Տեառնընդառաջին Citylife.am-ը զրուցեց Ս.Սարգիս եկեղեցու Առաջնորդանիստ Տեր Եսայի Քահանա Արթենյանի հետ։
Citylife am- Ո՞րն է Տեառնընդառաջի կամ Տրնդեզի խորհուրդը Առաքելական եկեղեցու հետևորդների և հեթանոս հայերի համար։
Տեր Եսայի- Տեառնընդառաջի խորհուրդը բացառապես քրիստոնեական է, և ոչ մի կապ չունի հեթանոսության հետ։ Այն ներկայացնում է քառասնօրյա մանուկ Քրիստոսի տաճարին ընծայումը՝ ըստ մովսիսիական օրենքի։ Խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է՝ հոգևոր իմաստով։ Հեթանոսական ծեսի հետ նույնացվում է կրակի արարողությունը, որը սակայն կրկին աղճատված պատկերացում է։ Կրակը կրոնական պատկանելություն չունի, այն տարբեր կրոններում տարբեր ծիսական նշանակություն ունի: Եթե հեթանոսներն այն պաշտում են, ապա մենք՝ քրիստոնյաներս, այն բերում ենք ծառայեցնելու Աստծուն՝ դրա մեջ տեսնելով հոգևոր լույսի խորհուրդը։Citylife.am- Սովորաբար հայերն այդ տոնը նշում են փետրվարի 13-ին, բայց այն, ինչպես նշված է Աստվածաշնչում, պետք է տոնեն 14-ին՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո: Ի՞նչն է պատճառը, որ շատերը այն սխալ են նշում:
Տեր Եսայի– Երբ մարդիկ հարցնում են, թե երբ է Տեառնընդառաջը և լսում պատասխանը՝ փետրվարի 14-ին, զարմանում են՝ արձագանքելով, թե արդյո՞ք օրն այս տարի փոխվել է։ Իրականում տոնի օրը չի կարող փոխվել, և Հայ Առաքելական եկեղեցին այն միշտ տոնում է անխախտ՝ փետրվարի 14-ին։ Այս հարցում մարդկանց շփոթության մեջ է գցում Տեառնընդառաջի խարույկը, որը վառվում է փետրվարի 13-ի երեկոյան։ Բանն այն է, որ եկեղեցական կարգի համաձայն օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Հետևաբար, փետրվարի 13-ի երեկոյան, ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն՝ Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Citylife.am- Մենք քրիստոնյա ազգ ենք, և կրակապաշտությունը մեզ համար արգելված կրոն է, սակայն Տրնդեզն ամբողջապես ասոցացվում է խարույկ վառելու և դրա վրայից ցատկելու հետ։ Կխնդրեի պարզաբանել, թե ինչի՞ հետ է դա կապված:
Տեր Եսայի– Եկեղեցին չի խրախուսում խարույկի հետ կապված գուշակություններ անելը, իսկ դրա վրայից ցատկելը խորհրդանշում է, որ կրակն Աստված չէ։ Խարույկը պարզապես ժողովրդական սովորույթ է, որն իմաստ ունի, եթե ընկալում ենք բուն տոնի հոգևոր խորհուրդը։ Կրակ վառելը դեռ չի նշանակում հեթանոսություն։
Citylife.am- Ո՞րն է կրակի շուրջ 7 պտույտ կատարելու նախապատվությունը, և ինչու՞ առաջինը հենց տան մեծը պետք է ցատկի կրակի վրայից:
Տեր Եսայի– Տան մեծը միշտ ունի նախաձեռնող դերակատարություն, իսկ 7 պտույտը հոգևոր իմաստով ոչ մի իմաստ չունի։ Citylife.am- Ասում են, որ այդ կրակով պետք է այրել հագուստի որևէ հատվածը, սակայն ոչ բոլորը գիտեն դրա խորհուրդը։ Ի՞նչ գաղափար է ընկած այդ ամենի հիմքում։
Տեր Եսայի– Պարզապես սնոտիապաշտության դրսևորում է, ինչը մերժելի է, քանի որ դրա հետ են կապում երջանիկ բախտ ունենալու պայմանը։ Citylife.am- Տոնի հիմնական ուտեստներն են փողինձը, հալվան, աղանձը և ադի-բուդին, որոնք դեռ հնուց են պահպանվել։ Այդ օրը գրեթե բոլորի տանը կարող ենք տեսնել այդ ուտեստները։ Ինչի՞ հետ է պայմանավորված հենց նման աղանդների լինելը:
Տեր Եսայի- Հին ժամանակից պահպանված ավանդույթ է, իսկ այդ աղանդերները մեր իրականության մեջ հիմնական անուշեղեններն էին, որոնք բաժանվում են հյուրերին։Citylife.am- Այնուամենայնիվ, այս տոնը մեզ հիշեցնում է, որ մենք ամբողջ կյանքում Տիրոջը ընդառաջ գնալու կարիք ունենք և պետք է քայլենք դեպի Աստված։ Ի՞նչ կավետեք այն մարդկանց, ովքեր դեռ չեն հասկացել տոնի խորհուրդը։
Տեր Եսայի- Տեառնընդառաջը Աստծո հետ հանդիպման և Տիրոջն ընդառաջ գնալու պայմանն է: Կարևորելով մեզ համար Աստծո ներկայությունը`մենք գալիս ենք Տաճար` մեր ուխտը նորոգելու, մեր հավատքը զորացնելու և արժանանալու Աստծո սիրուն, օրհնությանը և աստվածային խաղաղությանը, որոնք մեզ համար ոչ միայն պարզ պարգևներ են, այլև միջոց, պայման` առավել զորանալու հավատքի մեջ, առավել սիրելու և այդ խաղաղությունը, սերը, հավատքն ու հույսը վերապրելու ամեն օր։
Citylife.am- Շնորհակալ եմ, Տե՛ր Եսայի, տեղեկատվական զրույցի համար։
Հարցազրույցը ` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/