Խմբի ներսում «հիստերիկ» ընկերական մթնոլորտ է․ «Խնձորի սոկ»

Citylife.am-ը զրուցել է «Խնձորի սոկ» ռոք խմբի անդամների հետ:

Citylife.am- Ինչպե՞ս առաջացավ խմբի այսքան հետաքրքիր ու համեղ անվանումը։

Հարություն (պրոդյուսեր)– Մեր նկարիչ ընկերներից մեկը որոշել էր սկսել նկարների շարք, որը կոչվում էր «Խնձորի սոկ»: Հետո նախագիծը ինչ-ինչ պատճառներով չիրականացավ: Քանի որ յուրահատուկ ու հետաքրքիր անուն էր, որոշեցինք մեր խումբն այդպես կոչել:

Citylife.am- Ի սկզբանե որոշված է եղել Ե. Չարենցի բանաստեղծությունների հիման վրա երգ ստեղծել. ի՞նչը խանգարեց շարունակել այս կերպ։ Սպասե՞նք ապագայում նմանատիպ աշխատանքների:

Վովա (բաս կիթառ)– Ցանկացած երաժշտի համար իր հեղինակային երգն ավելի արժեքավոր է և ավելի հաճելի աշխատել սեփական ստեղծագործության վրա: Մենք ունենք նման մի երգ` «Երազի պես անուշ», չեմ կարծում, որ նման շարք լինի, բայց նմանատիպ երգեր` հնարավոր է:

Citylife.am- Ինչպե՞ս որոշվեց նոր գործիքներ ավելացնել։ Ենթադրում եմ` երգերը ևս փոխվեցին, այնպես չէ՞։

Հարություն (պրոդյուսեր)– Տղաները վաղուց ուզում էին ստանալ լիարժեք երաժշտություն, քանի որ նախկինում խմբում երկու կիթառ էր, դա անհնար էր: Նոր գործիքներ ավելացնելու առաջարկը ես արեցի, տղաներն էլ միաձայն ընդունեցին որոշումը:

Citylife.am- Ինչպիսի՞ն է մթնոլորտը խմբի ներսում:

Վովա (բաս կիթառ)– Խմբի ներսում «հիստերիկ» ընկերական մթնոլորտ է:

Էմ (վոկալիստ)- Մեր կարծիքների ընդհանուր հայտարարը լինում է ամենալավն ու ամենասիրունը: Տարաձայնությունները ու կարծիքները շատ են խմբում, ու միշտ ընտրվում է իդեալական տարբերակը: Շփումն ընկերական է, իրար հանդեպ պարտք ու պահանջ չունենք:

Հարություն (պրոդյուսեր)– Խմբում բոլորի իրավունքները հավասար են: Լսում և ընդունում ենք միմյանց կարծիքը: Երգի բառերը և նախնական երաժշտությունը գրում է Էմը, մնացածը այդ հիմքի վրա կառուցում են տղաները: Տղաներից յուրաքանչյուրը ունի իր ներդրումը:

Citylife.am- Ի՞նչ պայմաններում են գրվում երգերը և համադրվում երաժշտության հետ։

Հարություն (պրոդյուսեր)– Գրեթե բոլոր երգերը գրվել են դեպրեսիվ վիճակում, բայց ոչ բոլոր երգերն են դեպրեսիվ: Երգի ստեղծումը հիմնված է զգայական համակարգի վրա. տղաներից յուրաքանչյուրն իր զգացողությունն արտահայտում է երաժշտության միջոցով:

Citylife.am- Է՛մ, ինչի՞ց եք ոգեշնչվում:

Էմ (վոկալիստ)– Ոգեշնչվում եմ ամենատարբեր երևույթներից: Անբացատրելի է. ես որևէ թեմա չեմ որոշում, բառերն ինքնստինքյան են գալիս: Բառերս մտածված ու հորինված չեն, այդ իսկ պատճառով էլ մեր երգերն անկեղծ են, հետաքրքիր երանգ ունեն:

Citylife.am- Հայտնի ռոք երգիչներից Ջոն Լենոնն ասել է` «Չգիտեմ` որն է առաջինը ստեղծվել` ռո՞քը, թե՞ Քրիստոնեությունը»։ Իսկ դուք ինչպե՞ս կարտահայտեք ձեր ռոքային մտքերը։

Էմ (վոկալիստ)– Նրա տեսանկյունն է, այդ ուղղությամբ երբեք չեմ մտածել: Ռոք իմ սիրելի ժանրն է, ինչպես էլ ստեղծագործեմ, ի վերջո դառնում է ռոք:

Վովա (բաս կիթառ)– Եթե ասել են, ուրեմն մի բան պատկերացրել են, ունեցել են նման զգացողություն: Ասել են ռոքի վերաբերյալ, որովհետև իրենց ժանրը ռոքն է, բայց այդ կարող էր լինել նաև փոփի մասին: Ամեն դեպքում մենք նման մտքեր չունենք:

 

Citylife.am- Ինչպիսի՞ն է հայկական ռոքը։

Հարություն (պրոդյուսեր)– Հայկական ռոքը հիմնականում ակումբային մակարդակի է: Շատ քիչ են այն խմբերը, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանից դուրս: Հայկական ռոք խմբերը հիմնականում մասնակցում են տեղի փառատոններին: Հայկական ռոքի դեպքում կա կարծրատիպ` երգել անգլերեն և, հիմնականում, քավր տարբերակներ, ինչն ինձ ամար սխալ է: Այդպիսով չի զարգանում և չի ձևավորվում հայկական ռոքը: Եթե արդեն ստեղծվել է խումբը, ինչու՞ չստեղծել սեփական երգերը: Մեզ համար սկզբունքային է ստեղծել մերը: Բնականաբար քավրներ լինում են: Յուրանքանչյուր համերգին տղաները ներկայացնում են իրենց նախընտրելի երկու-երեք երգերի քավր տարբերակները: Ինչպես նաև չեմ ընդունում նույն երգերով անընդմեջ համերգներ ունենալը. պետք չէ հոգնեցնել հանդիսատեսին: Կան հիանալի հայկական ռոք խմբեր, որոնց մասին քչերը գիտեն: Պետք է ապահովել սոցիալական ակտիվություն, ընդլայնել լսարանը, ընդունել առողջ քննադատությունը:

Էմ (վոկալիստ)- Կարծում եմ զարգացվածությունը կախված է նաև լսարանից: Հայկական ռոքի լսարանը այդքան էլ զարգացած չէ, զարգացած մասն էլ շատ քիչ է: Եթե տվյալ խումբը չներկայացնի որևէ յուրահատուկ ստեղծագործություն, առաջ շարժվելու շանսերը քիչ կլինեն:

Վովա (բաս կիթառ)– Հայկական ռոքը զարգանում է: Երբեմն ինքս էլ հետևում եմ, իհարկե ոչ նույն հաճախականությամբ, որով իմ նախընտրելի արտասահմանյան խմբերից որևէ մեկին: Պատճառը հայկական լինելը չէ: Կան հիանալի ռոք երաժիշտներ ու խմբեր, որոնք, ցավոք, չեն ատանում համապատասխան աջակցությունը:

 

Citylife.am- Կկիսվեք ձեր էմոցիաներով, երբ բեմում եք հանդիսատեսի ներկայությամբ։

Էմ(վոկալիստ)– Ես բեմում այն եմ, ինչ կամ, ուղղակի մի քիչ կարմրած)): Համերգի համար ո´չ հատուկ խոսելաձև, ո´չ պահվածք չեմ մտածում:

Վովա (բաս կիթառ)– Մարդկանց միշտ էլ հաճելի է նկատել անկեղծությունը, տեսնել այն, ինչ իրականում կա:

Հարություն (պրոդյուսեր)– Մեր անկեղծությունը նկարագրում է նաև մեր համերգների համար ընտրված թեմաները. առաջին համերգը կոչվում էր «Թարմ», քանի որ խմբի նոր կազմով էինք, երկրորդը` «Տնավարի», որովհետև համերգը շատ անմիջական էր, կարծես փորձ լիներ: Վերջին վեց ամսվա ընթացքում ունեցել ենք երեք համերգ, որի արդյունքում ձեռք ենք բերել փոքրաթիվ, բայց կայուն հանդիսատես: Համերգների ժամանակ իմ ուշադրությունը ուղղված է դեպի հանդիսատեսը, որի 70%-ը անգիր գիտեր մեր երգերը:

Citylife.am- Կա կարծիք, որ ռոքի սիրահարները տարօրինակ են, տարբերվող։ Դուք ի՞նչ նկարագիր կտաք ինքներդ ձեզ և ձեր լսարանին։

Էմ (վոկալիստ)-Այս հարցը հարաբերական է: Նույնը մտածում են ռոքի սիրահարները, որ մյուսները տարօրինակ են: Մարդու տեսակի, ճաշակի խնդիր է: Օրինակ, երբ ժողովրդական երգիչները երգելու ընթացքում ազգագրական պարի որևէ շարժում են անում, այն դիտվում է որպես էմոցիայի արտահայտման միջոց: Նույնն էլ ռոքում է. երգիչը կարող է արտահայտել իր էմոցիան` թափահարելով գլուխը կամ մազերը երեսին գցելով: Ռոքի սիրահարները տարօրինակ չեն, ուղղակի արտահայտում են իրենց զգացողությունները:

Citylife.am- Օրեր առաջ, ձեր երրորդ համերգի ժամանակ տեղի ունեցավ ձեր «Համր» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Մի փոքր պատմեք` ինչպե՞ս գրվեց սցենարը, ինչպե՞ս ընտրվեց դերասանուհին։

Հարություն (պրոդյուսեր)– Երգը վաղուց կար: Էմն այն գրել է ծառայության ընթացքում: Զորացրվելու հաջորդ օրը լսել եմ երգը և լսել եմ ոչ թե որպես պրոդյուսեր, այլ որպես հանդիսատես: Հենց այդ օրվանից տեսահոլովակի միտքը կար: Սցենարի գաղափարը տվել ենք ես և բեմադրող ռեժիսոր Լևոն Բադիկյանը, սցենարը գրել է Միքայել Վարդանյանը: Հերոսուհուն ընտրեցինք շատ պատահական: Երկար ժամանակ փնտրում էինք մի համարձակ աղջկա, ով այդ ցուրտ եղանակին` բոբիկ, ամառային զգեստով կվազեր ամբողջ տեսահոլովակի ընթացքում: Ունեցել ենք նկարահանման երկու հիանալի օրեր, որոնք տեղի են ունեցել Սևանա լճի ափին, Ազատի ջրամբարում: Տղաները ևս, ինչպես հանդիսատեսը, տեսահոլովակի վերջնական տարբերակը տեսել են համերգի ժամանակ:

Էմ (վոկալիստ)– Ես հիմնականում չեմ մեկնաբանում իմ երգերը, որովհետև դրանք որևէ արտառոց ենթատեքստ չեն պարունակում և իմ անձնական զգացողությունների հիման վրա են ստեղծվել: Յուրաքանչյուրն էլ իրեն հարազատ գոնե մի տող կգտնի:

Citylife.am- Որո՞նք են ձեր առաջիկա պլանները։

Հարություն (պրոդյուսեր)– Տղաները վեց ամիս անընդմեջ աշխատել են, առաջիկայում կարճատև հանգիստն է, որից հետո կլինեն մի քանի երգերի ձայնագրումներ, համերգ, մասնակցություն փառատոնների:

Citylife.am- Շնորհակալ եմ հարցազրույցի համար, մաղթում եմ նորանոր հաղթանակներ:

 

Հարցազրույցը՝ Հասմիկ Մարտիրոսյանի /Citylife.am/