
Citylife.am- Արթուր, ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք ձեր կյանքը կապել թատրոնին:
Արթուր- Կարելի է ասել՝ պատահական: Թատրոնի հանդեպ հետաքրքրություն միշտ եմ ունեցել. այն ինձ ձգում էր:
Citylife.am- Ձեր ընտանիքում եղե՞լ են դերասաններ:
Արթուր– Ոչ, ընտանիքում չկար մեկը, ով արվեստի հետ ուղիղ կապ ուներ:
Citylife.am- Ինչպե՞ս սկսվեց ձեր ստեղծագործական ուղին:
Արթուր– Ինստիտուտի տարիներին, երբ ավարտում էի առաջին կուրսը: Տարվա վերջն էր, մեր ամբողջ կուրսին հնարավորություն տրվեց հանդես գալ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:Citylife.am- Արթուր, 90-ականներին դերասանի մասնագիտությունը մերժված էր՝ այդքան էլ պահանջարկ չվայելող,այսօր է՞լ է այդպես:
Արթուր– Մերժված լինելու հետ համաձայն չեմ, մարդկանց միշտ էլ գրավում, ձգում էր արվեստն ու դերասանի մասնագիտությունը: Դրա վառ ապացույցն է մարդկանց ձգտումը լինել էկրանից այն կողմ, որպես դերասան` գոնե մեկ դրվագ : Ցավոք, այսօր ինչ-ինչ առումներով շատերին հնարավորություն է ընձեռնվում հանդես գալ՝ որպես դերասան: Ստացվում է՝ հետաքրքրությունը անհամեմատ շատ է, իսկ որակը՝ նկատելիորեն շատ քիչ:
Citylife.am- Ի՞նչ զգացիք առաջին անգամ, երբ որպես դերասան հայտնվեցիք տեսախցիկի առջև: Դժվարություններ չեք ունեցել:
Արթուր- Առաջին անգամ նկարահանվել եմ գովազդում: Արտառոց ոչինչ չեմ զգացել: Այդ շրջանում կարելի է ասել չկային ֆիլմեր, սերիալներ: Տեղական գովազդն էլ նոր սկսել էր զարգանալ: Դժվարություններ, իհարկե, եղել են և կլինեն, բայց սերը դեպի մասնագիտությունդ և ինչ-որ բան անելու ցանկությունը, հաղթահարում է ցանկացած դժվարություն: Զգացողությունները փոխվում են, երբ օրերից մի օր, արթնանալով տեսնում ես, որ մարդկանց ուշադրության կենտրոնում ես: Մարդիկ անսովոր կերպով քեզ են նայում (ժպտում է): Աստիճանաբար սկսում ես հարմարվել նոր կարգավիճակիդ: Citylife.am- Ինչպե՞ս ստացաք առաջին դերը, հիշու՞մ եք:
Արթուր- Առաջին դերս թատրոնում ստացել եմ Լևոն Շանթի <<Հին Աստվածները>> ներկայացման ժամանակ՝ ամբողջ կուրսով ընդգրկված էինք մասայական տեսարաններում: Երբ ընթանում էր հերթական փորձը, Վ.Շահվերդյանը ինձ բեմ կանչելով, շնորհակալական խոսքեր է ասում, անակնկալ կերպով հայտնում ներկայացման մեջ իմ դերակատարման մասին՝ Զաքարիա վանականի կերպարը պետք է մարմնավորեի: Գովեստի խոսքերն անսպասելի էին և շատ ոգևորող:
Citylife.am- Հանուն ինչի՞ եք պատրաստ թողնել ձեր մասնագիտությունը:
Արթուր- Անկեղծ ասաց չեմ մտածել այդ մասին: Երկընտրանքի առաջ կանգնելու հնարավորություն չեմ ունեցել` մասնագիտությու՞նս, թե՞ որևէ այլ բան: Հուսամ՝ նման <<հնարավորություն>> ոչ ոք չի ընձեռնի ինձ:
Citylife.am- Ամենաշատը մանկությա՞ն, թե՞ պատանեկության հիշողություններն եք փայփայում:
Արթուր- Մանկությունից շատ քիչ բաներ եմ հիշում, բայց այն անցել է բավականին հագեցած և մանկական: Իսկ պատանեկությանս հուշերը վառ են, այնտեղ էլ ձևավորվել եմ:
Citylife.am- Ունե՞ք ընկերներ, որոնց մանկուց եք ճանաչում:
Արթուր- Այո՛, ընկերներիս մեծ մասը մանկուց ինձ հետ են: Մենք շատ մտերիմ ենք:Citylife.am- Այսօրվա երիտասարդության մեջ կա միտում, որ ձեզ ուրախացնում է:
Արթուր– Ի տարբերություն շատերի, ես բավականին բարձր կարծիք ունեմ այսօրվա սերնդի մասին: Շատ խելացի են, ճկուն մտածելակերպով, համարձակ, նպատակասլաց, ուժեղ, գեղեցիկ: Հարկ եղած դեպքում կարողանում են ապացուցել, որ իրենք էլ ոչ պակաս կարող են դիմանալ փորձություններին, որի միջով անցնում են ավելի հասուն մարդիկ և նայելով երիտասարդներին ասում են` «ես ի՞նչ սերունդա , մենք ուրիշ էինք:Մեն՜ք,մեն՜ք,մեն՜ք… »: Ի դեպ մենք ու մեր ժամանակները ասողներ միշտ էլ կլինեն, ամբողջ խնդիրը նա է, որ ամեն բանի պետք է նայել իր ժամանակի մեջ և իր չափորոշիչներին համաձայն: Այնպես որ հիացած եմ աճող սերնդով:
Citylife.am- Ձեզ ավելի հօգեհարազատ է թատրո՞նը, թե՞ կինոն:
Արթուր– Երկուսն էլ սիրում եմ, բայց միանշանակ թատրոնը` այն իր մեջ ունի կենդանի շփում, շունչ, որ ոչ մի այլ բանի հետ չես փոխի:
Citylife.am- Վերջերս ավարտվեց <<Քավարան>>հերուստասերիալը, որտեղ մարմնավորում էիք մի մարդու, ով ոչնից չեր վախենում, ոչինչ չուներ կորցնելու: Ինչպե՞ս ստացաք առաջարկը: Ձեր խաղացած դերերը մի՞շտ են բացասական:
Արթուր– Գիտեք, ես էլ եմ արդեն սկսել մտածել ինչու՞ է այդպես: Գիտակցում եմ՝ բացասական կերպարի դժվարություններն ու հետաքրքրությունները, բայց չէի ցանկանա՝ ստացվեր այնպես, թե միշտ բացասական կերպար պիտի մարմնավորեմ: Ամեն դեպքում միշտ պատրաստ եմ՝ նոր, բարդ և հետաքրքիր առաջարկների:Բլից հարցեր
Ծննդավայրը- Երևան
Մանկության ամենավառ հիշողությունը– Իմ անչափ երազկոտությունը, որն ինձ այդպես էլ չի լքում:
Ձեր առաջին բառը- Չեմ հիշում, երևի մամա:
Ձեր առաջին բացահայտումը– Որ ինչ որ բան այն չի այս կյանքում:
Ձեր առաջին սերն ու հիասթափությունը- Դրանք շատ էին: Փոքր տարիքում միշտ սիրահարված էի տարիքով մեծ աղջիկներին, ովքեր անհասանելի էին, անգամ ուսուցիչներիցս մի քանիսին: Դասերի ընթացքում հիացած նայում էի նրանց, ու հաշվում օրերը, թե մյուս դասը երբ է գալու: (Ժպտում է)
Ձեր ամենասիրած վայրը– Տունը, որտեղ մեծացել եմ և ապրում եմ այժմ:
Ուտեստ, որն ամենաշատն եք սիրում– Մանկուց սպիտակաձավարն (манная каша) ինձ համար անփոխարինելի է:
Արարք, որը երբեք չեիք անի– Միշտ խուսափել եմ ստից` իր բոլոր դսևորումներով: Իսկ թե ինչ չեմ անի, դա երբեք չգիտեմ:
Հաջողություների ձեր ամենամեծ գրավականը– Ինձ, ցավոք, հաջողակ չեմ համարում, իսկ ինչին որ հասել եմ, դա միայն ձգտելու, համբերատարության, աշխատանքի շնորհիվ է:
Մարդ, ով փոխեց Ձեզ– Երբեք չեմ դադարում զարմանալ: Ինձ միշտ զարմացնում են մարդիկ և՛ լավ, և՛ վատ առումներով, և հենց նրանք էլ ինձ փոխում են, ավելի զգոն պահում:
Հարցազրույցը՝ Մարիամ Սուքեյանի/Citylife.am/