Citylife.am-ի հյուրն է դերասան էդգար Սարգսյանը:
Citylife.am – Ինչպե՞ս եղան առաջին քայլերը դեպի հեռուստատեսություն:
Էդգար– Առաջին դերս եղել է քասթինգի միջոցով: Հեռուտասերիալի երկու կերպարների համար հայտարարվել էր քասթինգ, մասնակցելով դերերից մեկը բաժին հասավ ինձ, մյուսը` ընկերոջս:
Citylife.am – Դեր, որը ձեր կարիերայում շրջադարձային եղավ:
Էդգար– Իմ գործունեության ընթացքում շրջադարձային եղավ առաջին կերտած կերպարս, քանի որ այդ ժամանակ դեռ տասնվեց տարեկան էի: Այդ դերից հետո էլ ստացա բավականին շատ հրավերներ:Citylife.am – Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ձեզ ավելի շատ դուր են գալիս բացասական կերպարները, և հենց այդ դերերն էլ գերիշխում են ձեր կերտած կերպարներում: Ինչ եք կարծում այս ամենը զուգադիպությու՞ն է, թե՞ հաշվի են առնում նաև ձեր կարծիքը:
Էդգար– Չեմ կարծում, որ իմ կարծիքն են հաշվի առնում: Երևի թե արտաքինի պատճառով էլ հենց այդ դերերն են գերիշխում իմ խաղացանկում:
Citylife.am – Էդգա՛ր, կարծես թե բավականին շատ եք սիրում դաջվածքներ: Մտավախություն չունեք, որ կգա մի ժամանակ, երբ այլևս ձեզ դուր չի գա այդքան շատ դաջվածքները:
Էդգար– Այո, շատ եմ սիրում դաջվածքներ: Հուսամ՝ ինձ դուր չեն գա դաջվածքները, երբ ես կլինեմ 60տարեկան: Իսկ հիմա գնալով ավելի եմ սիրում դաջվածքներ:Citylife.am– Վերջերս հնչեցրած այն հարցին, թե ինչու՞ ձեզ չենք տեսնում հեռուստաէկրաններին, պատասխանել էիք, որ ստանում եք առաջարկներ, սակայն մերժում եք հրավերները: Հետաքրքիր է՝ արդյոք ձեզ չե՞ք տեսնում այդ կերպարներում:
Էդգար– Իրականում հրավերները մերժել եմ, քանի որ կերպարներում կրկնողություն էր լինում. և հեռուստադիտողին կհոգնեցնեի՝ նույն կերպարներում հանդես գալով:
Citylife.am – Ըստ ձեզ ի՞նչ է պետք դերասանին իր տեսակը ունենալու, յուրօրինակ ու չկրկնվող լինելու համար:
Էդգար– Դերասանը իր տեսակը ունենալու համար նախ պետք է շատ աշխատի, որպեսզի տեղում չդոփի, պետք է իրեն գտնի բոլոր ժանրերում և մեծ քայլ անելուց առաջ հասկանա՝ պատրա՞ստ է այդ ամենին, թե՞ ոչ: Չպետք է գայթակղվի գլխավոր դեր ստանալու առաջարկից: Նախ պետք է մտածել նրա մասին՝ արդյոք չես հիասթափեցնի հեռուտադիտողին, քանի որ մենք՝ հայերս, շատ յուրահատուկ հանդիսատես ու հեռուստադիտող ենք: Շատ դժվար է միշտ արդարացնել ինքդ քեզ՝ քո կերպարներում:Citylife.am – Եթե ձեզ տրվեր հնարավորություն ձեր կյանքում մեկ բան փոխելու, ի՞նչը կփոխեիք :
Էդգար– Կփոխեի բնավորությունս:
Citylife.am – Պատկերացնու՞մ եք ձեր կյանքն առանց նկարահանումների կամ ձեր կերտած կերպարների:
Էդգար– Անկեղծ ասած՝ ոչ: Սիրում եմ իմ աշխատանքը:
Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/