Citylife.am այս անգամ զրուցեց հայ քանդակագործ, նկարիչ Ստելլա Գրիգորյանի հետ։ Մենք ստացանք մեծ տեղեկություն արվեստի այս ոլորտի մասին։
Citylife.am- Արվեստի մեծ բնագավառից Ձեր ուղղորդումը եղավ դեպի քանդակի բաժին։ Ինչու՞ ընտրեցիք հենց այդ ոլորտը և արդյո՞ք այն աղջկա համար բարդ մասնագիտություն չէր։
Ստելլա– Ես մեծացել եմ Թալինի շրջանի Արագածավան գյուղում։ Գյուղում երկար տարիներ չեն եղել արվեստի դպրոցներ։ Մի քանի անգամ ընդհատումներով խմբակների եմ հաճախել։ Քանդակագործությամբ զբաղվել ժառանգել եմ պապիկիցս՝ մորական կողմի։ Ինձ միշտ հետաքրքրել է այս բաժինը։ Կողքից ասում էին, որ այն շատ դժվար է, բայց այն ինտելեկտուալ առումով է բարդ, ֆիզիկական առումով քանդակագործությունը բացարձակ բարդ չէ։ Ժամանակակից քանդակագործությունը բավականին մեծ հնարավորություն է տալիս. կարող ենք քանդակել բամբակով, թղթով։ Ինձ համար այն ոչ թե բարդ, այլ հետաքրքիր մասնագիտություն է։ Citylife.am- Քանդակագործությունը Հայաստանում սկզբնավորվել է դեռ հնուց։ Այսօր կարո՞ղ ենք ասել, որ այն մեզ մոտ պահանջարկ ունեցող մասնագիտություն է։
Ստելլա- Ցավալի է, բայց ոչ։ Մեր երկիրը ավելի շատ վաճառքի երկիր է։ Առհասարակ արվեստը մեզ մոտ պահանջարկ չունի, սակայն ես շատ կցանկանայի, որ դա այդպես չլիներ։
Citylife.am- Ի՞նչ հատուկ նյութերով են պատրաստում քանդակները, որ այն տարիների՝ նույնիսկ դարերի ընթացքում չի կորցնում իր տեսքն ու ամրությունը։
Ստելլա– Որքան ֆինանսը լավ լինի, այնքան ավելի բարձր որակի նյութերով կարելի է պատրաստել։ Շատ լավ նյութ է բրոնզը, այն բնական է և երկար տարիներ մնում է ՝ անկախ ջերմաստիճանի փոփոխությունից։ Երկաթը նունպես ամուր նյութ է։ Հիմնականում այն նյութերը, որոնք դարերից են եկել։ Citylife.am- Դեռ հնագույն ժամանակներից մենք ունենք բազում քանդակներ, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ձեռակերտ յուրօրինակությամբ։ Իսկ ո՞րն է քանդակագործության բուն գաղափարը:
Ստելլա- Ես թևավոր խոսքեր շատ ունեմ, դրանցից մեկը սա է՝ <<Իմ ոգեշնչումը կրում է հումանիզմի գաղափարախոսությունը>>։ Իմ կարծիքով մասնագիտությունը այդքան էլ էական չէ, կարևորը մարդու բնավորությունն է, ի ծնե հատկանիշները և կյանքի հանդեպ ճիշտ դիրքորոշումը։ Քանդակագործության բուն գաղափարը հիմնականում աշխարհի ուսումնասիրությունն է։
Citylife.am- Դուք դասավանդում եք «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում։ Ինչպիսի՞ն է այսօրվա սերնդի մոտեցումը դեպի արվեստ և արդյո՞ք Դուք տեսնում եք նրանց մեջ ապագա քանդակագործների։
Ստելլա– Դա հիմնականում մի շրջան էր, որտեղ ես կամավոր էի դասավանդում։ Այնտեղ հիմնականում գալիս էին ծնողազուրկ երեխաները, կամ նրանք, ովքեր ֆինանսապես վատ վիճակում էին գտնվում։ Սկզբում ինձ համար դա շատ տխուր էր, բայց ես նրանց աստիճանաբար փոխեցի։ Սկսեցի սերմանել նրանց մեջ սեր՝ դեպի արվեստը, սակայն այստեղ խնդիրը մարդկային որակի մեջ է: Նրանք շատ խելացի երեխաներ էին, և ինձ թվում է կհասնեն հաջողության։ Citylife.am- Ի վերջո, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա սկսնակ երիտասարդը, որպեսզի կարողանա հմտանալ այս ասպարեզում։
Ստելլա– Առաջինը պետք է ֆիզիկապես առողջ լինի, ունենա կամքի ուժ՝ անկախ նրանից կին է, թե տղամարդ։ Բարությունը նույնպես պետք է լինի, սակայն եթե արվեստով ես զբաղվում դա արդեն բարություն է։ Պետք է հետաքրքիր մտահորիզոն ունենա, հավատա իր ուժերին և կայուն լինի։ Մի խոսքով բազում հատկանիշներ է պետք։
Citylife.am- Եվ վերջում՝ ի՞նչն եք համարում Ձեր հաջողության գրավականը։
Ստելլա– Հաջողությունն ինձ համար հոգևոր արժեքների մեջ է, այլ ոչ նյութական։ Չգիտեմ՝ որքանով էգոիստություն կթվա, բայց շատ ուրախ եմ, որ նման բնավորություն ունեմ, թեկուզ հենց իմ մեծահոգությունը, բարությունը։ Իմ կարծիքով հաջողությունը աշխատասիրության, նվիրման, աշխատանքին տրվելու մեջ է։
Citylife.am- Շնորհակալ եմ, Ստելլա’, հետաքրքիր զրույցի համար։ Ես ինքս մեծ բավականություն ստացա։
Ստելլա– Ես նույնպես շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ այս հոդվածից հետո մարդկանց մեջ ինչ-որ բան կփոխվի։
Հարցազրույցը ` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/