Ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով ու հուսով եմ, որ դա մարդկանց դուր կգա. Հակոբ Հակոբյան

Այս անգամ Citylife.am-ը հետաքրքիր զրույց ունեցավ դերասան, հաղորդավար և արդեն երգիչ Հակոբ Հակոբյանի հետ։ Նրա ստեղծագործական կարիերան բուռն կերպով է զարգանում, և մենք որոշ չափով տեղեկացանք նրա առաջիկա պլաների մասին։

Citylife.am- Դուք հանդես եք գալիս մի քանի բնագավառում՝ դերասան, հաղորդավար, ինչպես նաև երգիչ, սակայն ո՞ր մասնագիտությունն է Ձեզ ամենահոգեհարազատը։

Հակոբ- Այն, ինչ ես անում եմ, դա իմ սրտի ուզածն է: Դա այն է, առանց որի ես չկամ,  առանց որի անիմաստ կլիներ իմ կյանքում շատ բան։ Հետևաբար ես և’ հաղորդավարի, և’ դերասանի, հիմա նաև երգի ասպարեզում շատ հարմարավետ եմ ու անկեղծ, քանի որ ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով, ու հուսով, որ դա մարդկանց դուր կգա:Citylife.am- Ձեզ սկզբում ճանաչել ենք որպես դերասան, իսկ այսօր նաև այլ ասպարեզներում ենք տեսնում։ Ինչպե՞ս է արձագանքում հանրությունը այս փոփոխությանը:

Հակոբ– Եթե խոսքը սկզբի մասին է, ապա ես սկսել եմ իմ հեռուստատեսային կարիերան որպես հաղորդավար, և Հակոբ Հակոբյանը մարդկանց կողմից ճանաչվել է որպես Oops: Այնուհետև մի շարք հաղորդումներից հետո ես ներկայացա որպես դերասան: Դա իմ վաղեմի երազանքներից էր: Հանրությունը, հեռուստադիտողը ինձ տեսնելով, կարծում եմ խուճապի մեջ չի ընկնում, նրանցից ոմանք որպես դերասան և շատերն էլ որպես հաղորդավար են ճանաչում ինձ։ Վերջում էլ ավելացնում են, որ լավ եմ երգում, ինչն ինձ շատ է ուրախացնում, քանի որ երգելն էլ իմ թաքուն երազանքներից է, և իմ բոլոր երազանքներից առաջ ես հենց այդ մասին եմ երազել:

Citylife.am- Ի՞նչը հիմք դարձավ, որպեսզի համագործակցեք Արմեն Հովհաննիսյանի հետ, և կատարեք մեր հայրենասիրական երգերը` նոր մոտեցմամբ։

Հակոբ– «Ախպերս ու ես» երգը եղավ ճակատագրական այդ հարցում: Մարդիկ այնքան սիրեցին մեր կատարումը, որ չշարունակելն ուղղակի անխղճություն կլիներ: Մեկնաբանություններն այնքան լավն էին, որ պետք է շարունակեինք երգել, եթե դա հայ ազգին դուր է գալիս, եթե դա ոգեշնչում է հայ զինվորին, ապա ավելորդ է մտածել, թե էլ ինչու՞ և ինչպե՞ս: Այս առիթով մենք շատ ուրախ ենք: Ստացվում է այսպես, մենք երգում ենք, որովհետև մարդիկ այդպես են  ուզում:Citylife.am- <<Սոված խաղեր>> հաղոդումը, թերևս, մեծ դիտողականության է արժանացել հանրության կողմից։ Ինչու՞ որոշեցիք նման հաղորդում վարել։

Հակոբ– <Սոված խաղեր>-ը հաղորդում է, որն ինձ առաջակեց վարել Atv-ն: Դա իմ մտահաղացումը չէր: Ես շատ ուրախ եմ, որ այդ հաղորդումը հենց ես վարեցի, դա ինձ շատ բան տվեց, այնպես ինչպես ցանկացած հաղորդում իմ կյանքում: Հետևաբար ես շնորհակալ եմ կյանքից, ու ինձ տրված բոլոր հնարավորություններից:

Citylife.am- Ո՞րն էր հաղորդման բուն նպատակը՝ հանրային մարդուն տեսնել որպես խոհարա՞ր, թե՞…

Հակոբ- Հաղորդման նպատակն է ցույց տալ խոհանոցային նոր բաղադրատոմսեր, տեսնել հայտնի ու սիրված մարդկանց խոհանոցում, տեսնել թե ինչպես են նրանք տարբեր փորձությունների ենթարկվում, ու կարողանում են արդյո՞ք նրանք պատրաստել:

 Citylife.am- Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք և ո՞ր ուղղությամբ այն կլինի։

Հակոբ- Առաջիկայում երգելու ենք: Ես և Արմեն Հովհաննիսյանը պատրաստվում ենք մեր առաջին տեսահոլովակին:

Citylife.am- Ըստ Ձեզ, ի՞նչ է պետք արվեստագետին` իր հեռուստադիտողին հետաքրքիր լինելու համար։

Հակոբ– Իմ խորին համոզմամբ մարդուն, ով երևում է հեռուստատեսությամբ, անկեղծություն է պետք: Այդքանը բավական է, որ նրան կամ սիրեն և ընդունեն, կամ ոչ:

Citylife.am- Կա՞ որևէ դերասան, որի հետ կցանկանայիք նկարահանվել ֆիլմում։

Հակոբ- Շատ են դերասանները, որոնց հետ կցանկանայի նույն ֆիլմում նկարահանվել։ Նրանք շատ-շատ են, առանձնացնել չեմ կարող:

Citylife.am- Ի՞նչ ժանրի ֆիլմերի սիրահար է Հակոբ Հակոբյանը։

Հակոբ– Առհասարակ սիրում եմ դասական ֆիլմեր: Իմ ամենասիրելի կինոռեժիսորն է Ֆելինին: Սիրում եմ նրա բոլոր ֆիլմերը: Սիրում եմ նաև կատակերգություն և սարսափ ժանրերը:

Citylife.am- Շնորհակալ եմ, Հակո’բ, հետաքրքիր զրույցի համար։ 

Հարցազրույցը ` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/