Հայ ազգը միշտ էլ պիտի փայլի ու կերտի իր կայուն ապագան, իսկ մենք անառիկ կպահենք մեր սահմաններն ու կհսկենք հայոց անդորրը. Նարեկ Քասյան

Այսօր փետրվարի 23-ն է՝ Խորհրդային բանակի օրը, որը Խորհրդային միության փլուզումից հետո վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր: Այս կապակցությամբ Citylife.am-ը հարցազրույց ունեցավ հայրենիքի պաշտպան, հայոց բանակի զինվոր՝ Նարեկ Քասյանի հետ, ով արդեն 1 տարի է իր զինակից ընկերների հետ անառիկ է պահում հայրենի սահմանները:

Citylife.am- Բանակում ծառայության անցնելը առաջին հերթին ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

Նարեկ- Մինչ բանակ գալս ծառայության ու մեր բանակի մասին մեղմ ասած թերի կամ ոչ այնքան դրական կարծիք ունեի ։ Ծառայության գալով լռիվ փոխվեց պատկերացումներս՝ օր օրի սկսեցի զգալ անձնական հասունացում։ Հայոց բանակում ծառայությունը մեծ փորձաշրջան է, որն առաջին հերթին անհրաժեշտ է, եթե ոչ պարտադիր յուրաքանչյուր հայորդու համար։

Citylife.am- Ձեր խոսքում նշեցիք, որ մինչ ծառայության անցնելը թյուր կարծիք ունեիք բանակի մասին, ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին ովքեր խուսափում են ծառայությունից:

Նարեկ- Նախ ասեմ, որ ըստ իս անպայման չի բոլոր տղաների ծառայելը բանակում։ Կան մարդիկ, ովքեր հայրենիքին կարող են ծառայել, բայց ոչ բանակում։ Օրինակ՝ անձ , ով կարող է որակյալ կադր դառնալ պետության համար որևէ ոլորտում, և այդ հիմքով իր ծառայության տարիները նվիրում է գիտությանը, կարծում եմ, որ արդարացված քայլ է։ Կան դեպքեր, երբ անձի առողջական խնդիրները թույլ չեն տալիս ծառայության գալ, որը ևս արդարացի է։ Մնացած դեպքերում ծառայությունից խուսափելը ես չեմ ողջունում ու մեծ հույս ունեմ, որ կգա ժամանակը, երբ յուրաքանչյուր չափահաս տղա հզոր պարտքի զգացումով կմեկնի ծառայության։ Նրանց միայն խորհուրդ եմ տալիս պատրաստակամ լինել ու փառքով անցնել այս կարճաժամկետ փորձաշրջանը։ Citylife.am- Ասում են՝ լավագույն ընկերները ձեռք են բերվում բանակում, տվյալ դեպքում՝ սահմանում: Համակարծի՞ք եք:

Նարեկ– Ծառայության մեջ շատ մեծ նշանակություն ունի ճիշտ մարդկային հարաբերություններ կառուցելը, ընկերներ, հարազատներ ձեռք բերելը։ Ինձ մեկ տարվա ընթացքում հաջողվել է ունենալ ընկերներ, որոնցով հպարտ եմ ու կայուն։ Ընկերությունը իրական հարստություն է, ցանկացած տարիքում էլ մարդիկ կարող են հաստատել ամուր, ընկերական հարաբերություններ, բայց բանակում ձեռք բերվածը, միանշանակ, իր ուրույն տեղն ունի նրանց կյանքում: Ես շատ կապված եմ նրանց հետ ու փորձում եմ ամեն գնով զարգացնել այդ կարևոր հարաբերությունները, որպեսզի դրսում՝ քաղաքացիական կյանքում, ևս չմարի ու ծաղկի այն։

Citylife.am- Պաշտպանել հայրենիքը՝ չնայով և ոչ մի խոչընդոտի. ի՞նչն է Ձեզ ուժ տալիս ռազմի դաշտում:

Նարեկ- Յուրաքանչյուր գիտակից հայորդի, ծառայության գալով, լավ պիտի հասկանա իր առջև դրված խնդիրներն ու դրանց լուծման դժվարությունները, առանձնահատկությունները։ Ես հասկանում եմ, որ ինձնից, կողքինիցս կախված է մի ժողովրդի ճակատագիր՝ հայ ընտանիքի անդորրը, ուրեմն ես հպարտորեն պետք է կրեմ ուսերիս այդ ծանրությունը՝ պատասխանատվությամբ, լինեմ զգոն ու անհրաժեշտության դեպքում մինչև վերջին շունչս մնամ մարտի դաշտում, չուրանալով՝ ընտանիքս, հայրենիքս ու քաջերի արյան գնով պահված սահմանները։

Citylife.am- Այսօր հայրենիքի պաշտպանի օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ։ Ի՞նչ զգացողություն եք ուենում այն մտքից, որ մի ամբողջ ազգ Ձեր անկոտրուն ոգու շնորհիվ է հանգիստ ապրում ու արարում։

Նարեկ- Ես ընտանիքիս արդեն 3-րդ զինվորն եմ ու ինձ հպարտ եմ զգում, որ կրում եմ հայոց պաշտպանը լինելու մեծ պատիվը։ Յուրաքանչյուր հայ ընտանիք յուրահատուկ ջերմությամբ ու նվիրումով է վերաբերվում մեզ՝ զինվորներիս, ուստի այս ամենը ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումս: Հայ ազգը միշտ էլ պիտի փայլի ու կերտի իր կայուն ապագան, իսկ մենք անառիկ կպահենք մեր սահմաններն ու կհսկենք հայոց անդորրը, իսկ բոլոր զինակից ընկերներիս ցանկանում եմ խաղաղ ու անփորձանք ծառայություն, և թող ոչ մի ծնող ժամ անգամ ավել չսպասի իր զինվորի վերադարձին:

Citylife.am-ը նույնպես միանում է մաղթանքներին և ցանկանում, որ սահմանում կրակոցները հավերժ լռեն, իսկ զինվորները առողջ վերադառնան իրենց հայրենի տուն:

Հարցազրույցը՝ Լուիս Մարիայի /Citylife.am/