
Citylife.am- Ինչպես՞ ստեղծվեց թատերախումբը: Մի փոքր պատմեք ձեր գործունեությունից:
Նարեկ- Թատերախումբը ստեղծվել է 2015 թվականին: Հիմնադիրն ու ղեկավարը ես եմ: Կան երեք հիմնական անդամներ` Հասմիկ Խոջյանը, Գրիգոր Գրիգորյանը և Արծրուն Չոբանյանը: Մնացած դերասանները հրավիրված են լինում: Որոշեցինք հիմնել թատերախումբ, քանի որ ուզում էինք մեր ցանկացած պիեսները և դերերը խաղալ, այլ ոչ թե ստիպողաբար, ինչպես որոշ դեպքերում լինում է պետական թատրոններում, որտեղ իրավունք չունես հրաժարվել դերից: Մեր առաջին ներկայացումը եղել է 2015 թվականի նոյեմբերի 30-ին: Ներկայացման անվանումն էր «Պատճառը սերն է, որը Յուջին Օ’Նիլի «Սերը ծփիների տակ» պիեսի հիման վրա էր: «Ցենտրալ Պարկ Ուեսթն» ընդամենը մեր երկրորդ ներկայացումն է:
Citylife.am- Յունոնա բավականին հետաքրքիր անվամբ եք հանդես գալիս: Ինչպե՞ս եք ընտրել անվանումը:
Նարեկ – Յունոնա անունը հռոմեական դիցաբանությունից է, Յուպիտերի կինն է: Հին հունական դիցաբանության մեջ Հերան է՝ Զևսի կինը: Դեռ պատանի հասակից որոշել էի իմ դստեր անունը Յունոնա դնել: Այդ ցանկությունը դեռ առկա է: Եվ երբ պետք է թատերախմբի անունը որոշեինք, ես առաջարկեցի հենց Յունոնան: Մեր թատերախումբը դրական արձագանքեց և վերջնական որոշվեց, որ այդ անվամբ էլ հանդես կգանք:
Citylife.am- Վերջերս հանդես եկաք ներկայացմամբ: Բեմադրության հեղինակը դուք էիք հանդիսանում: Ինչու՞ ընտրեցիք հենց Վուդի Ալլենի գործերից:
Նարեկ –Քանի որ մեր նախորդ ներկայացումը դրամա էր, որոշեցի այս անգամ կոմեդիայում մեզ փորձել: Կարդացի բազմաթիվ կոմեդիաներ, մի քանի գործ առանձնացրեցի, բայց վերջնական կանգ առա հենց Վուդիի «Ցենտրալ Պարկ Ուեսթի» վրա: Այս պիեսը եռապատման երրորդ մասն է: Դրանք իրար հետ հետ անմիջական կապ չունեն, բայց թեմատիկայով նման են: Ինքս ուսանող ժամանակ խաղացել եմ Վուդիի «Ռիվերսայդ Դրայվ» ներկայացման մեջ (բեմադրությունը` Հայկ Ստեփանյանի), որը այս եռապատման առաջին պիեսն էր: Ընտրեցի Ալլենի գործը, որովհետև իր կոմեդիաները տարբերվում են մյուսներից: Ինչպես գիտեք նա ինտելեկտուալ կոմեդիայի հիմնադիրն է: Նրա բոլոր գործերում առաջնայինը խոսքն է, այլ ոչ թե գործողությունը, ինչպես շատ ուրիշ կոմեդիաներում: Մեծ նշանակություն ուներ նաև Վուդիի հանրաճանաչությունը: Հայաստանում նա սիրահարների մեծ բանակ ունի: Այդ ամենը հաշվի առնելով որոշեցինք բեմադրել հենց նրա պիեսը:
Citylife.am- Այս պիեսը առաջին անգամ է բեմադրվել Հայաստանում : Ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը:
Նարեկ- Այս պիեսը ոչ միայն բեմադրվում է առաջին անգամ, այլ նաև թարգմանվել է առաջին անգամ: Թարգմանիչն Աննա Կարապետյանն է, ով իմ խնդրանքով թարգմանեց այս պիեսը։ Նշեմ նաև, որ շատ հաջող թարգմանություն էր, մանավանդ խոսակցական տեմպի առումով: Իսկ Վուդիի պիեսն առանց այդ տեմպի զրոյի է հավասար: Հանդիսատեսն ընդունեց շատ լավ, նույնիսկ մեր սպասվածից ավելի: Արձագանքները լայն տարածում ստացան: Հատկապես գոհ էին մնացել Վուդիի սիրահարները, հիմնականում կինոսերները, հանձինս ֆեյսբուքյան «Կինոֆան» խմբի անդամների, որոնց կարծիքները շատ կարևոր էին մեզ համար, քանի որ նրանք Ալլենի արվեստից լավատեղյակ են:
Citylife.am- Գոհ եք արդյոք՞ հայ հանդիսատեսից:
Նարեկ -Ոչ այնքան: Թատերական հանդիսատեսը Հայաստանում մեծ կոնտրաստի մեջ է: Ունենք շատ լավ, բայց նաև վատ հանդիսատես: Հիմնականում մեղավորն այնքան էլ հանդիսատեսը չէ, որքան մենք` թատրոնի, հեռուստատեսության ներկայացուցիչներս: Կարծում եմ` մենք հիմնականում սխալ պիեսներ, սխալ սերիալներ ու ֆիլմեր ենք ստեղծում: Իսկ հետո բողոքում, որ հայ հանդիսատեսը ճաշակ չունի: Մենք պետք է լավ գործ անենք, հետո նոր նրանցից ակտիվություն պահանջենք:
Citylife.am- Բացի Համազգային թատրոնից ուրիշ ,որտե՞ղ կարող է հանդիսատեսը ձեզ տեսնել:
Նարեկ– Մենք չենք խաղում Համազգային թատրոնի անվան տակ: Մենք պարզապես վարձակալում ենք այդ դահլիճը: Հաջորդ ներկայացումը լինելու է մայիսի 27-ին նույն դահլիճում, «ԱՐՏ Ֆեստ» փառատոնի շրջանակներում: Բանակցություններ են ընթանում նաև հյուրախաղերով Կապան մեկնելու և տեղի հանդիսատեսին մեր ներկայացումը ցուցադրելու վերաբերյալ:
Citylife.am- Ունեք արդյո՞ք այլ բեմադրություն, որով առաջիկայում կներկայանաք հանդիսատեսին:
Նարեկ– Կինոմատոգրաֆի ու թատրոնի կարևոր տարբերություններից մեկն այն է, որ ֆիլմի շուրջ աշխատանքների ավարտից հետո նկարահանման մասնակիցների աշխատանքն ավարտվում է և նրանք կարող են այլ աշխատանքի անցնել: Թատրոնում ամիսներ տևող փորձերից հետո կայանում է պրեմիերան, սակայն մեր հետագա աշխատանքը դրանից չի ավարտվում, որովհետև պետք է ժամանակ ծախսենլ ամեն հաջորդ ներկայացման վրա: Այդ պատճառով մեր թատերախմբում նոր գործեր տարին մեկ են բեմադրվում: Նաև հովանավոր ու գործընկեր չունենալու պատճառով ստիպված ենք հնարավորինս շատ խաղալ, որպեսզի տոմսերի վաճառքից ստացված գումարով կարողանանք հաջորդ ներկայացման ծախսերը հոգալ: Այս պահին նոր ներկայացման համար պիեսի փնտրտուքների մեջ ենք, ունենք 4-5 տարբերակ, սակայն վերջնական ընտրություն դեռ չենք կայացրել: Իսկ մինչ այդ խաղալու ենք «Ցենտրալ Պարկ Ուեսթը»:
Citylife.am- Շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար:
Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի /Citylife.am/