Լինում են դժվար պահեր կարիերայում, բայց չեմ ընկճվում դրանցից, քանի որ դրանք ժամանակավոր դժվարություններ են. Գոռ Մալաքյան

Citylife.am- Ի՞նչ է ձեզ համար ֆուտբոլը` աշխատա՞նք, ապրելակե՞րպ, թե՞ տարերք :

Գոռ– Ֆուտբոլը կյանք է, որով ապրում եմ արդեն 13 տարի: Ամեն օրդ ֆուտբոլի մեջ ես, մարզումների մեջ ես, ուստի դա ապրելակերպ է: Դու զբաղվում ես քո սիրելի գործով, որի համար վարձատրվում ես: Կարելի է ասել՝ այն և՛ ապրելակերպ է, և՛ աշխատանք:

Citylife.am- Իսկ եթե ոչ ֆուտբոլիստ ,ապա՞…

Գոռ– Սովորում եմ նաև Տնտեսագիտական համալսարանում՝ կառավարման ֆակուլտետում: Մյուս տարի կավարտեմ ուսումս: Եթե ֆուտբոլը չլիներ իմ կյանքում, միգուցե ավարտելուց հետո կմտածեի իմ այս մասնագիտությամբ աշխատելու մասին:Citylife.am-Ինչո՞վ է օգնում կամ խանգարում ֆուտբոլը առօրյա կյանքում:

Գոռ– Օգնում է նրանով, որ միշտ մարզավիճակի մեջ ես, առույգ ես ամեն օր: Խանգարում է նրանով, որ հեռու ես քեզ հարազատ մարդկանցից՝ ընտանիքիցդ, ընկերներիցդ: Քանի որ Հայաստանում չեմ խաղում, ուստի կարոտը մեծ է հարազատների հանդեպ. միայն դրանով է խանգարում:

 Citylife.am-Ֆուտբոլի կարիերան մեծ զոհեր է պահանջում, իսկ դուք ինչի՞ եք պատրաստ հանուն ֆուտբոլի:

Գոռ– Զոհում եմ առողջությունս . սպորտի մեջ ամեն րոպե կարող ես վնասվածք ստանալ, բայց եթե ունես նպատակ, դա չի կարող խոչընդոտել, որ հրաժարվես քո նպատակից:Citylife.am-Կա՞ն ոլորտներ բացի ֆուտբոլից , որոնք հետաքրքրում են Ձեզ: Ի՞նչ հոբբի ունեք :

Գոռ– Ֆիլմեր եմ սիրում դիտել: Եթե Հայաստանում եմ լինում, հիմնականում լինում եմ ընտանիքիս և ընկերներիս հետ:

 Citylife.am- Ե՞րբ հասկացաք, որ պետք է ֆուտբոլով զբաղվել :

Գոռ– Ֆուտբոլ սիրել եմ մանկուց, շատ եմ խաղացել բակի տղաների հետ: Պապիկս է ինձ տարել ֆուտբոլի: Միանգամից նպատակ եմ ունեցել ֆուտբոլիստ դառնալու: Citylife.am-Երբևէ մտադրություն ունեցե՞լ եք լքել ֆուտբոլը:

Գոռ– Ֆուտբոլը լքելու մտադրություն չեմ ունեցել երբեք: Լինում են դժվար պահեր կարիերայում, բայց չեմ ընկճվում դրանից, քանի որ դրանք ժամանակավոր դժվարություններ են, որոնք ի վիճակի ես հաղթահարել:

 Citylife.am-Կա՞  այնպիսի մի սովորույթ, որը անպայման իրկանացնում եք դաշտ դուրս գալուց առաջ:

Գոռ– Ո՛չ,  չկա այդպիսի սովորույթ:Citylife.am- Ամեն ֆուտբոլիստ գոլ խփելուց հետո յուրովի է արտահայտում իր ուրախությունը. ոմանք հանում են մարզաշապիկը: Իսկ ինչպե՞ս եք  դուք արտահայտում ձեր ուրախությունը:

Գոռ– Այդ պահին էմոցիաներն են թելադրում, թե ինչպես արտահայտես: Եղել են պահեր, որ բուռն եմ արձագանքել, եղել են պահեր՝ հանգիստ:Citylife.am-Եթե բախտ վիճակվեր ինքներդ հավաքեիք թիմ, ովքե՞ր կլինեին խաղացողների կազմում :

Գոռ– Հայաստանի ամբողջ հավաքականը:

Citylife.am- Շնորհակալ եմ, Գո՛ռ, հաճելի հարցազրույցի համար:

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/