Citylife.am-ը այսօր զրուցել է հաղորդավար, գրող Համլետ Առաքելյանի հետ:
Citylife.am- Մանկությունը…
Համլետ– Իմ մանկությունն անցել է ինքս ինձնով ստեղծած թատերական միջավայրում: Ես պատրաստում էի մոնոներկայացումներ, հանդիսատեսս իմ ընտանիքն էր, որը ոչ միշտ էր կարողանում նույն սիրով և ոգևորությամբ նայել իմ ներկայացումները: Ամենավառ հիշողությունն իմ ներկայացումներն էին, այդ չգիտակցված միտումը ոչնչից ստեղծել ինչ-որ բան: Ժամանակին բոլորս ունեինք նոթատետր, որտեղ մեր ընկերները պատասխանում էին մեր հարցերին: Ես արտատպում էի նրանց ձեռագրերը և խաղեր խաղում նրանց գլխին: Արկածներ շատ եմ սիրել: Ծնողներս նկարագրում են ինձ որպես սուպերակտիվ, սրամիտ ու կենսուրախ:
Citylife.am- Քայլերը դեպի հեռուստատեսություն…
Համլետ– Հաճախում էի լատինոամերիկյան պարերի: Այդ Ժամանակ յոթ-ութ տարեկան էի ու արդեն ունեի այդ երազային պատկերացումները հեռուստատեսության մասին: Մի անգամ մի հաղորդաշարից եկան մեզ մոտ պարի մասին հաղորդում նկարահանելու, որի ժամանակ նաև հարցազրույց էր լինելու: Քանի որ ես մեր խմբի լիդերներից էի, իմ վարպետը` Մարիաննա Մամյանը, առաջարկեց ինձնից վերցնել հարցազրույց: Միայն հիշում եմ, որ նկարահանումից հետո վարպետս գրկել էր ինձ և գովեստի խոսքեր էր ասում բովանդակալից խոսելու համար: Մոտ տասը օր անց մեր տուն զանգահարեցին «Կենտրոն» հեռուստաընկերությունից, ասացին, որ «Ի՞նչ է, ո՞վ է» հաղորդաշարի հաղորդավարը մեկնել է երկրից և առաջարկեցին ինձ վարել տվյալ հաղորդումը: Իմ մեծ ցանկության շնորհիվ ծնողներս տվեցին իրենց համաձայնությունը: Այն ժամանակ դեռ ատամնաշարս էլ ամբողջովին չէր ձևավորվել, բայց ես ինձ լուրջ հաղորդավար էի համարում: Այսպիսին էին իմ փոքր ու վստահ քայլերը դեպի հեռուստատեսություն:
Citylife.am- Ստեղծագործություններն ու ոգեշնչման աղբյուրը….
Համլետ– Ես երբեք չեմ խոսում իմ ստեղծագործությունների մասին, քանի որ չեմ կարողանում արտահայտել իմ զգացողությունները գրելու պահին: Իմ առաջին բանաստեղծությունը գրել եմ 14 տարեկանում. ընկերներիս հետ քայլում էի և զգացի, որ չպետք է կորցնեմ այս պահը, պետք է պահեմ այն ու գրեցի: Ինչպես ցանկացած գիտակից պոետ, ես ևս ունեմ մուսա. չեմ ասի` ով է նա, մեկն է ում ես շատ սիրում եմ: Սիրային պոեզիայի ներշնչման աղբյուրը նա է, իսկ ոչ սիրային պոեզիայինը՝ տվյալ պահն է, պահի հույզի ամրագրումը:
Citylife.am- Երազանքները…
Համլետ– Ես երազող եմ: Իմ կյանքում ամեն բանի հասել եմ երազելու կարողությունը չկորցնելու շնորհիվ, ես հավատում եմ երազանքին: Շատերը տարանջատում են երազանքն ու նպատակը, ինձ համար դրանք հավասար են. երկու դեպքում էլ պետք է հավատալ: Կյանքիս մեծագույն նպատակը սեփական արվեստի դպրոց ունենալն է: Ես այժմ ծավալում եմ դասախոսական գործունեություն, բայց գիտեմ` մի օր դա ինձ չի հերիքի: Արվեստի դպրոց ունենալու խնդիրը այդ պատերն ունենալը չէ. ուզում եմ ստեղծել մի վայր, որտեղ փոքրիկները կարարեն արվեստ: Հեռուստատեսության հետ կապված բոլոր երազանքներս քայլ առ քայլ իրականանում են:
Citylife.am- Հավատն ինձ համար…
Համլետ– Ես կարծում եմ` հավատը մարդու գոյության միակ ապավենն է, համենայնդեպս իմ դեպքում այդպես է, այլ բան է, թե մարդն ինչպես է արտահայտում իր հավատը. հավատում է տիեզերքի՞ն, Աստծու՞ն, որքա՞ն է հավատում: Եթե ես չհավատայի, չէի լինի այն, ինչ կամ: Պետք է հավատալ, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ թե սահմանափակ է ու ճնշում է մեզ, այլ մեզ տալիս է բազում հնարավորություններ: Եվ պետք է հավատ ունենալ այդ հնարավորությունները տեսնելու համար: Իմ բոլոր քայլերը դրդված են եղել հավատից և իրականացել են հավատի շնորհիվ:
Citylife.am- Սերը…
Համլետ– Սերը ինձ համար բացարձակ դրական հույզ է: Սերն ու հավատը մեծ հաշվով նույնն են: Աշխարհը չի կարող գոյություն ունենալ առանց սիրո, կյանքը, օդը և ամեն ինչ սեր է: Եթե անգամ մարդը պայքարում է սիրո դեմ, այդ կերպ հաստատում է նրա գոյությունը: Երբ այդ բոլոր դրական հույզերը ամփոփվում եմ մեկ մարդու մեջ, նա դառնում է քո կյանքի Նան: Դա աննկարագրելի երևույթ է, որը բառերով արտահայտել շատ դժվար է:
Citylife.am- Հիասթափությունը…
Համլետ– Հիասթափություններս մարդկանցից են եղել, կյանքում որևէ մեծ հիասթափություն չեմ ունեցել: Մարդկանցից հիասթափվել եմ, քանի որ սպասումներս չեն արդարացրել, բայց համակերպվել եմ այդ հիասթափությունների հետ:
Citylife.am- Լույս զվարթ…
Համլետ-Ես գիտակից տարիքում հեռուստատեսություն մտել եմ նման նախագիծ ստեղծելու գաղափարով: Վաղուց միտքը կար լինել առաջինը, ով հայկական հեռուստատեսություն կբերի այս տեսություններով հոլովակների շարք: Այս տեսությունները սկսել եմ ուսումնասիրել 13 տարեկանից: «Առաջին ծրագիր» մտնելու առաջին օրվանից ես պատրաստվել եմ մեդիտատիվ տեսանյութեր, որտեղ միայն իմ ձայնն էր: Հետո, երբ որոշվեց փոխել ֆորմատը և ես պետք է լինեի կադրում, ընտրեցինք «Լույս զվարթ» անունը. այն լավագույնն է արտացոլում հոլովակների նպատակն ու բովանդակությունը: Իմ կյանքում շատ են եղել դեպքեր, երբ ես կարիք եմ ունեցել լսելու, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց ես այդ հոգեվիճակից դուրս եմ եկել ինքս իմ մեջ ներսուզվելով, կարդալով: Եվ հիմա իմ պարտականությունն եմ համարում նման վիճակում գտնվող մարդկանց հավատացնել, որ ամեն ինչ լավ է լինելու, և կա լույս, պետք է հավատալ:
Citylife.am- Ձեր ամենամեծ բացահայտումը:
Համլետ– Կա ինչ-որ ուժ, որն ինձնից վեր է:
Citylife.am- Մարդ կամ դեպք, որը փոխեց ձեզ:
Համլետ– Իմ ընկեր Լիլիթը:
Citylife.am- Ֆիլմ, որն անվերջ կարող եք նայել:
Համլետ– <<Կյանքի ծառը>>
Citylife.am- Գույն, որը նկարագրում է ձեզ:
Համլետ– Բաց կապույտ:
Citylife.am- Ձեր ամենասիրելի վայրը:
Համլետ– Իմ թեյի ու գրքի սեղանը:
Citylife.am- Բույր, որը հուշեր է արթնացնում:
Համլետ– Նրա օծանելիքի բույրը:
Citylife.am- Նախագիծ, որին անհամբեր սպասում եք:
Համլետ– «Լույս զվարթի» էքսկլյուզիվ տարբերակը:
Citylife.am-Ոլորտ, որտեղ ցանկանում եք լինել:
Համլետ-Գրականության ուսուցում:
Citylife.am- Ձեր ամենամեծ ուժը:
Համլետ– Մայրս է:
Citylife.am- Ձեզ համար կյանքից թանկ է…
Համլետ– Մայրս:
Citylife.am- Երազում եք…
Համլետ– Երազում եմ, մի´շտ:
Citylie.am- Շնորհակալ եմ դրական ու անկեղծ զրույցի համար, բազում հաղթանակներ եմ մաղթում:
Հարցազրույցը՝ Հասմիկ Մարտիրոսյանի/ Citylife.am/