Եթե աճպարարը հանդիսատեսին չի գոհացնում, մեղքն իրենն է, ոչ թե հանդիսատեսինը. Վարդան Ամիրյան

Այն հարցին, թե ինչպե՞ս դառնալ աճպարար, այն էլ Հայաստանում, Citylife.am-ը գտավ պատասխանը՝ այցելելով Հայաստանի աճպարարների միություն (ՀԱՄ), որի հիմնադիրն է Վարդան Ամիրյանը: Citylife.am- Աճպարարը անսովոր, հզոր, խելացի և խորագիտակ ունակություններով օժտված պետք է լինի:  Վարդա՛ն, Ինչպե՞ս որոշում կայացրիք դառնալ աճպարար:

Վարդան – Շատ ճիշտ հարց տվեցիք: Հարցն իր մեջ նաև պատասխան ուներ: Աճպարարությունը ոչ միայն արվեստ է, այլ նաև գիտություն: Որպես մասնագիտություն, ցանկություն չունեի դառնալ աճպարար: Սերը դեպի աճպարարությունը ունեցա Հարություն Հակոբյանի ելույթների շնորհիվ: 14 տարեկանից սկսեցին իմ փորձերը այս ասպարեզում: Այն իրականում շատ բարդ արվեստաձև է: Պետք է ունենալ ոչ միյայն մտավոր ունակություններ, այլև ճկունություն, տրամաբանություն: Գիտության մեջ կան ճյուղեր` քիմիա, ֆիզիկա, հոգեբանություն, որը աճպարարը պետք է ուսումնասիրի:

Citylife.am- Հոբբի՞, թե՞ մասնագիտություն.  ի՞նչ է ձեզ համար աճպարարությունը:

Վարդան – Մասնագիտություն: Եթե մարդն իր ամբողջ կյանքը զբաղվում է մի գործով, դրանով է գումար վաստակում, դա արդեն մասնագիտություն է, ինչպես օրինակ՝ դերասանը կամ երգիչը: Citylife.am- Անկատար հիշողությունը աճպարարի լավագուն ընկերն է, որի տեսողական պատրանքի հիման վրա էլ ցուցադրվում են զանազան հնարքներ: Դուք երբևէ բախվե՞լ եք այնպիսի «վատ» հանդիսատեսի հետ, ով բացահայտել է ձեր հնարքները:

Վարդան– Եթե աճպարարը հանդիսատեսին չի գոհացնում, մեղքն իրենն է, ոչ թե հանդիսատեսինը, քանի որ հնարավորությունները շատ են նույն պահին համարը փոխելու և իմպրովիզացիաներ անելու համար:

Citylife.am- Նախքան համար ցուցադրելը այն նախօրոք ազդեցություն թողա՞ծ պետք է լինի ձեզ վրա:

Վարդան – Այո՛, ազդեցություն պետք է ունեցած լինի: Օրինակ՝ երգիչները վերցնում են միմյանց երգերը` ձևափոխում, դարձնելով իրենցը: Աճպարարության մեջ նույնպես կան համարներ, որոնք կրկնվում են: Ինքս ունեմ համարներ, որոնք կրկնվում են, սակայն հարմոնիաները փոխելով, ավելի գեղեցկացնելով՝դարձնում եմ իմը: Citylife.am- Հիշու՞մ եք ձեր առաջին ներկայացումը: Այն ինչպիսի՞նն էր:

Վարդան – Առաջին ներկայացումս եղել է Գեորգի Հովակիմյանի հետ. Ամանորին նվիրված ներկայացում էր: Այդ ժամանակ ընդամենը երկու աճպարարական հնարք գիտեի:

Citylife.am- Վարդա՛ն, հոգեկան հմայնքն ու հմտությունները օգտագործու՞մ եք ձեր կյանքում:

Վարդան – Այո, առանց դրա չի կարող լինել: Դա էներգետիկ դաշտն է մարդու, դա զուգահեռ եթերային կյանքն է:Citylife.am- Նոր համար ստեղծելիս իմպրովիզացիաներ անու՞մ եք, թե՞ կան հստակ կանոններ:

Վարդան – Կան կանոններ, որոնք պետք է իմանաս. դրանք հստակ են, որոնք կօգնեն համար ստեղծել, ինչպես այբուբենն է:

Citylife.am-  Աճպարարությունը դա նվե՞ր է, թե՞ քրտնաջան աշխատանքի արդյունք:

Վարդան – Շատ դիպուկ ասացիք ինձ դուր է գալիս այդ հարցը: Այն նվեր է Աստծո կողմից, որը պետք է զարգացնես քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Սկզբնական շրջանում ես աշխատում էի 18 ժամ: Տարիներ շարունակ այդ գրաֆիկով աշխատում էի, որպեսզի այսօր հասնեմ պրոֆեսիոնալ մակարդակի:

Citylife.am- Ձեր կինը նույնպես զբաղվում է աճպարարությամբ, միասին աշխատելու մտահաղացումը ձե՞րն է:

Վարդան – Կինս շատ արվեստասեր է, սիրում է բեմը: Հնարքները ես եմ սովորեցրել, նա սիրով կատարում է: Նա ոչ միայն իմ կինն է, այլ նաև գործընկերս: Citylife.am- Նվազել է աճպարարների աշխատանքը Հայաստանում, պատճառն ինչու՞մն է:

Վարդան – Ցանկացողները շատ քիչ են: Նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկայանալ հանդիսատեսին, խնրիր ունեն նաև հանդիսատեսի: Այսօր այդ խնդիրը կա:

Citylife.am- Կգա՞ ժամանակ, երբ Վարդան Ամիրյանին կտեսնենք գինեսի ռեկորդների գրքում:

Վարդան – Եթե հարցնում եք, ուրեմն կգա այդ ժամանակը (կատակում է): Հայ աճպարարներից Սոս Պետրոսյանը գրանցված է ռեկորդների գրքում: Նա իր առաջին քայլերը ինձ մոտ է սկսել:

Citylife.am- Խոսենք մի փոքր աճպարարների միությունից: Վերջերս լրացավ միության գործունեության 5-րդ տարին, ինչիառիթով եղաք նաև մանկատներում, հետաքրքիր դարձրիք նրանց օրը: Ինչպե՞ս այն ստեղծվեց, մտահաղացումը ձե՞րն էր: Պատմեք մի փոքր:

Վարդան – Այո՛, մտահաղացումը իմն էր, այն երազանքի նման մի բան էր: Շրջագայությունների ընթացքում, տարբեր աճպարարներից իմանում էի, որ տվյալ երկրում կա աճպարարների միություն: Մտածում էի՝ Հայաստանը ինչո՞վ է պակաս մյուս երկրներից: Այդպես կատարեցի իմ երազանքը: Միությունը օգնում է ավելի կատարելագործվել մեր սաներին, որպեսզի ծաղկեցնեն մեր մշակույթը:

Citylife.am- Շնորհակալ եմ, Վարդա՛ն, հետաքրքիր հարցազրույցի համար: Մաղթում եմ նորանոր հաջողություններ, լեցուն դահլիճներ և հավատարիմ երկրպագուներ:

Վարդան- Ձեզ նույնպես շնորհակալություն լավ հարցադրումների համար:

Հարցազրույցը՝ Մարիամ Սուքեյանի/Citylife.am/