Գիրքն իմ կյանքում
Ամեն ինչ սկսվեց 2.5 տարեկանից… սկսվեց արագ, խառը, բազմագույն… աշխարհի ատլաս, ազբուկա, Անդերսեն` արքայադուստրը սիսեռահատիկի վրա, Թումանյան` ինչ է լինում չարի վերջը, Էքզյուպերի` այն փոքրիկ ու մեծ իշխանը, Շիրազ` մոր համար կանգնեցված հուշարձան, ինչ-որ ձեռնարկ` ինչի՞ց է ամեն ինչը, Սևակ` չլռող զանգակատուն, որ ինձ սովորեցրեց սիրել Կոմիտասին, եղբորս երկրաչափության դասագիրքը` նարնջագույն, անուշ հնահոտով, Տվեն` արկածներ, ինչ-որ պատմություններ ադմիրալ Իսակովի մասին, Բես` իմ Չարենցը, Գրիմ եղբայրներ` տխուր պատմություն` Հենզելի ու Գրետելի, իմ մասին գրված էպոսը, հույների մասին գրված էպոսը, հետո` սագաներն իսլանդական, ապա` Կռիլով, Զոշենկո, Պուշկին, մանուկների համար գրված աստվածաշունչ, թերթեր, ամսագրեր` կոմսոմոլսկայա պրավդա, գարուն, պիոներ… էսքանը հիշում եմ, էսպես սկսվեց… հետոն ավելի արագ եղավ, հետոն շատ է, առանձնացնել չի ստացվում կարդացածդ, հետո-ն մի օր որոշեցի գրի առնել` մեկին օգնելու համար, մի յեքա պապկա դարձավ, դրա համար հետո առանձնանում են աղբյուրները` դպրոց, ինստիտուտ, ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դոստոևսկի, Մաթևոսյան, դարձյալ ու միշտ` Չարենց, Պլատոն, աստվածաշունչ, Սելին, արևելք` տաք պոեզիա, Նարեկացի, 15 րդ դարի ֆրանսիական սիրունություն` սոթի, պաստորել, շոնտաբլ, Գոգոլ, Րյունոսկե, Պրուստ, Աստուրիաս, Բակունց, մարդիկ` հայրս, Արտավազդ Փելեշյան, Արտյոմ Քամալյան, չմարդիկ` … և էս ամենի մեջ հաճելին այն է, որ պրոցեսը շարունակվում է… Գրքի օրվա հետ կապված ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր արել արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը:
Citylife.am – Արմինե’, ի՞նչ ազդեցությունն ունի գիրքը Ձեր կյանքում:
Արմինե – Գիրքը, առհասարակ, գրականությունն է, որ ձևավորել է ինձ, իմ ինքնությունը, այն պատկերացումների ողջ համակարգը, որով ինքնաչափումների եմ գնում` հասկանալով ու առանց, որով ինձ չափում են մարդիկ: Ես և իմը ստեղծվել ենք գրերի հիմքում: Դեռ մանկուց ես հրապուրվել եմ գրքերով, աննորմալ հատկություն եմ ունեցել` բարդ ստեղծագործություններ կարդալու և կարդացածս անգիր հիշելու… Տառերն ու ընթերցելը սովորել եմ երկուս ու կես տարեկանում, մինչև դպրոց գնալս արդեն լավ ընթերցող էի: Այնպես որ` իմ գիտակցված ես-ը, որպես կոնցեպցիա, սնվել ու սնվում է մասնավորապես գրականությունից:Citylife.am – Հատկապես ո՞ր գիրքը կառանձնացնեիք:
Արմինե – Յուրաքանչյուր փուլում հայտնվում է մի գրող կամ մեկ ստեղծագործություն, որ կլանում է քեզ, տալիս այն, ինչ պետք է տա ու գնում: Ամեն փուլ ինքն է թելադրում, ինքն է ուղղորդում, նայած, թե այդ ժամանակահատվածի մեջ ինչ խմորումների մեջ ես: Իմ կյանքում այդ հոսանքները խառն են եղել շատ: Եղել է, որ Մորուային կարդալուց հետո Հյուգոյով եմ ապրել (շատ փոքր հասակում), հետո` հունս փոխվել է, միանգամից անցել եմ Բրեխտին, Էսքիլեսին, հետո` հնդկական գրականության, Շեքսպիրին, Դիդրոյին, Բակունցին… Շատ են, եթե երեկ հարցնեիք, գուցե ուրիշ անուններ կտայի, այ այդքան շատ են նրանք, անհնար եմ համարում այդքանին նշելը: Յուրաքանչյուրին ընկալում ես գրականության հսկա ծովի մեջ իր բերածի յուրօրինակության համեմատ: Եթե անուններ նշեմ, թե ում որ գործը հատկապես ինչու եմ սիրում և ինչ է տվել ինձ, կստացվի մի նոր գիրք: Այնուամենայնիվ, կա մի վեպ, որ հատուկ կշեշտադրեմ, որ չի հնանում ինձ համար, դա Դոստոևսկու «Կարամազով եղբայրներն» է:Citylife.am – Մի փոքր խոսենք Ձեր գրքի`«Բարձր լարման» մասին: Եթե գիրքը գրեիք այսօր , կլինեի՞ն փոփոխություններ:
Արմինե – Եթե այսօր գրելու լինեի իմ «Բարձր լարում»-ը, ապա այն կլիներ միանգամայն այլ տեսակի մեջ, այլ ձևաչափով գուցե, այլ պաուզաներով, իմ օրինակի մեջ մատիտով մի քանի պարբերություններ պարզապես ջնջել եմ` ավելորդ են, իներցիայով գրված, ճիշտ տեղում ինձ ստոպ չեմ արել: Հիմա վեպս թարգմանվում է ռուսերեն և անգլերեն, ես հատուկ որևէ փոփոխություն չեմ անում, թող լինի էնպես, ինչպես, որ կա. նա էդ ժամանակի ծնունդ է, պետք է կրի էդ ժամանակի իմ կնիքը: Եվ դա էլ նորմալ ու բնականոն եմ համարում. կա շարժ, նույն տեղում մնալ հնարավոր չէ և պետք էլ չէ: Մենք առաջ ենք գնում, ամեն օր փոխվում ենք, ամեն օր մեր ներհայեցման մեջ ավելանում ու պակասում են ապրումներ, գաղափարներ, այդ գաղափարները վերլուծելու կերպեր :Ես միշտ գիտեմ, որ կա ավելին ու ձգտում եմ դրան:Citylife.am – Ո՞վ է եղել ձեր գրական ուսուցիչը, պատմեք նրա մասին:
Արմինե – Սա իմ ամենասիրելի հարցն է: Իմ գրական վարպետը, իմ հսկան, իմ գրերի հայրը, իմ արմատը, իմ սերմերի շտեմարանը եղել է Ռուբեն Հովսեփյանը: Մի քանի տարի ես ուղղակի չէի գրում, խռովել էի գրականությունից, նա նորից ինձ իմ տեղում կանգնեցրեց, վերադարձրեց իմ կոչմանը: Նա շատ ավելին է իմ կյանքում, քան իմ այս նկարագրություններից յուրաքանչյուրը: Պարզապես էմոցիաներս այնքան շատ են, որ բառե շապիկ չեն կարողանում հագնել:
Citylife.am -Ներկա պահին ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ նորություններ ունեք առաջիկայում:
Արմինե– Գրում եմ: Ես գրեթե ամեն օր գրում եմ: Ուղղակի հրապարակել չեմ սիրում, դա իմ ստիլը չէ: Մի քանի պատմվածք ունեմ նոր՝ Դոնի Ռոստովում գրված, մեկը հրապարակված է: Մնացածը թողել եմ հետո, երբ կհասունանա իրենց ժամանակը: Նոր վեպ եմ գրում, այս անգամ դանդաղ եմ գրում, տեսնենք, երբ կավարտվի: Գրում եմ երկու պիես` մեկը պատվիրված է, մյուսը՝ ինքս եմ նախաձեռնել: Մայիսին պատրաստ կլինի նոր վիպակս, որ կոչվում է «Սերմը»` նվիրված վարպետիս: Այս պահին նաև համակարգում եմ «Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի գրականության ոլորտը, որ նվիրված է հենց Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Ի դեպ, ընթերցողների համար ասեմ, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր երիտասարդ դրամատուրգներն ու կինոսցենարիստները, հայտերն ընդունվում են մինչև մարտի 5-ը: Ադպես, ոնց որ այսքանը, ոչինչ չեմ մոռացել…
Citylife.am – Արմինե՛, ես տեղյակ եմ , որ պատրաստվում եք մեկնել երկրից , ո՞րն է պատճառը և ու՞ր եք գնում:
Արմինե – Առաջ Աստված, մոտ ժամանակներում պետք է մեկնեմ Արգենտինա, Բուենոս Այրես` ապրելու և սովորելու: Չգիտեմ` ինչ է լինելու, բայց վստահ եմ` լավ է լինելու: Եվ վստահ եմ, որ ամեն բան, ինչ լինելու է, լինելու է գրականության մեջ, գրականության հետ ու գրականության համար:
Citylife.am -Շնորհակալ եմ, Արմինե՛, հաճելի զրույցի համար , թող Ձեր մտքերն ու տողերն անսպառ լինեն :
Հարցազրույցը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/