Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: «Թատրոն» բառը ծագում է հին հունարեն theatron (θέατρον) բառից, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Ավանդաբար թատրոնում երկու առավել տարածված ժանրեր են ներկայացվում` ողբերգություն և կատակերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել թատերական դիմակները։ Առաջին թատերական խաղը տեղի է ունեցել Եգիպտոսում, որի սյուժե են հանդիսացել եգիպտական դիցաբանական կերպարները` Օսիրիսի մասին պատմությունները: Դա թատրոնի և կրոնի միջև երկար և հաստատուն կապի սկզբնավորումն է եղել:
Հին Հունաստանում թատրոնն սկսել է ձևավորվել որպես արվեստ, սահմանվել են ողբերգության և կատակերգության, ինչպես նաև թատերական այլ դրսևորումների հստակ սահմանները։ 1961 թվականից տոնը դարձել է ավանդական: Այսօր տարբեր թատրոններում ցուցադրվում են ամենալավ ներկայացումները, պրեմիերանները: Թատրոնի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում: Այս տոնը մեր մշակութային կյանքի սիրված ու սպասված տոներից է: Եվ դա բնական է, քանզի թատրոնը մեր ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է: Ուրախությամբ պետք է փաստենք, որ այսօր ևս մեր թատերական գործիչները շարունակում են ոչ միայն հայ թատրոնի դարավոր ավանդույթների կրողը լինել, այլև հարստացնել ու նոր որակ հաղորդել նրան: Նշենք նաև, որ այսօր կայանալու է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցանակաբաշխությունը կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/