Citylife.am-ի զրուցակիցն է Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանը:
Citylife.am- Որտեղի՞ց սկսեց Մանուկ Նիգոյանն իր առաջին գրքառատ քայլը։
Մանուկ– Առաջին գիրքն ընթերցելիս, ես միշտ և հիմա էլ հարկ եմ համարում բերել հետևյալ օրինակը. խորհրդային հասարակությունը, որը մեզ համար վերածվել է միֆային ընթերցասերների սերնդի, մեր նկատամբ ունի մեկ թերություն՝ մենք ոչ միայն ընթերցում, այլև օգնում ենք մեզ շրջապատող հասարակությանն ընթերցել, և իմ սերնդին բնորոշ այդ հատկանիշի շնորհիվ, ես ընթերցողից վերածվեցի գրքի տարածմամբ զբաղվող ընթերցողի:
Citylife.am- Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ զբաղվում եք <<Խորհուրդ են տալիս հայտնիները>> նախագծով։ Արդյո՞ք արդարանում են Ձեր հույսերը՝ կապված նախագծի հետ։
Մանուկ– Նախագծի շարունակությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ նախագիծը ոչ միայն հաջողված է, այլև արդարացրել է իմ սպասումները: Եթե ամբողջապես բառն օգտագործելու համարձակություն չեմ ունենա, ապա գոնե մասնակիորեն արդարացնելու մասին վստահ կարող եմ հայտարարել: Օրինակ` նախագծի քննարկումներից մեկի ուղիղ հեռարձակումը յութուբյան ալիքով դիտել են մոտ 7000 ընթերցողներ: Նախագծի շրջանակում եղել են հայտնիներ, ովքեր կարդացել են իրենց կյանքի առաջին հայերեն գիրքը, սա վկայությունն է <<Խորհուրդ են տալիս հայտնիները>> նախագծի հաղթանակի և դրած նպատակների իրականացման: Citylife.am- Վերոնշյալ նախագծի շրջանակներում ունեցել եք բազում հյուրեր, քննարկումներ: Կնշե՞ք մեկ-երկուսին, ովքեր կարողացել են առավել մեծ թվով երիտասարդների տանել ընթերցանության ճանապարհով։
Մանուկ– Կարծում եմ` հարցին պատասխանելն իմ կողմից ամենաքիչը վիրավորական կլինի այն հայտնիների համար, որոնց անունը չեմ նշի, բացի այդ ես չեմ կարող հստակ հաշվել, թե ով որքան ընթերցողի է սիրահարեցրել գրքին: Ուզում եմ, որ մի պահ մոռանանք թվաբանության մասին ու մեկ ընթերցողին կարևորենք նույնքան, որքան հարյուրին: Citylife.am- Հայաստանի առաջին շարժական գրախանութի՝ <<ԳրաԲուս>>-ի մտահղացումը կրկին Ձերն էր: Կասեք ի՞նչ դժվարությունների եք առնչվել նախագիծն իրականացնելիս։
Մանուկ– <<ԳրաԲուսն>> իր իրականացման ողջ ընթացքում ոտքից գլուխ դժվարություն էր՝ մեքենայի անսարքությունից, վառարանների խոտանվելուց սկսած, բազմաթիվ անքուն գիշերներով ավարտված: Բայց <<ԳրաԲուսի>> մուտքն այնքան գեղեցիկ իրականություն էր հայ հասարակության համար, որ ես ցանկանում եմ մոռանալ բոլոր դժվարությունների մասին ու վայելել աշխատանքիս բերկրանքը: Citylife.am- Փետրվարի 19-ին Հայաստանի առաջին շարժական գրախանութի՝ <<ԳրաԲուս>>-ի մեկնարկն էր: Ի՞նչ տրամդրվածությամբ և սպասելիքներով էին հյուրերը վաճառում գրքերը։
Մանուկ- Հյուրերը գրքերը վաճառում էին այնպես՝ ասես այդ աշխատանքն իրենց երբևէ ամենանվիրական երազանքն էր, մանավանդ նախարար Ամիրյանի ներկայությունն, ինչ խոսք, ոչ միայն ոգևորիչ էր գրքերի մեծ վաճառքներ գրանցելու հեռանկարի առումով, այլ նաև այն առումով, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան գրավաճառությամբ զբաղվելով, բարձրացնում է գրավաճառի մասնագիտության հեղինակությունը: Citylife.am- Ո՞ր գրքերից ավելի շատ վաճառվեցին։
Մանուկ– Հստակ անուններ նշել չեմ կարող, բայց մեծ էր հետաքրքրությունը հայ ժամանակակից և առավել ևս թարգմանական գրականության նկատմամբ: Citylife.am- Արդյո՞ք շարունակական բնույթ կկրի նախագիծը։
Մանուկ- Յուրաքանչյուր հաջողված նախագիծ պետք է շարունակել ու ամեն անգամ առավել հարստացնել։ Նախագիծն անպայման երկար կյանք կունենա ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզկենտրոններում և Արցախում: Citylife.am- Մանու’կ, ո՞ր գիրքն է Ձեզ համար ամենասիրելին, և ինչու՞։
Մանուկ– Չափազանց դժվար է միայն մեկ անուն նշելը: Ձեր թույլտվությամբ գոնե երկու անուն՝ Ջորջ Օրուել֊ <<1984>>, Գաբրիել Գարսիա Մարկես֊ <<100 տարվա մենությունը>>: Citylife.am- Կնշե՞ք մի քանի մեծ ազդեցություն ունեցող գրքեր, որոնք իսկապես խորհուրդ կտաք երիտասարդներին կարդալ։
Մանուկ- Երիտասարդներին խորհուրդ կտամ առհասարակ կարդալ, որովհետև ըստ նախասիրության տարբեր են նաև գրքերի առաջնահերթությունները, բայց հաշվի առնելով ներքաղաքական ակտիվ ժամանակները, խորհուրդ եմ տալիս կարդալ Օրուելի 1984 վեպը, որը չնայած գրվել է մեզանից տասնյակ տարիներ առաջ, այնուամենայնիվ, դասագիրք է յուրաքանչյուր քաղաքացու համար:
Citylife.am- Շնորհակալ եմ, Մանու՛կ, հարցազրույցի համար:
Հարցազրույցը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/