Ինձ համար առաջնայինը մարդն է, հետո՝ նրա մասնագիտությունը. Բաբկեն Չոբանյան

Citylife.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանի հետ, ով գրեթե միշտ ընդգրկված է լինում լավագույն նախագծերում: Դերասանը հանդիսատեսի և հեռուստադիտողի կողմից սիրվել է ոչ միայն համոզիչ և պրոֆեսիոնալ խաղի, այլև արտաքինի ու ազդեցիկ ձայնային տվյալների շնորհիվ:

Citylife.am – Մասնագիտության մեջ կողմնորոշվելիս հաճախ մենք դիմում ենք ծնողների օգնությանը կամ խորհրդին։  Ո՞վ կամ ի՞նչը Ձեզ ուղղորդեց դեպի թատերարվեստ:

Բաբկեն – Թատրոնում պատահաբար եմ հայտնվել, 11 տարեկանում: Դասընկերներիս հետ գնացինք ու հայտնվեցինք <<Առասպել>> դպրաթատրոնում: Այդպես ամեն ինչ սկսվեց ու շարունակվում է մինչև այսօր:

Citylife.am – Դուք կերտել եք ամենատարբեր դերեր և՛ գեղարվեստական ֆիլմերում, և՛ թատրոնում: Եղե՞լ է արդյոք այնպիսի դեր, որը կերտելիս կապվածություն զգաք Ձեր և մարմնավորվող կերպարի միջև:

Բաբկեն – Բոլոր դերերի հետ էլ այս կամ այն չափով կապվում ես, ուղղակի կան դերեր, որոնք ավելի շատ ես սիրում, տարբեր պատճառներով: Կարևորը, որ դերերը ժամանակին դառնան հիշողություն և չխանգարեն նոր դերերի ստեղծելիս:

Citylife.am – Խոսենք մի փոքր թատրոնի մասին: Ինչպիսի՞ դեր ունի այն Ձեր կյանքում:

Բաբկեն – Դժվար է հստակ ասել: Միայն մասնագիտություն չէ, «գործի գնալու տեղ չէ», կենսակերպ է,  կյանքի անբաժան մասն է, առանց որի քեզ լիարժեք չես զգում: Ապրելու, արարելու, քեզ սրբագրելու առիթ ու հնարավորություն է:

Citylife.am – Թատրոնը և կինոն միմյանցից տարբեր, բայց միևնույն ժամանակ իրար լրացնող բնագավառներ են։ Ըստ Ձեզ, ո°րն է նրանց տարբերությունը։

Բաբկեն – Տարբերությունները շատ են, նույնիսկ համեմատել պետք չէ: Մեկի մասին նշեմ միայն: Կինոյում նկարահանվում ես ու վերջ, էլ ոչինչ փոխել հնարավոր չէ, լավ ես խաղացել, վատ ես խաղացել, այդպես էլ կմնա: Աշխատանքդ ավարտվեց, իսկ թատրոնում երկար ժամանակ փորձում ես, փնտրում, գտնում, ուղղում և սկսում ես խաղալ, բայց պրոցեսը շարունակվում է: Ներկայացումից ներկայացում որոնումներդ շարունակվում են, աշխատանքդ շարունակվում է:

Citylife.am – Մասնագիտական բնագավառում Ձեր որակական բարձր հատկանիշներն ակնհայտ են. ի՞նչ չափորոշիչների և ստանդարտների պիտի համապատասխանի այն պրոյեկտը, որին կհամաձայնվեք ներգրավվել:

Բաբկեն- Ստանդարտներ որպես այդպիսին չկան: Կարող է ես սցենարը սիրեմ, պիեսը սիրեմ, ինձ հետաքրքիր լինի, հետո դերը ու արդեն ո՞վ է բեմադրում կամ նկարահանում: Պետք է ռեժիսորին անպայման հավատամ, որպեսզի կարողանամ նրա հետ համագործակցել: Իհարկե, եթե այդ սկզբունքով մտածենք, ոչ ոք նոր ռեժիսորների հետ չի աշխատի, բայց միևնույն է , եթե թեկուզ նոր ռեժիսորի հետ ես աշխատում, իր աշխատանքներին ես ծանոթանում, իր գեղաագիտությանը, իր հնարավորություններին… մի խոսքով կարևոր է ռեժիսորի հանդեպ վստահություն ունենալը: Citylife.am – Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած լավագույն ֆիլմերից մեկում եք նկարահանվել .«Կյանք ու կռիվ 2»-ի մասին է խոսքը: Քանի որ խոսել եք արդեն թե՛ ֆիլմի, թե՛ Ձեր կերտած դերի մասին, կցանկանամ հարցնել՝ ինչպիսի՞ն է հայկական ժամանակակից կինոարտադրությունն ըստ Ձեզ: Արդյո՞ք ունենք միջազգային հարթակում մրցունակ լինելու հեռանկար:

Բաբկեն – Ճիշտն ասած, կարծում եմ՝ այս հարցին լիարժեք չեմ կարող պատասխանել: Գուցե ֆիլմեր կան, որոնք չեմ դիտել և հիմա սխալ կլինի որևէ բան ասել, բայց տեղյակ եմ, որ ունենք ֆիլմեր, որոնք գնում են փառատոններին մասնակցում և ինչ-որ տեղեր են գրավում: Այսօրվա կինոարտադրությունը չենք կարող համեմատել տասը տարի առաջվա հետ, հիմա շատ են նկարում , ուրիշ բան է ի՞նչ որակի է, ի՞նչի համար է, ոքե՞ր են նկարել, բայց ինձ համար գնահատելին այն է, որ կա շարժ: Ի վերջո առանց սխալվելու ոչնչի չես հասնի, կարևորը աշխուժություն կա, իհարկե լավ կլիներ, որ ֆինանսական խնդիր չլիներ, կրթության խնդիր չլիներ, որ մասնագետները շատ լինեին, իրարից սովորեին, տային-վերցնեին: Citylife.am – Ինչպե՞ս եք վերաբերվում առանց դերասանական կրթության դերասաններին:
Բաբկեն – Իհարկե, պրոֆեսիոնալ կրթությունը շատ կարևոր է: Չեմ կարող բոլորին նույն չափանիշով չափել, որովհետև կան մարդիկ, ովքեր չունեն կրթություն, բայց ունեն շնորհք: Նման մարդիկ պարզապես քիչ են, նաև կա մյուս ծայրահեղությունը , որ կրթություն են ստացել , բայց ավելի լավ կլիներ չստանային և չզբաղվեին այն մասնագիտությամբ, որով զբաղվում են:
                                                    
Citylife.am – Նկարահանվել եք Հ1 հեռուստատեսությամբ հեռարձակվող դետեկտիվ ժանրի հեռուստաֆիլմում, որտեղ ոստիկանության համակարգում ստեղծված օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակցի դերում եք հանդես գալիս:  Դժվար չէ՞ մտնել այդպիսի լուրջ և հոգեբանորեն ծանր մասնագիտություն ունեցող կերպարի մեջ:
Բաբկեն – Գիտեք, ցանկացած կերպար խաղալն էլ դժվար է: Կերպարը ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա, որ հեշտ լինի, ինձ համար ավելի շատ հետաքրքիր էր, ուղղակի առիթ էր շփվելու այդ ոլորտի մարդկանց հետ, իրենց մասնագիտական հմտությունները հասկանալ, իսկ հոգեբանական առումով ինձ համար առաջնային մարդն է, հետո նրա մասնագիտությունը: Նախ պետք է ճանաչել մարդուն, հետո մարդուն , ով պատկանում է այդ մասնագիտությանը: Citylife.am-Նկարահանումների ընթացքում սցենարով համդիպում եք հանցագործությունների, հացագործների, մարդու ստոր տեսակի, վրեժխնդրության և նման բացասական երևույթների հետ: Ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր մեջ կամ վախ չի առաջացել այդ դերը կերտելու ընթացքում:
Բաբկեն – Ոչ: Այդ իմաստով վերաբերմունքս չի փոխվել, ուղղակի այդ ընդացքում ոնց որ ավելի շատ «02» նայես, բայց հոգեբանական տրավմա չեմ ստացել:  Դերասանի համար ցանկացած դերից հետո մի բան մնում է, ես կխաբեմ , որ ասեմ այդ ֆիլմում նկարահանվելուց հետո սովորեցի հանցագործներին կամ սուտ խոսողներին ավելի հեշտ տարբերել: Այդ իմաստով ոչինչ չի փոխվել. մարդկանց ճանաչում եմ այնքան մինչև այդ ֆիլմում նկարահանվելը: Դրա համար կրթություն, մասնագիտական հմտություններ, և նաև տաղանդ է պետք:
 Citylife.am – Ի՞նչ նորություններ ունեք առաջիկայում:

Բաբկեն– Նոր պրոեկտ կա, բայց դրա մասին դեռ չի խոսվել: Թող անակնկալ մնա հեռուստադիտողների համար: Բացի դրանից թատրոնի աշխատանքներն են ու իմ առօրյա կյանքը:

Citylife.am- Շնորհակալ եմ, Բաբկե՛ն, հետաքրքիր զրույցի համար: Մաղթում եմ Ձեզ երկար ու ձիգ տարիների մասնագիտական գործունեություն:

Հարցազրույցը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/