Փետրվարի 11-ին նշվում է եկեղեցական տոներից մեկը՝ սիրո բարեխոսի տոնը` Սուրբ Սարգիսը, ով սիրահարների հովանավորն է և զույգերին հասցնում է իրենց նպատակներին: Այս գեղեցիկ տոնի հետ կապված Citylife.am-ը հարցազրույց ունեցավ հոգեբան Վիլեն Վարդանյանի հետ, ով էլ բացատրեց սիրո հոգեբանական նշանակությունը:
Citylife.am- Ի՞նչ է սերը, սիրահարվածությունը հոգեբանության տեսանկյունից:
Վիլեն– Սիրահարվածությունն ուսումնասիրվում է մարդու ուղեղում տեղի ունեցող որոշակի փոփոխությունների տեսանկյունից: Սիրահարված մարդու մոտ առկա դոպամին և նորէպինեֆրին նեյրո մեդիատորները սիրահարված մարդուն տալիս են էյֆորիայի զգացողություն, որը արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում տրամադրությունը, ինչպես նաև` ստեղծում ժամանկավոր կախվածության օջախներ: Աստիճանաբար նվազող սերատոնին հորմոնի քանակը արտահայտվում է սիրած մարդու նկատմամբ կախվածության սրմամբ: Մարդու ուղեղի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սիրահարված մարդկանց և թմրամոլների (հատկապես` կոկաին օգտագործողների) մոտ գերակտիվ են ուղեղի նույն կենտոնները:
Citylife.am- Ըստ որոշ ուսումնասիրություների` սիրահարվածության զգացումը մեր ուղեղում տևում է ընդամենը 3 տարի: Որքանո՞վ է ճիշտ այս վարկածը:
Վիլեն– Հորմոնների և ուղեղի տարբեր կենտրոնների ներգրավվածությունից ելնելով` սիրահարվածությունը բաժանվում է 3 փուլի: 3-րդ` կապվածության փուլում, նվազում են վերը նշված հորմոնների քանակը, հետևաբար կարելի է պնդել, որ հորմոնալ տեսանկյունից սիրահարվածությունը փոքր ինչ նահանջում է, սակայն չի կարելի ասել, որ այսպիսով սիրո զգացմունքը նահանջում է, քանի որ այս փուլում մարդկանց մոտ, սովորաբար, արդեն իսկ ձևավորվում են կայուն, ամուր հարաբերություններ սիրած էակի հետ: Citylife.am- Սեր և կապվածություն: Ինչպե՞ս տարանջատել այս երկուսը:
Վիլեն- Կան մի քանի ակնհայտ տարբերություններ: Օրինակ՝ սիրահարվածության դեպքում գերիշխում են անմնացորդ նվիրումն ու ազատությունը, իսկ կախվածության պարագայում` դիմացինին կառավարելու ցանկությունը և հոգեբանական մանիպուլացիա կիրառող անձի եսասիրությունը: Սիրահարվածության դեպքում երկու անձանց մոտ էգոն յուրովի նահանջում է, իսկ կախվածության դեպքում աճում է մանիպուլյատորի մոտ և գերճնշվում` մանիպուլացիայի ենթարկվողի մոտ:
Citylife.am- Կխնդրեի հղել Ձեր բարեմաղթանքը Սուրբ Սարգսի` սիրո բարեխոսի տոնի կապակցությամբ:
Վիլեն– Սիրեք և եղեք սիրված: Սերը ոչ միայն ամենանվիրական զգացմունքն է, այլ նաև ամենահաճելի և օգտակար կենսավիճակը մեր օրգանիզմի համար: Այն երկարացնում է մարդու կյանքը, օգնում պայքարել հիվանդությունների դեմ, դարձնում է ավելի երիտասարդ և ակտիվ, ավելացնում ինքնավստահությունը և բարելավում հոգեկան առողջությունը:
Citylife.am-ը նույնպես միանում է բոլոր բարեմաղթանքներին` ցանկանալով անսահման սեր և երջանկություն: Սիրեք և եղեք սիրված:
Հարցազրույցը՝ Լուիս Մարիայի /Citylife.am/