաղաքական Վանաձորի և Վանաձորի երիտասարդ արվեստագետների դիմանկարը, որի վերնագիրը ծնվեց վերջում, նայում էի ֆիլմը ու մտածում այն մասին, որ ամբողջ ֆիլմի ընթացքում կերպարները քայլում են, ինչ-որ անհայտ տեղ են գնում, իսկ իրականում ես գիտեմ, որ պարզապես գնալու տեղ չունեն, բայց գնալ են ուզում, դրա համար էլ քայլում են, ու առաջացավ վերնագիր, որն արդեն պատրաստի ֆիլմը առավել հասկանալի դարձրեց: Ֆիլմն ամբողջությամբ դարձավ մեկ գլոբալ հարց մի շարք ենթահարցերով ու Վանաձորյան դեպռեսիվ տրամադրությամբ:
Citylife.am- Ե՞րբ ֆիլմը հասանելի կլինի։
Գրիգոր– Պրեմիերայի հետ կապված ինչ-որ ինֆո դեռևս չեմ կարող տրամադրել, որովհետև ինքս էլ չգիտեմ,չնայած նրան, որ ֆիլմը պատրաստ է։
Նյութը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/