Ընտանիքում պետք է լինի խաղաղություն. Արթուր Հակոբյան

Հայկական էստրադայի ամենատարբերվող ձայնը,  երբեմնի ամենախորհրդավոր կերպարը՝ Միստր X-ը, ով այսօր հադես է գալիս արդեն որպես Արթուր Հակոբյան, այժմ բնակվում և մասնագիտական գործունեությունն է շարունակում ԱՄՆ-ում: Citylife.am-ը  կապ հաստատեց և զրուցեց սիրելի երգչի հետ:

Citylife.am- Արթու՛ր, թերևս զրուցելով Ձեզ հետ՝  չեմ կարող չանդրադառնալ ԱՄՆ մեկնելու թեմային. ի՞նչը Ձեզ տարավ մեզանից:

Արթուր Հակոբյան- 2012-ին եկա՝ մենահամերգ ունեի: Համերգից հետո տարբեր գործնական առաջարկներ ստիպեցին նախատեսվածից երկար մնալ, իսկ հետո… ամիսները դարձան տարիներ…

Citylife.am-Քանի որ դեռ շատ ժամանակ չի անցել տոներից, պատմե՛ք նաև այս մասին. ի՞նչ է Ձեզ համար Ամանորը, ինչպե՞ս դիմավորեցիք, և ինչո՞վ է տարբերվում մեր հայկական նոր տարին այդտեղի՝ հեռուների, նոր տարուց:

Արթուր  Հակոբյան- Այս նոր տարին դիմավորել եմ ԱՄՆ-ի մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում: Չնայած այն հանգամանքին, որ դեռ չեմ կարողանում քայլել (ամիսներ առաջ Մոսկվայում ավտովթարի եմ ենթարկվել)`Վաշինգտոնի հանդիսատեսի հետ միասին հրաշալի դիմավորեցինք  նոր տարին: Առաջին անգամ էր երբ ձեռնափայտերի օգնությամբ էի բեմ բարձրանում, բեմում հարմարեցված գեղեցիկ աթոռ կար  որի վրա նստած երգում էի: Ինչ վերաբերում է նոր  տարի երևույթին, դիմավորելու ձևերին, տրամադրությանը, ապա ինձ միշտ էլ դուր է եկել և  հարազատ է  Հայաստանի նոր տարին. թեկուզ այն նախապատրաստական աշխատանքերը, երբ խանութներում բոլորը շտապում են րոպե առաջ վերջացնել գնումները, որպեսզի  24.00–ին տանը` սեղանի շուրջ, ընտանիքի հետ  դիմավորեն Ամանորը: Իսկ այստեղ ավելի շուքով տոնում են դեկտեմբերի 25-ը՝ ծննդյան տոները:

Citylife.am- Խոսեցինք Ամանորից, որն ընտանեկան տոն է, և այդ ընտանիք բառից հարց առաջացավ՝ Դուք արդեն ամուսին եք և ընտանիքի գլուխ. ի՞նչ է պետք ընտանեկան ներդաշնակ հարաբերությունների համար, ի՞նչ եք Դուք բացահայտել:

Արթուր Հակոբյան- Ընտանիքում պետք է լինի խաղաղություն… բացահայտել եմ որ մեծանում եմJ)))))

Citylife.am- Եթե կյանքը փոխելու հնարավորություն լիներ կամ ասենք <<ոսկե ձկնիկ>> բռնեիք, ի՞նչ կցանկանայիք Ձեր կամ Ձեր մտերիմների համար:

Արթուր  Հակոբյան- Կուզեի որ հայրս ողջ լիներ…

Citylife.am- Արթու՛ր, պատկերացնենք, որ Դուք երգիչ չեք,  այդ դեպքում որտե՞ղ կլինեիք այժմ և ի՞նչ մասնագիտություն կունենայիք:

Արթուր  Հակոբյան- Եթե երգիչ չլինեի, կցանկանայի ֆիլմ նկարել. կինոռեժիսիոր կլինեյի:

Citylife.am- Արթու՛ր, կհիշե՞ք Ձեր կյանքի բեկումնային օրերը, որոնք փոխեցին Ձեր կյանքը:

Արթուր Հակոբյան- 1995-ին, երբ առաջին անգամ մտա Արձագանք ստուդիա, առաջին գործիքավորում, առաջին ձայնագրություն… այդտեղից փոխվեց ամեն ինչ:

Citylife.am- Արթու՛ր, արդեն  մտել ենք 2017թ. ի՞նչ մասնագիտական պլաններ կան այս տարի՝ համերգներ, տեսահոլովակներ, գուցե համերգ Հայաստանում:

Արթուր Հակոբյան- Լոս Անջելեսում պլանավորում եմ մենահամերգ, շատ եմ ուզում նաև Հայաստանում հանդես գալ մենահամերգով: Երկու տեսահոլովակ էլ կնկարահանենք՝ մեկը իտալերեն, մյուսը հայերեն:

Citylife.am- Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք այս տարի Ձեր երկրպագուներին և, առհասարակ, հայ ժողովրդին:

Արթուր Հակոբյան- Կյանքում ամեն ինչ սկսվում է երազելուց, երազներից,  ես բոլորին մաղթում եմ բազմաթիվ երազանքներ և ուժ ու հավատ դրանց իրականացմանը հասնելու համար:

Citylife.am- Շնորհակալ եմ, թո՛ղ Ձեր երազանքներն էլ իրականանան:

Հարցազրույցը` Լիլիթ Հակոբյանի /Citylife.am/

Լիլիթ Հակոբյան