
Այս անգամ Citylife.am -ը զրուցել է «Շանթ» հեռուստաալիքով ցուցադրվող «Փոխնակ մայրը» սերիալում Քրիստինային մարմնավորող Թամարա Գևորգյանի հետ:
Citylife.am – Դերասանուհի դառնալը երազա՞նք էր , թե՞ ճակատագրի հերթական խաղ:
Թամարա – Դա այն հարցերից է, որ երբեք չեմ կարողացել պատասխանել: Նույնիսկ թատերական ինստիտուտի առաջին կուրսում պարոն Ծատուրյանը մեզ հանձնարարեց գրել շարադրություն «Ինչպե՞ս որոշեցի դառնալ դերասան» վերնագրով: Ես անկեղծ չկարողացա գրել, որովհետև այդ միտքը ինձ մոտ միշտ եղել է. ես ծնվել եմ, մեծացել և հենց գիտակցությունս ներել է, որ մտածեմ՝ ինչ եմ ուզում դառնալ, ես որոշել եմ, որ պետք է դառնամ դերասանուհի, ու դարձել եմ:
Citylife.am – Թամարա՛, ես տեղյակ եմ, որ ուսանողական տարիներին Նիկոլայ Ծատուրյանը իր ուսանողներին արգելել է նկարահանվել հեռուստասերիալներում: Այդ արգելքը ինչքանո՞վ է օգնել և խանգարել Ձեզ:
Թամարա – Սկզբում դա ամբողջ կուրսի համար ըմբոստանալու թեմա էր դարձել, մտածում էինք ինչու՞ են մյուս կուրսերի ուսանողները խաղում, ինչու՞ մնացած վարպետները չեն արգելում: Հիմա եմ հասկանում, որ շատ ճիշտ է եղել, եթե շուտ մտնեինք այս ասպարեզ, շատ բան չէինք հասկանա, չէինք սովորի , չէինք ունենա այն վերաբերմունքը մասնագիտության հանդեպ, ինչն ունենք հիմա: Հիմա չեմ ձուլվում ու խճճվում, հասկանում եմ՝ ով է լավ խաղում, ով վատ: 

Citylife.am – Ինչպե՞ս եք վերաբերվում առանց դերասանական կրթության դերասաններին:
Թամարա – Կան դերասանական ստուդիաներ, որոնք դերասաններ են տալիս, բայց ես բժշկական համալսարանն ավարտած բժշկին ավելի կվստահեմ, քան բժշկական քոլեջն ավարտածին: Ինձ ջղայնացնում է այդ փաստը, ես խանդում եմ իմ մասնագիտությանը, ես վատ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր չունեն կրթություն, բայց զբաղվում են իմ մասնագիտությամբ, նրանք իմ գործն էլ են դժվարացնում , բայց նաև ասեմ, որ կան մարդիկ, ովքեր չունեն կրթութուն, բայց ունեն տաղանդ, և ժամանակի ընթացքում մասնագիտանում են:
Citylife.am- Որքանո՞վ եք սկզբունքային դերեր ընտրելու հարցում. ի՞նչ չափորոշիչների եք առաջին հերթին ուշադրություն դարձնում:
Թամարա– Ինձ համար չկան մեծ-փոքր դերեր, կան լավ ու վատ դերեր, կան դերեր, որ չունեն խմորիչ, որ կարողանաս մարդ սարքես: Սկզբունքային եմ այնքանով, որ կերպարս ունենա գծեր սցենարիստի կողմից տված, որ ես կարողանամ դրանից մարդկային տեսակ սարքեմ: Դերասանական առումով սկզբունքներ չունեմ, կխաղամ տարբեր դերեր, թեկուզ բաց տեսարաններ, եթե իմանամ, որ դա արդարացված է, ու ռեժիսորի կապրիզը չէ: Նաև կարևոր է, թե որ շուկան է ինձ առաջարկում տվյալ դերը: 

Citylife.am – Ո՞րն է այն երազանքների դերը, որը շատ եք ցանկանում խաղալ:
Թամարա – Չգիտեմ ինչու, ես միշտ ցանկացել եմ կերտել «Տրոյական Հեղինեի» կերպարը: Երևի տեսակով նման ենք:
Citylife.am – Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հեռուստադիտողն ու հանդիսատեսը Թամարա Գևորգյանից:
Թամարա – Հեռուստադիտողին այս պահի դրությամբ ոչինչ խոստանալ չեմ կարող, նպատակներ շատ կան, բայց դեռ հաստատված ծրագրեր չկան, իսկ թատրոնի հանդիսատեսին շատ եմ կարոտել: Ինքս ինձանից ակնկալում եմ վերադառնալ և նորից հայտնվել թատրոնի բեմում:
Citylife.am – Թամարա՛, ինչու՞ անավարտ թողեցիք թատրոնի կարիերան. չէ՞ որ Դուք թատրոնում վերելքներ ունեցել եք, և ինչպես Դուք եք ասում՝ <<Ձեր սիրտը թատրոնում է>>:
Թամարա Ուսանողական տարիներին խաղում էի ուսանողական ներկայացումներում, բայց ինստիտուտն ավարտելուց հետո, աշխատանք էր պետք գումար վաստակելու համար, և այդպես, թատրոնի համը զգալով, սկսվեց իմ սերիալային ոլորտի աշխատանքը ,որից ես գոհ եմ: Դա էլ իմ մասնագիտության մի մասն է, բայց եթե ես ունենամ հնարավորություն ընտրելու, ես միանշանակ միայն թատրոնում կաշխատեմ: Սպասում եմ առաջարկների, նորությունների: Հույս ունեմ, որ երկար բեմում չլինելուց հետո, երբ վերադառնամ, ավելի լավ կխաղամ: 

Citylife.am – Թամարա՛, վերջերս համացանցում տեղադրել եք Ձեր և Ձեր ընկերոջ լուսանկարները և նշել եք, որ հարաբերությունների մեջ եք Տիգրանի հետ : Դեռ չեք խոսել այս թեմայով և չեք մանրամասնել. ամեն դեպքում Ձեզ հետևողներին հետաքրքրում է Ձեր անձնական կյանքի մանրամասները: Կպատմե՞ք մի փոքր Ձեր ընտրյալի մասին, նա նույնպե՞ս այս ոլորտից է, թե՞ ոչ:
Թամարա – Այո՛ , Տիգրանն իմ ընտրյալն է, ընդանհրապես կապ չունի իմ մասնագիտության հետ, ունի Production, որը կոչվում է «Marley production», որը զբաղվում է փայտյա իրերի դիզայնով և արտադրությամբ: Մի խոսքով, նա ընդհանրապես կապ չունի իմ բնագավառի հետ, բայց լավ է վերաբերվում իմ մասնագիտությանը և ոչ մի արգելք չի դնում իմ առջև:

Բլից հարցեր ՝
Citylife.am – Ծննդավայրը:
Թամարա – Արթիկ քաղաք:
Citylife.am – Ամենասիրած վայրը:
Թամարա – Տունը:
Citylife.am – Ամենասիրած ուտեստը:
Թամարա – Ոլոռով ճաշ:
Citylife.am- Մանկության ամենավառ հիշողությունը:
Թամարա – Գունավոր բրինձիկներ՝ ցելաֆանով փաթաթած:

Citylife.am – Առաջին սեր:
Թամարա – Եղել է:
Citylife.am – Կցանկանայի , որ…
Թամարա – Սահմանին խաղաղություն լինի:
Citylife.am – Ձեր դերն այս կյանքում:
Թամարա – Հենց գտնեմ՝ Ձեզ կասեմ:
Citylife.am – Հաջողության գրավականը:
Թամարա – Ազնվությունը
Citylife.am – Ամենամեծ երազանքը:
Թամարա – Օրենք լինի, որ ամեն ընտանիք մեկ երեխա պարտադիր որդեգրի. այդ դեպքում ոչ մի երեխա մանկատանը չի լինի:
Citylife.am – Մարդ, ով փոխեց Ձեզ:
Թամարա -Իմ ամենահարազատ ընկերը՝ Լևոն Հարությունյանը: 

Citylife.am -Շնորհակալ եմ, Թամարա ՛, ծավալուն զրույցի համար:
Հարցազրույցը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/
