Հաղթանակը տոնում են նաև Մարսելում. Միջոցառում նվիրված Շուշիի ազատագրման 25-րդ տարելիցին

Շուշիի ազատագրման 25-րդ տարելիցը տոնում են ողջ աշխարհի հայերը: Ֆրանսիայի Մարսել քաղաքի մեր հայրենակիցները, ևս զերծ չեն մնացել և Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցում Տեր Արամ քահանա Ղազարյանի գլխավորությամբ հոգեհանգստյան աղոթք են կատարել Արցախյան ազատամարտում նահատակված մեր քաջերի համար։


Եկեղեցու բակում կա խաչքար, որը ևս հավերժացնում է նրանց նահատակությունը։ Աղոթքից հետո ծաղկեպսակներ են զետեղել խաչքարի առջև։


Հարգանքի տուրքը մատուցելուց հետո, փոքրիկ մենահամերգով է հանդես եկել Հայաստանից մեկնած ժողովրդական, ազգագրական երգիչ Դավիթ Հակոբյանը, որի երգաշարը բաղկացած է եղել հետևյալ երգերից.
«Կենաց հայերի», «Ձոն հայոց քաջերին», «Հայ քաջեր», «Հրով լինի», «Սասնա յարխուշտա», «Գարեգին Նժդեհ-հուռա հուռա», «Ախպերս ու ես», «Կարոտի կանչով», «Հայեր միացեք»:
Երգչի տպավորություններն աննկարագրելի էին, քանի որ բազմիցս է եղել Մարսելում, բայց առաջին անգամն էր, որ մենահամերգով էր հանդես գալիս: «Հանդիսատեսը շատ ջերմ է. շատ կարոտած աչքեր նկատեցի:
Հպարտ եմ, որ ներկայացնում եմ ազգային հայրենասիրական երգերը հատկապես սփյուռքում, քանի որ հայապահպանման խնդիր կա նաև». նշեց Դավիթը:
Նա իր ելույթով ոգևորել և մեծ հայրենասիրական եռանդով է լցրել հայրենիքից դուրս բնակվող մեր հայերի ոգիները։


Համերգը կրկին անգամ ընդգծել է մեր 25 տարիների կերտած հաղթանակը։
«Շնորհավորում եմ ամբողջ աշխարհի հայությանը և խոնարվում եմ մեր հերոսների առջև, որոնց շնորհիվ կերտեցինք մեր փառահեղ հաղթանակները». Հավելեց Դավիթը: Citylife.am-ը ևս մինանում է մեր հայրենակիցների շնորհավորանքներին, և մաղթում մեր երկրին միմիայն խաղաղություն:

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/

Լուսանկարները՝ Հովսեփ Մանուչարյանի։ Մարսելից հատուկ Citylife.am-ի համար: