Ինչպես ասել է Գլորիա Շտայնեմը. «Հոգուս խորքում ես կարծում եմ, որ կինն ունի երկու ընտրություն` լինել ֆեմինիստ կամ մազոխիստ»:
Իսկ ի՞նչ է իրականում նշանակում լինել ֆեմինիստ:
Այս տերմինը պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է Ֆրանսիայում և Նիդեռլանդներում 1872 թ.-ին, հետո նաև Մեծ Բրիտանիայում 1890 ականներին և ԱՄՆ-ում 1910թ.-ին: Ֆեմինիզմն ինքնին սեռերի քաղաքական, տնտեսական, սոցիալական հավասարության ու կանանց իրավունքների և համատեղ շահերի համար կազմակերպված գործունեության ամբողջություն է:
Որոշ տղամարդիկ, նույնիսկ կանայք սխալաբար գտնում էին, որ ֆեմինիզմը սարսափելի երևույթ է` ստեղծելով սխալ վարկածներ, թե բոլոր ֆեմինիստները նույնասեռականներ են և ատում են տղամարդկանց: Կանայք չեն կարող միաժամանակ լինել կանացի և ֆեմինիստ կամ ֆեմինիստները ամուսնության ինստիտուտին չեն հավատում և այլն: Այնուամենայնիվ տղամարդիկ ևս կենսական դեր են ունեցել ֆեմինիստական շարժման մեջ: Պրոֆեմինիստ հեղինակների մեծամասնությունը Ֆրանսիայից էր, նրանց թվում էին Դենիս Դիդերոն, Պոլ Հենրի դը Հոլբախը և Շառլ Լուի Մոնտեսքյոն: Ջոն Ստյուարտ Միլը, ով համարվում է ֆեմինիզմի հայրը, վաղ պրոֆեմինիստների շարքում էր: Նա իր «Կանանց հնազանդությունը» հոդվածում փորձում էր ապացուցել, որ կանանց իրավական ենթակայությունը ճիշտ չէ և պետք է ելք գտնել կատարյալ հավասարության համար:
Նյութը՝ Նազիկ Գալստյանի/Citylife.am/