
Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։
1990թ. սեպտեմբերի 20-ին հռչակվեց հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պատմական հրամանագիրը Հատուկ գնդի ստեղծման մասին։ Զինհրապարակում հպարտորեն շարքի կանգնեցին կամավորականները, նրանք, որ կռվել էին հայրենիքի սահմաններում, Արցախի լեռներում, քայլել կորուստների ու հաղթանակների միջով, թրծվել իբրեւ կորովի մարտիկներ։
Նրանք առաջին սերնդի անկոտրում տղերքն էին’ նորածիլ երեսներով պատանիներից մինչև կոշտացած մազակալ դեմքերով միջահասակ ու տարեց հայորդիք: Վազգեն Սարգսյանի բնորոշմամբ, մի հին մոռացված սքանչելի բառով՝ Երկրապահ։Նույն թվականի նոյեմբերի 5-ին Հատուկ գունդը երդվեց։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
Հայոց զենքի հաղթանակների բարձրակետը եղավ 1992 թվականի մայիսի 8-ից, երբ վաղ առավոտյան Արցախի ինքնապաշտպանական ուժերը չորս ուղղություններով սկսեցին Շուշիի անիրական թվացող գրոհը։ Հետագայում պատմաբաններն այս օպերացիան կդասեն հայ մարտարվեստի դասականների շարքը, որն իրագործվեց Վազգեն Սարգսյանի, մեր զինվորների ու հրամանատարների բարձր խիզախության շնորհիվ։ Նույն օրը՝ երեկոյան, Շուշին ազատագրված էր։
1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։ Նրա էության և խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր: Մի հատկանիշ, որ լավագույնս դրսևորվեց բանակաշինության ընթացքում։ Հայոց բանակը որպես փաստ և իրողություն դրված է աշխարհի ուժերի նժարին։ Հիմա այլևս այն ժամանակները չեն, թե մեծաթիվ բանակի մեջ է հաղթանակը։ Այժմ առաջին պլան է մղվել բարձր մարտավարությունը, զենքի կատարյալ տիրապետումը, ժամանակակից ռազմավարական գիտելիքները։ Բանակն ինքը երկխոսություն է աշխարհի հետ, բանակը տպավորություն է, բանակը կարծիք է։ Իսկ հայոց բանակի վերընթացը սկսվեց 1994 թվականին, պատերազմական գործողությունների դադարից անմիջապես հետո։ Ազգային բանակի ծննդյան առաջին իսկ օրից Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ԱՊՀ շրջանակներում համատեղ զորակցության կերտող։ Դրա արգասիքը եղան հայ-ռուսական համատեղ զորավարժությունները, դաշնակցական պայմանագրերի կնքումը, բարձր մակարդակի փոխայցելությունները։Նախարարը բանակային շինարարությունը սկսեց նրանով, որ մեկ օղակի մեջ միաձուլեց երկրապահ կամավորին և կադրային սպային։ Նա մի մարմին դարձրեց պատերազմի փորձն ու տեսական գիտելիքը։ Սա նուրբ եւ դժվարին ընթացք էր, անշուշտ’ հղի որևէ կողմի ինքնասիրությունը վիրավորելու վտանգով։
Վազգեն Սարգսյանի’ իբրև զորավարի և հայի գնահատելի արժանիքներից պետք է համարել խաղաղ պայմաններում Երկրապահ կամավորականներին հավաքել ու նախ բանակի մեջ որպես կորիզ պահելու և ապա ջոկատային, հատվածական մտածողությունից ձերբազատվելով’ դրանց վարքը, բարոյականության ուժն ու լույսը քաղաքացիական կյանքում պահել-պահպանելու ջանքերը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ստեղծել միություն, որն ուղղորդեր պատերազմում կուտակած երկրապահի ողջ ներուժը։1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։ Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ:
1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում’ 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։
1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի»կոչման եւ «Հայրենիք» շքանշանի։
Վազգեն Սարգսյանի խոսքերից.
1. Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը:
2. Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։
3. Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։
4. Չգիտեմ’ համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է։
5. Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։
Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք։
6. Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:
Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու’ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա’ ո՞վ է ինքը…
7. Ես երջանիկ մարդ եմ: Որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:
8. Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք’ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»:Ինչի՞ն սպասել’ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչեւ աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…
Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց սպարապետ….
Նյութը՝ Նելլի Հովհաննիսյանի/Citylife.am/