Եթե կինը դուր է գալիս տղամարդուն, ապա…

Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը, նրա ունքը, անկախ իր կամքից, բարձրանում և իջնում է: Այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանի ընթացքում, այնուամենայնիվ, դա վստահելի նշան է, որ դու դուր ես եկել նրան: Այս ժեստը գործում է գրեթե բոլոր տարիքի, ռասաների, սոցիալական պատկանելության տղամարդկանց պարագայում:

Եթե դու դուր ես եկել տղամարդուն, նրա շրթունքները ենթագիտակցաբար մի փոքր բացվում են, սա բնական զարմանք արտահայտող ռեակցիա է: Ինչպես սա, այնպես էլ վերը նշված նախորդ կետը նրա դեմքին բարեհամբույր տեսք են հաղորդում:

Քո ուշադրությունը գրավելու փորձերը կարող են տարբեր կերպ արտահայտվել: Որոշ տղաներ սկսում են աղմկել` բարձր ծիծաղել, բուռն ժեստեր անել: Իսկ որոշներն էլ, հակառակը, կարող են լուռ առանձնանալ իրենց ընկերներից: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի դու տեսնես և գնահատես նրա անհատականությունը:

Նա քո ներկայությամբ կսկսի ուղղել փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին և այլն: Թարգմանաբար այս ժեստը նշանակում է. «Ես ուզում եմ լավ տեսք ունենալ հենց քեզ համար»: Կամ նա կարող է մազերն ուղղել, այս ամենն ինքնաբերաբար է ստացվում: Սա գրեթե 100 տոկոսանոց փաստ է, որ դու հետաքրքրում ես նրան, և նա փորձում է լավագույնս դրսևորել իրեն:

Ձեր խոսակցության ժամանակ նրա ունքը շարունակում է թեթևակի բարձրացված մնալ ու դեմքին զարմացած արտահայտություն հաղորդել, սա լավ նշան է և նշանակում է, որ դու հետաքրքիր ես նրա համար:

Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ և մի փոքր ուղղված դեպի քեզ, նրա մկանները լարված են, և նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ:

Նա հայացքը չի կտրում քեզնից կամ հասկացնում է քեզ, որ դուր ես գալիս նրան, կարճ ասած՝ այնպես է նայում, որ դու նկատես իր հայացքը:Նա կանգնած է ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտու վրա կամ ավելի ներքև՝ գոտկատեղի շրջանում: Այսպես նա շեշտում է իր ինքնավստահությունը: Նա սկսում է խաղալ հագուստի կոճակների, ժամացույցի կամ այլ աքսեսուարների հետ:

Ներվային շարժումներ է անում: Սա նշան է, որ քո ներկայությամբ նա խառնվում է իրար: Այսինքն` դու նրան դուր ես գալիս:

Եթե դու դուր ես գալիս նրան, նա կփորձի հնարավորինս մոտ նստել քեզ կամ երբ ոտքը ոտքին է դնում, վերևի ոտքն ուղղված կլինի դեպի քեզ:

Քեզ հետ խոսելիս նա սկսում է շփել ճակատը, անընդհատ շփում է դեմքը: Բանն այն է, որ երբ մենք հուզվում ենք, մեր մաշկը շատ զգայուն է դառնում, և դա մեզնից կախված չէ:

Երբ դուք միասին քայլում եք, նա ձեռքը դնում է քո ուսին կամ մեջքին, սա նշանակում է, որ նա չի ուզում քեզ կորցնել և պաշտպանում է:

Նա քեզ է տալիս իր վերնազգեստը, պիջակը և այլն… Այս ժեստը շատ բանի մասին է խոսում. «Դու նրա կինն ես, և այն, ինչ նրան է պատկանում, նաև քոնն է»: Դժվար թե գտնվի մի այնպիսի տղամարդ, որ քո ուսին տեսնելով ուրիշի պիջակը՝ ուրախանա: Եթե նույնիսկ դուք շատ եք մրսում, չարժե օգտվել ուրիշ տղամարդու օգնությունից, եթե, իհարկե, չես ուզում խանդ առաջացնել նրա մոտ:

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/