Citylife.am- Աիդա արդյո՞ք կհիշեք այն դերը, որի շնորհիվ վաստակել եք ձեր առաջին գումարը:
Աիդա – Այո, Թայլանդում էր, որտեղ սովորել ու ավարտել եմ ավագ դպրոցս։ Այդ ժամանակվանից արդեն հետաքրքրված էի թատերական արվեստով և դասընկերուհուս հետ որոշեցինք ներկայացում բեմադրել։ Քանի որ այդ ընթացքում ուսումնասիրում էի իտալական թատրոնը, որոշեցինք հենց իտալական ժողովրդական «Կոմեդիա դելլ Արտեի» արդեն իսկ հայտնի կերպարների շուրջ էլ ստեղծել մեր ներկայացումը։ Գրեցինք պիեսը, մշակեցինք կերպարները, մի խոսքով ստացանք մոտ 30 րոպե տևողությամբ ներկայացում, որտեղ 3 տարբեր կերպար էի մարմնավորում՝ ծեր ու խորամանկ բժիշկ Իլ Դոտտորե, մելանխոլիկ ու սիրահարված Իզաբելլա, և ուրախ ու անհոգ Առլեքինո։ Քանի որ թատրոնի այդ տեսակն ավելի իմպրովիզային է, ենթադրում է հանդիսատեսի հետ անմիջական շփում և, հաշվի առնելով, որ առաջին ներկայացումս էր լինելու չափազանց հուզված էի։ Հիշում եմ, որ նույնիսկ մի քանի օր առաջ փոշմանել էի և ուզում էի հրաժարվել, բայց հետո հասկացա, որ պետք է հաղթահարեմ «վախս» ու անեմ իմ առաջին քայլը։ Բավական հետաքրքիր ներկայացում ստացվեց։ Իսկ տոմսերի վաճառքից մոտավորապես 10000 դրամին համարժեք գումար աշխատեցի. ուրախությանս չափ չկար ։)
Citylife.am- Շատերը մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվում են իրենց առջև որոշակի էտալոն ունենալով: Ունե՞ք կուռքեր այս ասպարեզում:
Աիդա – Կան շատ դերասաններ, ում գործունեությանը հետևում եմ, սիրում եմ և ոգեշնչվում նրանց աշխատանով։ Նրանցից են Քեյթ Վինսլեթ, Քեյթ Բլանշետ, Բրի Լարսոն, Քրիսթեն Ռիթթեր, Մարիոն Կոտիյրդ, Պոնոլոպե Կրուզ, Միշել Վիլլիամս։ Չնայած բոլորն էլ վառ անհատականությամբ դերասանուհիներ են՝ ունեն մի ընդհանուր բան, շատ խորն են և «ոչինչ» չանելով՝ ավելին են անում ու ասում։ Իրենց մոտ առկա զգայական բարձր աստիճանին էլ ձգտում եմ հասնել։
Citylife.am- Որքանո՞վ եք սկզբունքային դերեր ընտրելու հարցում. ի՞նչ չափորոշիչների եք առաջին հերթին ուշադրություն դարձնում։
Աիդա – Կարևոր չէ, թե ինչ կերպար եմ մարմնավորում, կարևորը՝ ինչ ֆիլմ է, ինչ թիմ է աշխատում և ինչ գաղափարի հիման վրա է այն նկարահանվում։ Կարող է փոքր դեր լինի, կամ տհաճ կերպար բայց ես հասկանամ, որ հենց դա է ինձ այս պահին պետք։ Իսկ «պետք է»-ն կարող է լինել հոգևոր բավարվածությունից, մինչև նոր փորձ, դժվարություն և, ինչու՞ չէ, նաև գումար վաստակելու միջոց։ Բայց նորից եմ նշում՝ կարևորը պրոֆեսիոնալ թիմն է։
Citylife.am- Կա արդյո՞ք դեր, որն ամենից շատ եք սիրում և եթե այո ,ապա ինչու՞:
Աիդա – Սիրում եմ բարդ, բազմաշերտ կերպարներ։ Մեծ հաճույքով աշխատում եմ ավելի մութ ու խորը կերպարներ, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ և անդադար սեփական անձի հետ կռիվ տալով բացահայտում են իրենց թաքնված կողմերը։
Citylife.am- Բնակվում եք ԱՄՆ-ում, աշխատում եք որպես հաղորդավարուհի: Հետաքրքիր է՝ ձեզ ավելի շատ որտե՞ղ եք լավ զգում` հաղորդավարության, թե՞դերասանության ոլորտում:
Աիդա – Իհարկե դերասանական ոլորտում։ Այս պահին ուղղակի այնպես է ստացվել, որ նաև զբաղվում եմ հաղորդավարությամբ. չեմ կարող ասել, որ դա ինձ մոտ հիանալի է ստացվում և ինձ է պատկանում, սակայն փորձում եմ հնարավորինս շատ բան սովորել, որպեսզի գոնե պրոֆեսիոնալ առումով լինեմ գրագետ հաղորդավար։ Միայն տեսախցիկի հետ աշխատել իմանալը շատ քիչ է, պետք է մշտապես տեղեկացված, սուր ու անսպառ լինել։ Հենց դրա վրա էլ աշխատում եմ։ Իսկ դերասանական աշխահրն արդեն այլ է։ Կարող եմ տրվել այդ ոլորտին ու երբեք չհոգնել։
Citylife.am- Ձեր նպատակներին հասնելու համար ի՞նչ կանեք :
Աիդա – Եթե անկեղծ, ապա չեմ կարող ասել, որ ամեն ինչ։ Այդ «ամեն ինչ»-ին պատրաստ լինելը, մի գուցե, ավելի հեշտացնի ճանապարհս, բայց արդեն ձեռքբերումս իմը չի լինի։ Աշխատել, չհոգնել, չհիասթափվել․այ դա պետք է կարողանալ անել անընդհատ։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի տեսնել արդյունքը, իհարկե, եթե այդ ամենը նաև համեմված է բախտի գործոնով։
Citylife.am- Ունենու՞մ եք կյանքում հիասթափություններ: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս եք հաղթահարում անկումները:
Աիդա – Անկումներ իհարկե ունենում եմ, բայց փառք Աստծո դեռ չեմ հիասթափվել, կամ էլ այնքան փոքր են եղել ու պահի տակ, որ այսօր արդեն չեմ հիշում և լինելով լավատես՝ չեմ խորանում և փորձում բարդացնել որևէ առաջացած խնդիր։ Գրեթե ամեն օր կարող է իմ առջև գոյացած պատերի հանդիպեմ, երբեմն դրանցից ավելի եմ ոգևվորվում, երբեմն էլ անկումներ եմ ունենում։ Դա է դժվարը՝ չհիասթափվել հենց այդ անկումների ժամանակ, որը կլինի ամենահեշտ տարբերակը ։ Իսկ անկումային մտքերը կարողանում եմ շրջանցել օրինակ մի երգի, ֆիլմի, հաճելի զրույցի կամ սպորտի շնորհիվ. դրանք մաքրում են մտքերս և օգնում, որ ավելի թարմ ուժերով շարժվեմ առաջ։
Citylife.am- Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հեռուստադիտողն ու հանդիսատեսը Աիդա Թորոսյանից։
Աիդա – ․․․Որ կտեսնեն ավելի լավ մասնագետի քան տեսել են երեկ՝ կլինի դա թե՛ դերասանական, թե՛ հաղորդավարական ոլորտում:
Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/