Սիրեք, սիրվեք, անխնա տվեք այն, ինչ կա ձեր հոգում, սրտում, մտքում. Լևս Դավթյան

Սիրո տոներին ընդառաջ Citylife.am-ը զրուցեց դերասան Լևս Դավթյանի հետ։ Փորձեցինք նրան ճանաչել սիրո տեսանկյունից և կարելի է ասել, որ դա մեզ հաջողվեց։

Citylife.am- Սուրբ Սարգի՞ս, թե՞ Սուրբ Վալենտին, որի կողմնակիցն եք Դուք և ո՞րն եք ավելի սիրով նշում։

Լևս– Մեր սերնդի մեջ ավելի շատ նստած է Սուրբ Վալենտինի օրը, բայց, իհարկե, ուրախ եմ, որ ունենք մեր տոնը և անշուշտ կողմնակից եմ դրան։Citylife.am- Ձեր կյանքի ընթացքում քանի՞ անգամ եք սիրահարվել և իսկապես սիրել։

Լևս- Թերևս կառանձնացնեմ առաջին սերս, բայց սիրահարվել ու սիրել միշտ էլ կարելի է։ Սերն էլ է շնչավոր. ծնվում է, մեռնում, նորից ծնվում։ Հանճարեղ զգացմունք է։

Citylife.am- Երբևէ փորձե՞լ եք աղի բլիթ ուտել , եթե այո, ապա ի՞նչ երազ եք տեսել։

Լևս- Այո’, փոքր տարիքում, բայց չեմ հիշում՝ ում եմ տեսել։

Citylife.am- Հիշեք ձեր կյանքի ընթացքում արած այն սիրո խոստովանությունը, որն ամենառոմանտիկն է եղել։

Լևս– Ես երբեք հատուկ խոստովանություն չեմ արել։ Իսկական սերը այն է, երբ ամենն ինքնաբերաբար է լինում, որ քայլելուց չես հասկանում թե ոնց, մեկ էլ բռնացնում ես մատներդ նրա մատների մեջ։Citylife.am- Ի՞նչ խենթ ու խելառ քայլերի եք պատրաստ` հանուն Ձեր սիրած էակի։

Լևս– Այդ հարցին ավելի գեղեցիկ ու համարձակ կպատասխանեի մի քանի տարի առաջ, իսկ հիմա՝ չգիտեմ։

Citylife.am- Հաճախ սեր խոստովանելը մարդկանց համար բարդ գործընթաց է համարվում։ Արդյոք Դուք հե՞շտ եք կարողանում խոստովանել այն զգացմունքը, որը տածում եք Ձեր դիմացինի հանդեպ։

Լևս- Ես միշտ անկեղծ եմ ու միշտ ասում եմ այն, ինչ զգում եմ կամ մտածում։ Դա երբեմն լավ է, երբեմն` վատ։

Citylife.am- Ինչպիսի՞ն պետք է լինի այն կինը, որը կարժանանա Ձեր սիրուն։

Լևս– Այնպիսին, ինչպիսին կա։ Citylife.am- Ըստ Ձեզ, կա՞ այնպիսի ֆիլմ, որը դիտելուց հետո մարդիկ ակամայից կփորձեն սիրահարվել։

Լևս– Ես մելոդրամա շատ քիչ եմ նայում, բայց վստահ եմ՝ կլինի։

Citylife.am- Եվ վերջում՝ ասեք Ձեր սրտի խոսքը բոլոր սիրահար զույգերին։

Լևս– Սիրեք, սիրվեք, անխնա տվեք այն, ինչ կա ձեր հոգում, սրտում, մտքում։ Սերը սահմաններ չի ճանաչում։ Չբանտարկեք, որ իսկականի համը զգաք։ Մի’ վախեցեք սիրել, սիրվել, թեկուզ վառվել։ Եվ ինչպես ասվում է Ֆորշի երգերից մեկում՝ <<Ազատության անունն է սեր>>։ Շնորհավոր բոլորիս տոնը, բոլորն էլ յուրովի իրենց սիրելու ձևն ունեն ։

Citylife.am- Շնորհակալ եմ, Լև’ս, հետաքրքիր զրույցի համար։

Citylife.am-ը նույնպես շնորհավորում է բոլոր սիրահարներին՝ մաղթելով անսպառ սեր և դիմացինին երջանկացնելու մեծ կարողություն։

Հարցազրույցը ` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/