Ամենակարևորն այն է, որ արվեստում չկորցնես ազնվությունդ. Գեղամ Շերոյան

Citylife.am-ը կապ է հաստատել դերասան, անսամաբլի արտիստ, պարող, բալետմաստեր և «Shero Yan» մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար, մոսկվայաբնակ ազգասեր Գեղամ Շերոյանի հետ:

Citylife.am – Գեղա՛մ, մի փոքր պատմեք ձեր մանկությունից: Սերը դեպի արվեստ եկել է հենց մանկությա՞ն տարիներից:

Գեղամ – Ծնվել եմ սպորտսմենի ընտանիքում, դեռ մանուկ հասակից մեծ սեր եմ ունեցել արվեստի նկատմամբ։ Հիշում եմ, երբ վեց տարեկան էի, ընդունվեցի Արարատի մարզի գյուղ Փոքր-Վեդու երաժշտական դպրոցի պարի բաժինը։ Իմ առաջին ուսուցիչը եղել է Գոհար Թադևոսյանը, ինչի համար շատ ուրախ եմ ու խոնարհվում եմ նրա առջև։ Այսօր թեկուզև մի փոքր հաջողությունս նաև իր շնորհիվ է։ Հայրս միշտ հորդորել է, որ երբեք չմոռանամ առաջին ուսուցչիս։ Պարը հմայել էր ինձ, և 2006-ին ընդունվեցի Երևանի պարարվեստի ուսումնարան։ Անկեղծ ասած չհագեցա ձեռքբերածովս և ավարտելուն պես, 2009-ին ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարային ռեժիսուրայի բաժին։ Citylife.am – Մուտքը դեպի թատերական կյանք շատերի համար սկսվել է մի շարք դժվարություններով։ Ձեր դեպքու՞մ էլ կային այդ դժվարությունները:

Գեղամ – Գեղեցիկի կողքով անտարբեր անցնել չէի կարող։ Այն ինչ լավ է, սրտիդ մոտ է, ամեն ինչ ցանկանում էի օր առաջ վայելել, բայց, բնականաբար, ոչինչ միանգամից չի տրվում, և հաղթահարելի դժվարություններով թատերական արվեստը իր դռները բացեց իմ առջև։ Ինձ բախտ էր վիճակվել կրթվել Աննա Կարապետյանի արվեստանոցում, և այսօր շատ հպարտ եմ, որ ունեմ (նխշի) նման լավ, ջերմ, հիանալի ավագ ընկեր, ով ինձ օգնել է շատ դժվարություններ հաղթահարել։ Արվեստի յուրաքանչյուր բնագավառ ունի իր դժվարությունները, և երբ մարդը համարձակություն է ունենում մուտք գործել այդ աշխարհ, արդեն իսկ մեծ պատասխանատվութուն է կրում անկոտրուն լինելու։ Ամենակարևորն այն է, որ արվեստում չկորցնես ազնվությունդ։   Citylife.am – Ես տեղյակ եմ , որ Դուք բնակություն եք հաստատել Մոսկվայում և սեպտեմբեր ամսին հիմնել եք « Shero Yan » մշակույթի կենտրոնը: Կներկայացնեք՝  ինչպե՞ս եղավ միտքը , ի՞նչ ծրագրեր եք իրականացրել և ի՞նչ հետագա նպատակներ ունեք:

Գեղամ – Արդեն երկու տարի է բնակվում եմ Ռուսաստանի Դաշնությունում։ Ես ուղղակի չէի կարող ձեռքերս ծալած նստել, իմ մեջ եռում էր պարային արվեստը, և ես ինչ-որ կերպ պետք է հագենայի։ Ես որոշեցի բացի իմ ծարավը հագնեցնելուց նաև իմ լուման ներդնել, և այստեղի հայ երեխաներին սովորեցնել հայկական պար, հայոց պատմություն և հայոց լեզու։ Հետագայում միտք եղավ և աշնանը ստեղծեցինք « Shero Yan » մշակույթի կենտրոնը, որի նպատակն էր օտար երկրում հայ երեխաների մեջ հայապահպանություն սերմանելը։ Հետաքրքիրն այն է, որ այսօր կենտրոնում ունենք բավականին շատ օտարազգի աշակերտներ։ Ջերմ մթնոլորտում, առանց ռասսայական խտրականություն դնելու, սիրով ուսուցանում ենք բոլոր երեխաներին։ Ինչ վերաբերվում է հետագա նպատակներին, արդեն հայկական համայնքից և ոչ միայն, մի շարք հրավերներ ունենք։   
Citylife.am – Այսօր շատացել են պարի դասընթացները, սակայն տվյալ պարողներից շատերը, ովքեր դասավանդում են չունեն համապատասխան կրթություն: Արդյո՞ք Ձեզ համար դա ընդունելի է:

Գեղամ – Անկեղծ ասած չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին, սակայն ըստ իս յուրաքանչյուր ոք պետք է աշխատի իր մասնագիտությամբ։Citylife.am – Պարային ասպարեզում ինչպիսի՞ ձեռքբերումներ եք գրանցել:

Գեղամ – Իմ ստեղծագործական կյանքը հագեցած է եղել, և անմոռանալի էր 2014 թվականը, երբ ես ծառայողական պարտքս էի տալիս հայրենիքին և դրա հետ մեկտեղ ստեղծագործում և մասնակցում փառատոնների։ Այդ տարի ինձ մոտ գրանցվեց չորս մրցանակ։ Առաջինը, յոթերորդ Հանրապետական X փառատոնին ինձ շնորհվեց <<Լավագույն ներկայացում>>  անվանակարգը, և ՀՀ մշակույթի նախարարության կողմից հատկացվեց 1.000.000 դրամ։ Շնորհակալ եմ թե՛ մշակույթի նախարարությունից, թե՛ «Թատրոն X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանից։ Երկրորդը՝ tatron.info.online մրացանակաբաշխությանը շնորհվեց «Տարվա online պարային, երաժշտական ներկայացում»,  Փառատոնի նախագահ՝ Ֆ․ Գևորգյան։ Երրորդը՝ Հայ ֆեստ փառատոնում արժանացա երկրորդ մրցանակին։ Չորորդը՝  Ծաղկաձորում կայացած, Լեոնիդ Ենգիբարյանի «Աշունը պարում» միջազգային փառատոնն էր, որին մասնակցել եմ ինձ համար շատ կարևոր մարդու՝ Ժիրայր Դադասյանի խորհրդով, և ստացել գեղեցիկ մրցանակ:

Citylife.am – Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք:

Գեղամ – Այժմ զբաղված եմ պարային պլաստիկ ներկայացման մեջ որպես դերասան պարող։ Մեծ պարտավորություն եմ կրում ստանձնածս դերը լավագույնս ներկայացնելու համար, քանի որ կերպարը բավականին լուրջ խորը հոգեբանություն ունի։ Ներկայացման ռեժիսորը իմ շատ լավ ընկեր Սաթեն Վարդանյանն է, և շատ ուրախ եմ, որ ինձ վստահեց այդ կերպարը։ Ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնենք մարտին: Առաջ Աստված։ Այս պահին համատեղ քննարկվում է նույնպես երկու կարևոր ներկայացում՝ մի փոքր ուրիշ ֆորմատում։ Այդ դեպքում կհանդիսանամ որպես ռեժիսոր։ Առաջիկայում պատրաստում եմ նաև “Սալոմե” պիեսի բեմադրությունը, որտեղ պլաստիկան ու խոսքը փորձել եմ միաձուլել իրար: Հուսով եմ` հետաքրքիր արդյունք ենք ունենալու: Ստեղծագործությանը տրված է միանգամայն նոր մոտեցում: Օսկար Ուայլդի պիեսը կոմպակտացրել, իմի է բերել և մոնոպիեսի վերածել արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը, ով, տաղանդավոր լինելուց բացի, նաև իմ մտերիմ ու հարազատ ընկերն է, ում շատ շնորհակալ եմ և հպարտ եմ, որ աշխատեցինք միասին:

Citylife.am -Շնորհակալ եմ, Գեղա՛մ, հետաքրքիր հարցազրույցի համար: Citylife.am-ը մաղթում է Ձեզ նորանոր հաջողություններ և միջազգային ձեռքբերումներ:

Հարցազրույցը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/