Հայաստանում լինելով ամբողջ աշխարհն է իմը. Նարինե Գրիգորյան

Citylife.am-ի զրուցակիցը դերասանուհի Նարինե Գրիգորյանն է:

Citylife.am- Նարինե՛, Դուք Ձեր բեմական դերերով հանդերձ կարծես մի հեքիաթային կերպար լինեք. այ հետաքրքիր է փոքր տարիքում հավատու՞մ էիք հեքիաթների։

Նարինե– Հիմա եմ հասկանում, որ պատերազմի տարիներին, երբ նկուղներում թաքնված նստում էինք, հեքիաթն էր, որ փրկում էր իրականությունից։ Հեքիաթը ինձ համար դառնում էր իրականություն, և չէր թողնում զգալ դառն իրականությունը։ Եվ հիմա էլ շատ հաճախ թե՛ ինձ, թե՛ հանդիսատեսին օգնում է իրականությունը դարձնել ավելի պոետիկ։ Իհարկե, հավատացել եմ և մինչև հիմա էլ հավատում եմ։ (ծիծաղում է) Citylife.am- Հեքիաթային կերպարներից ո՞րն է Ձեզ համար եղել ամենասիրելին, որին նաև ցանկացել եք նմանվել։

Նարինե– Երբ փոքր էի և ամեն ամառ գնում էի Ղարաբաղ՝ պապիկիս տուն, այնտեղ ներկայացումներ էինք բեմադրում և ինձ գրեթե միշտ գլխավոր դերերն էր բաժին ընկնում։ Գրեթե բոլոր դերերում էլ եղել եմ ու բոլորն էլ շատ եմ սիրել։

Citylife.am- Ինչի՞ մասին էր երազում փոքրիկ Նարինեն, և արդյոք կա՞ երազանք, որը մինչև հիմա էլ դեռ երազանք է մնացել։

Նարինե– Փոքր ժամանակ հիմնականում երազում էինք մեր պատկերացրած արքայազնին մեր կողքին տեսնելու և լավ մասնագիտության մասին. այդ ամենը ես ունեմ։  Միայն երազում էի ունենալ հինգ տղա, բայց հիմա ունեմ մեկ աղջիկ։ Միայն դա է, որ չի համապատասխանում ներկային։ (ծիծաղում է) Citylife.am- Իսկ ինչու՞ հենց հինգ տղա։ Թիվը խորհրդանշակա՞ն է։

Նարինե- Ուզում էի կոչել իմ սիրած հերոսների անուններով. առաջինը Լենինն էր, ով Սովետական միության համար բոլորի ամենասիրած կերպարն էր, մյուսը՝ Գագարին, որովհետև շատ գեղեցիկ էր և տիեզերք էր թռել, երրորդինը՝ Բուդուլայ` ” Табр уходит в небо” ֆիլմի ցիգանը, չորրորդինը՝ Սերյոժա՝ “Дети капитана гранта” ֆիլմից, իսկ հինգերորդը չէի կարողանում գտնել, բայց և չէի կրճատում, չէի ասում չորս, ուզում էի անպայման հինգը լինեն։ (ժպտում է)

 Citylife.am- Մի փոքր շեղվենք հեքիաթներից ու երազանքներից. փորձենք հասկանալ, թե առհասարակ կյանքում Նարինեն ի՞նչ է ուզում փոխել իր աշխատանքով և մինչև ու՞ր է ցանկանում հասնել։

Նարինե- Ոչ թե ուզում եմ փոխել, այլ ուզում եմ ապացուցել, որ հրաշքը մարդու ներսում է լինում։ Մարդկանց մեծամասնությունը փորձում են օտարության մեջ լավ կյանք փնտրել, բայց այդ լավ կյանքը գալիս է մարդու ներքին վիճակից։ Այսօր ամբողջ աշխարհը բաց է համացանցի շնորհիվ, և կարելի է նույնիսկ Հայաստանում լինել աշխարհի զարկերակին համահունչ, կայացած, երջանիկ։ Ի վերջո, Հայաստանում լինելով ամբողջ աշխարհն է իմը: Նաև շատ եմ ուզում, որ հայկական թատրոնը դառնա ժամանակակից։ Թատրոնը այսօր է ու հիմա, այս պահին ծնված ու այս պահին մահացող արվեստ է։ Եթե այսօր ես ժամանակակից չեմ և այսօր իմ խոսքը չի համընկնում հանդիսատեսի հետ, ուրեմն ես անիմաստ եմ։ Ուզում եմ, որ հայկական թատրոնն իր ուրույն տեղը զբաղեցնի համաշխարհային թատրոնների շարքում։Citylife.am- Իբրև դերասանուհի ստացել եք տարբեր մրցանակներ. ի՞նչ դեր ունեն դրանք ձեզ համար, և կա՞ մի մրցանակ որն ամենասպասվածն է եղել։

Նարինե– Դա մեզ չի հարստցնում, բայց մի ներքին համոզվածություն է գալիս, որ դու ճիշտ տեղում ես և ավելի գնահատված։ Իսկ ամենասպասվածը, կցանկանամ` կինոյի շրջանակներում լինի։

Citylife.am- Ձեր բեմադրած ներկայացումներից ո՞րն է ամենասիրվածն ու ամենաստացվածն ըստ Ձեզ։

Նարինե– Որպես կայացած և իր ժամանակի համար ամենամոդեռնը <<Թռիչք քաղաքի վրայով>> բեմադրությունն էր, որով թռչել և ներկայացել ենք շատ քաղաքներում։ Իսկ ամենաստացվածը, կարծում եմ՝ առջևում է, որը հիմա ենք բեմադրում: Վավերագրական թատրոն է, որով ես ապրում եմ։Citylife.am- Մինչ Ձեր փոքրիկի ծնունդը Ձեզ ինչպիսի՞ մայր եք պատկերացրել, և այժմ ինչպիսի՞ն եք։

Նարինե- Երբ փոքր տարիքում ինձ մեկ-մեկ ծեծում էին, ես միշտ ասում էի, ես իմ երեխային չեմ ծեծելու,բայց կարծում եմ՝ մի օր արարքս չի համապատասխանի խոսքիս։ (կատակում է)

Citylife.am- Ե՞րբ և ինչքա՞ն ժամանակ եք հասցնում տրամադրել բալիկի հետ շփմանը։

Նարինե- Երբ աշխատանքից տուն եմ գալիս, այդ պահից սկսած ես նրա հետ եմ լինում։ Կարծում եմ, որ աշխատաքս չլիներ, չէի կարողանա ճիշտ դաստիարակել։ Շատ հետաքրքրասեր է, միշտ հարցում է թե այսօր ինչ դեր եմ խաղացել և ես սկսում եմ պատմել ու ևս մեկ անգամ իր համար խաղալ։ Փորձում եմ շատ բաներ չարգելել և չասել “չի կարելի”, ամեն ինչ փորձում եմ բացատրել։ Իսկ թե ինչ ոգով եմ դաստիարակում, դա չեմ կարող ասել, քանի որ կոնկրոտ նախապայմաններ չկան, կարծում եմ ՝ ինքը ինչ տեսնի մեզնից այն էլ կսովորի։

Citylife.am- Նարինե՛, Դուք Արցախյան պատերազմի տարիներին մանկություն ապրած երեխա եք եղել,և հիմա <<Կյանք ու կռիվ>> ֆիլմը: Արդյոք հե՞շտ էր Ձեզ համար այս ֆիլմում նկարահանվելը։

Նարինե– Եթե ֆիլմը նկարահանեին երեք-չորս տարի առաջ, ես չէի կարողանա խաղալ ֆիլմում։ Մինչև մի փոքր չօտարանաս և չփորձես կողքից նայել , չես կարողանա դերդ լիարժեք կատարել։ Իսկ այս տարի ես արդեն պատրաստ էի դրան։ Այս ֆիլմում խաղալն իսկապես երջանկություն էր։Citylife.am- Վերոնշյալ ֆիլմում Ձեզ բաժին էր ընկել համր աղջկա դերը, իսկ կյանքում շատ մարդիկ հենց այդ լեզվով են հաղորդակցվում։ Ի՞նչ եք կարծում, արդյոք ի՞նչ ազդեցություն կթողնի այդ մարդկանց վրա։

Նարինե– Սա միջազգային լեզու չէ և ցավոք սրտի կհասկանան միայն հայերը, բայց կարծում եմ կշոյի նրանց։ Ճիշտ է, հնարավոր է, որ ինչպես բոլոր ասպարեզներում, այդ մարդիկ էլ թերություններ գտնեն, բայց ուսուցիչս ամեն վայրկյան կողքիս էր ու ասում էր, որ մեկ-մեկ այնպես պատկերավոր եմ խաղում, կարծես իսկապես խուլ ու համր լինեմ։ Այս ֆիլմում ամեմակարևորն այն է, որ այն ունի լուսավոր ֆինալ։ Ճիշտ է մենք սովորեցինք հաղթել, բայց չենք սովորել հաղթած ապրել։ Ես կարծում եմ՝ այդ օրն էլ կգա։ Պարզապես ուզում եմ մեր մեջի հոռետեսությունը, թևաթափությունը կոտրենք ու լավատես լինենք. չէ՞ որ ինչպես ուզում ենք աշխարհը տեսնել, այդպես էլ ստանում ենք այն։Citylife.am- Նարինե՛, շնորհակալություն ոգևորող ուժի և դրական հարցազրույցի համար։ Միշտ մնացեք գեղեցիկ հեքիաթային կերպար, ինչպես որ հիմա եք։

Նարինե- Ես էլ Ձեզ եմ շնորհակալ։

Հարցազրույցը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/