
Citylife.am-ն այս անգամ շատ հաճելի և հետաքրքիր հարցազրույց ունեցավ դերասանուհի Տաթև Գրիգորյանի հետ:
Citylife.am- Տա‘թև, սերը դեպի թատերական աշխարհ եկել է դեռ մանկության տարիներից: Ինչպե՞ս եղավ արձագանքը ընտանիքի անդամների կողմից, երբ որոշեցիք, որ պետք է ընդունվեք թատերական ինստիտուտ:
Տաթև– Արվեստն իր բոլոր դրսևորումներով իմ տարերքն է եղել մանկության տարիներից, բայց երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին: Բավականին ուշ եմ հասկացել, որ դերասանական արվեստը միակ մասնագիտությունն է, որտեղ ես ինձ կգտնեմ: Որոշումս, բնականաբար, ընտանիքիս զարմացրեց, սակայն հարգեցին իմ ցանկությունը, որի համար շնորհակալ եմ: Citylife.am- Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհիներից եք: Ներկա պահին ինչպիսի՞ զբաղվածություն ունեք թատրոնում:
Տաթև – Երևանի կամերային երաժշտական պետական թատրոնում աշխատել եմ հինգ տարի, բայց այս պահին այնտեղ չեմ աշխատում: Իմ հիմնադրած «Նուրի» թատերախմբով պարբերաբար հանդես ենք գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» նախագծում և նույն թատերախմբով պատրաստվում ենք ներկայացնել նոր նախագիծ` ‹‹Երգում են դերասանները››, որտեղ ընդգրկված են պրոֆեսիոնալ երաժիշտներ և մեր թատերախմբի դերասանները: Չեմ ուզում ավելի մանրամասնել: Վերջին շրջանում համագործակցում եմ նաև Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հետ:Citylife.am- Թատրոնում ձեր կերտած բոլոր կերպարներից կնշեք այն մեկը, որն առավել յուրահատուկ էր ձեզ համար:
Տաթև – Իմ բոլոր կերպարները՝ սկսած Ժան Պոլ Սարտրի ‹‹Դռնփակ›› պիեսի Էսթելից, իմ կենսագրության հրաշալի իրողություններն են, բայց ես ուզում եմ առանձնացնել Գեյշան: Սեյ Սենագոնի ‹‹Նամակներ բարձի տակ›› ստեղծագործության հիման վրա Սամսոն Մովսեսյանը բեմադրել է ‹‹Գեյշա›› ներկայացումը, որտեղ ես մեծ սիրով մարմնավորել եմ Գեյշայի կերպարը: Նագիկո Սեյ Սենագոնի փիլիսոփայությունը բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների կանանց հագեբանական կերտվածքի մասին է: Ես շնորհակալ եմ Սամսոն Մովսեսյանին, ում հետ աշխատում եմ արդեն 9 տարի:
‹‹ՊԱԼԱՏՈՒՄ ՎԱՌՈՒՄ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼԱՄՊԵՐԸ…ՆՐԱՆՑ ԼՈՒՅՍԸ ՍԱԿԱՅՆ ՉԻ ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ….ՍԱ Է ՏԽՐԵՑՆՈՒՄ›› Սեյ ՍենագոնCitylife.am- Տաթև, բավականին լավ ձայնային տվյալներ ունեք: Հնարավո՞ր է արդյոք մի օր ձեզ տեսնենք բեմում արդեն՝ որպես երգչուհի:
Տաթև – Ես արդեն մենահամերգ եմ ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմենիայի ‹‹Առնո Բաբաջանյանի›› անվան համերգասրահում՝ հրաշալի երաժիշտներ Արսեն Ներսիսյանի, Վարդան Գաբոյանի, Արթուր Մոլիտվինի և Նարեկ Կեչումյանի հետ: Նույն խմբով ելունթ ենք ունեցել նաև ‹‹Ուլիխանյան›› ակումբում, բայց որպես երգչուհի հայտ ներկայացնելու միտում չունեմ: Ես դերասանուհի եմ և սիրում եմ երգել:
Citylife.am- Վերջերս նկարահանվեցիք «Քավարան» հեռուստանովելում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման ձևաչափով սերիալներին, քանի որ այն կարծես թե շատ տարածված չէ մեր երկրում:
Տաթև– Գիտեք, երբ սցենարը լավն է, ռեժիսորը ճիշտ դերասաններ է ընտրել, ստեղծագործական խումբը պրոֆեսիոնալ է, ձևաչափը արդեն կարևոր չէ ինձ համար։ «Քավարանը» այդ դեպքն է։ Կարծում եմ՝ չեմ չափազանցնում։Citylife.am- Մի փոքր կպատմեք ձեր կերպարի մասին: Ինչպե՞ս և ու՞մ կողմից ստացաք առաջարկը:
Տաթև– Իմ կերպարը մելոման է, խաղաղության «աղավնի», բարի ու ներողամիտ: Իմ կարծիքով խիստ դրական կերպարում դժվար է ներկայանալ, դժվար է ակտիվանալ: Թե որքանո՞վ է ստացվել, հեռուստադիդողը կորոշի։ Ես սիրեցի Էլիզին: Առաջարկը ստացել եմ Տաթև Կետիկյանից, ով ինձ նրկայացրեց ռեժիսոր Հարութ Շատյանին: Շատյանի հետ քննարկեցինք իմ կերպարը, և մենք ընդհանուր հայտարարի եկանք:Citylife.am- Ինչպե՞ս էին ընթանում նկարահանումները: Գիտեմ, որ բավականին բարդ պայմաններում եք աշխատել, արդյոք դժվար չէ՞ր:
Տաթև– Նկարահանումներն, իսկապես, դժվար էին, դա հեռուսադիտողն էլ կհասկանա։ Բայց հաճելի հոգնածություն եմ հիմա զգում։ Կարծում եմ` բոլորս ենք այս հոգեվիճակում։
Citylife.am- Շնորհակալություն անչափ հետաքրքիր հարցազրույցի համար: Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:
Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի/Citylife.am/